Գոյության տարածք. Ալլան

Լուսանկարը՝ Քնար Բաբայան

Տեղահանությունից հետո Ալլա Արզումանյանն իր քիմքին ծանոթ խաշիլ ու կուրկուտ Երևանում չգտավ։ Ու մինչև իր՝ ավելի «օֆիցիալ» գործերը կկարգավորեր, որոշեց ինքն անձամբ զբաղվել արցախյան խոհանոցի՝ իրեն ծանոթ համերով։

«Խաշիլը բոված ցորենն ա, աղում ենք, մանրացնում՝ թեփից քիչ մեծ, եփում ենք, հետո մեջտեղը փոս ենք անում, լցնում բոված սոխը յուղի հետ ու կողքերքը չորաթանի թան լցնում, դե հիմա չորաթանի թան դժվար ա ճարվում, մածուն ենք լցնում։ Ինքը նախաճաշ ա, շուտ մարսվում ա, շուտ էլ սովածանում ես։ Միշտ ասում ենք՝ խաշիլ ենք ուտում, որ շուտ սովածանանք»,- խաշիլի պատրաստման բոլոր մանրամասնություններն ու ձևերը Ալլան պատմում է խոհանոցից դուրս, ձեռքին պատվեր չունի, հիմա պատրաստել չի կարող, բայց փորձում է ձեռքերի շարժումներով ու բառերով՝ կյանքում խաշիլ երբեք չկերածին փոխանցել դրա հոտը, տեսքն ու համը։

Ալլա Արզումանյանն իրեն ասկերանցի է համարում, չնայած ծնվել է Բաքվում։ Նրա կարիերան որպես իսկական բիզնես-լեդի սկսվել է դեռ 1987-ին, երբ երկիրն էր այլ, բանկերն ու վարկերն էին այլ։ Խորհրդային Միության տարիներին ընկերների հետ կոոպերատիվ բիզնես վարկ է վերցրել ու Ասկերանում բացել առաջին ոչ պետական սրճարանը, անունն էլ՝ «Ծիածան»։ 

Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո մի քանի տարի սրճարանը չի աշխատել, հետո՝ 1997-ին, երբ արդեն այլ պետություն էր, այլ պայմաններ ու իրավիճակ, Ալլան իր երկու գործընկերներից գնում է սրճարանի նրանց մասնաբաժինը, սրճարանի կողքի հին տունը, վաճառում Ասկերանի կենտրոնի իր բնակարանը։ Ու սրճարանը դառնում է տուն։ «1997-ից սրճարանին ոչ օֆիցիալ «Մայրիկ» անունը տվեցինք, ու այն դարձավ այցեքարտ»,- պատմում է Ալլան ու խախտում ժամանակագրությունը, մե՛կ պատմում է խաշիլի մասին, մե՛կ վերադառնում հեռավոր 90-ականներ։

Նախքան տեղահանվելը Ալլան «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ ուներ։ Ասկերանից Երևան Ալլա Արզումանյանի այդ ՀԿ-ն դարձավ «Ասկերանցիներ. համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ, բայց սա՝ միայն փաստաթղթերով: Երևանը չփոխեց կենտրոնի գործունեությունն ու ուղղվածությունը,  այն տարբեր ծրագրերով օգնում է կանանց։ 

«Որ գալիս ես, իրականությանը բախվում, ուղեղդ սկսում ա ավելի հստակ աշխատել, ու Աստված քեզ ճանապարհ ա ցույց տալիս, մտածում ես՝ փրկվել ենք, որ կործանվենք ստե՞ղ, գանք Հայաստանո՞ւմ կործանվենք, հենա իմ տան մեջ, իմ հողում կկործանվեի, պատվով կմեռնեի»,- Ալլան պատմում է Ասկերանից Երևան հասնելու առաջին՝ ամենածանր օրերի մասին։ 

Դրանք, ասում է, կյանքի ու մահվան, խելագարության հասնելու չափ դժվար օրեր են եղել, բայց հաղթել է կյանքը, որովհետև այն քաղցր է՝ անկախ ամեն ինչից։

«Օրինակ՝ մեր խմբում մի կին կա, էդ պայթյունի հետևանքով (սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստի – խմբ.) ինքը որդուն էլ ա կորցրել, ամուսնուն էլ, սենց նայում եմ, ասում եմ՝ բա որ ե՞ս լինեի իր տեղը։ Իմ ընտանիքից, փառք Աստծո, ոչ մեկը չի զոհվել, ոչ մի դժբախտություն չի եղել, մենք մեր մարմինը վերցրել, դուրս ենք եկել, փրկվել ենք։ Ուրեմն  Աստված մի հնարավորություն ա տվել, մնացածը դու պիտի անես։ Փրկվել ես, ուրեմն պարտավոր ես ապրել»,- ասում է Ալլան։

Առաջին դժվար օրերն անցնելուց հետո Ալլան նախ հասկացել է, որ գործը պիտի շարունակի։ Ասում է՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամն իր կազմակերպությանը դեռ մինչև տեղահանությունն էր ֆինանսավորել՝ կանանց ծրագրերին աջակցելու համար։ Երևան հասնելուց հետո հիմնադրամից իրեն գտել են, առաջարկել վերաձևակերպել ծրագիրն ու շարունակել արդեն Ասկերանից հեռու Երևանում։

«Դե անունով հո չի, Ստեփանակերտի կանայք էլ են դիմում, այլ վաերից էլ։ Հոգեբաններ են աջակցում արցախցի կանանց, խոսում-հանդիպում։ Այսօր միայն տարածքի խնդիր ունենք, ամեն անգամ հանդիպումները տարբեր տեղերում ենք կազմակերպում։ Ասկերանում լավ էր, տունն իմն էր, տարածքն էլ՝ հետը»,- իր լեզվով ասած՝ օֆիցիալ գործի մանրամասներն է պատմում Ալլան ու շարունակում նորից խոսել համերի մասին։ 

Ասում է՝ մինչև ծրագիրը նորից կհաստատեին, տեղում հանգիստ չնստեց։ Սկսեց կուրկուտ էլ պատրաստել։

«Կուրկուտն էլի նույն ցորենն ա, ուղղակի մենք օգտագործում են կարմրահատ ցորենը։ Ինքը ծեծած, ջարդած, ոչ թե մանրացրած, այլ ճզմած ցորենն ա։ Հիմնականում խոզի փափուկ, շատ ճարպոտ մսի հետ եփած, հարիսայի ղարաբաղյան տեսակն ա, էլի»,- Ալլան ասում է, որ փնտրել ու գտել է կարմրահատ ցորեն։ Սուտ թե ճիշտ, վաճառողն ասել է, որ սերմն Արցախից է։

Առաջին փոխինձը՝ խաշիլի ու կուրկուտի «հումքը» Ալլան իր ֆեյսբուքյան գրառման միջոցով է վաճառել։ Հիմնական գնորդները դեռ արցախցիներն են, նրանք, որոնց ծանոթ է ցորենի՝ տարբեր ձևերով պատրաստված այս ուտելիքների համը։ 

Ալլան հիմա դիմել է Հայկական բարեգործական ընդհանուր միության մի ծրագրի, սպասում է պատասխանի։ Եթե հաջողվի, ծրագիրը կօգնի, որ տնական խաշիլն ու կուրկուտը արտադրական փաթեթավորում ստանան, «մտնեն» շուկա։

«Ուզում ենք միայն ղարաբաղցու համար չպատրաստել։ Փաթեթավորում ա պետք, որ պրոդուկտի հետ գնորդին ծանոթացնես։ Խանութում դրված լինի, վրան պատրաստման ձևը՝ մանրամասն նկարագրված, որ անգամ օտարերկրացին հասկանա՝ ապրանքը տուն տանելիս ինչ համ է զգալու»։

Ու քանի դեռ պատասխան չի ստացել, Ալլան անգլերեն է պարապում, ասում է՝ եթե ուզում ես միջազգային շուկա դուրս գալ, պիտի լեզու իմանաս։

Դժվարություն կա լեզուն սովորելուց, ասում է՝ տարիքից է, բայց կամքն ու ստեղծագործելու ցանկությունն ավելի համառ են։ 

Կստացվի։ 

Վստահ է։

Անի Մինասյան

MediaLab.am