«Առաջին հերթին սպասվում է ընտրակաշառքի պայքար, որովհետև ՀՀԿ մրցակից ուժերը չկարողացան ինչ-որ գրավիչ բովանդակություն ներկայացնել հասարակությանը». Արմեն Բադալյան

«Առաջին հերթին սպասվում է ընտրակաշառքի պայքար, որովհետև ՀՀԿ  մրցակից ուժերը չկարողացան ինչ-որ գրավիչ բովանդակություն ներկայացնել հասարակությանը». Արմեն Բադալյան
«Առաջին հերթին սպասվում է ընտրակաշառքի պայքար, որովհետև ՀՀԿ մրցակից ուժերը չկարողացան ինչ-որ գրավիչ բովանդակություն ներկայացնել հասարակությանը». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, արդեն հայտնի է, թե որ կուսակցություններն ու դաշինքներն են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս պատկերը ի՞նչ է հուշում, ի՞նչ պայքար է սպասվում: Արդեն իսկ տեղեկություններ կան, որ մեծ չափի ընտրակաշառք է բաժանավելու:

-Հենց առաջին հերթին սպասվում է ընտրակաշառքի պայքար, որովհետև Հանրապետական կուսակցության մրցակից ուժերը չկարողացան ինչ-որ գրավիչ բովանդակություն ներկայացնել հասարակությանը և իրենց հիմնական շեշտադրումները դրեցին դաշինքներ ձևավորելու գործընթացի վրա, որն ընտրական գործըթնացում թիվ մեկ խնդիրը չէր: Բայց նրանք առաջին հերթին գնացին գլխաքանակ լրացնելու սկզբունքով, երբ առաջին հերթին դաշինքների վրա ուշադրություն դարձրեցին: Դա արդեն հանգեցրել է այն բանի, որ ըստ մեր դիտարկումների՝ հասարակության մոտ ընտրական գործընթացի բովանդակային կամ ծրագրային կողմի նկատմամբ հետաքրքրությունը բավական թուլացել է, եթե չասենք, որ ընդհանրապես մարել է:

Եվ որպես դրան փոխհատուցում՝ բավական ուժեղացել է հետաքրքրությունը ընտրակաշառքների նկատամամբ: Հետևաբար, ընտրակաշառքի գինը բավական մեծացել է՝ կապված այդ վարկանիշային, այսինքն՝ ռեյտինգային քվեարկության հետ, որովհետև այդ վարկանիշային ցուցակի ՀՀԿ-ական գործիչները պայքարելու են ոչ միայն մրցակից կուսակցությունների գործիչների դեմ, այլ իրենք իրար մեջ էլ են պայքարելու:

Եվ հաշվի առնելով այն փաստը, որ նրանցից մի քանիսը բավական հայտնի են որպես գումար բաժանողներ, այդ պայքարը դառնալու է ընտրակաշառքներ բաժանելու պայքար: Եվ ըստ այդմ էլ բավական բարձրացել է ընտրակաշառքի գինը: Որոշ լուրերի համաձայն՝ ընտրակաշառքը հասել է մեկ քվեի դիմաց 30-50 հազար դրամի:

-Նաև կանխատեսումներ կան, որ կարող է ռեյտինգային ընտրակարգով իրար դեմ պայքարող հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների միջև միջադեպեր լինեն: Դուք դա հավանական համարո՞ւմ եք:

-Իհարկե, դա հնարավոր է: Բայց ոչ մի բանի դա չի հանգեցնի, որովհետև վերևից այդ բոլոր բախումներն ուղղակի ծածկադմփոց կանեն, եթե դա վերաբերում է ՀՀԿ թեկնածուներին: Իսկ եթե այլ կուսակցության թեկնածուների միջև դա լինի, ըստ այդմ կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն: Բայց որ բախումներ կարող են լինել, չի բացառվում:

-Սահմանադրության փոփոխությունից հետո իշխանությունների կողմից միշտ խոսվում էր այն մասին, որ այս ընտրությունները նոր որակի են լինելու, փոփոխություն են բերելու երկրում: Բայց կարծես թե փոփոխություն տեսանելի չէ, հանրությունը չսպասի՞ փոփոխության:

-Ոչ, պետք չէ սպասել, որովհետև այս քարոզարշավը, որը մեկնարկելու է մարտի 5-ին և ավարտվելու է մարտի 31-ին, այդ ժամանակաշրջանը չի տրվում նրա համար, որ քաղաքական ուժերը ինչ-որ նոր գաղափարներ ու բովանդակություն ներկայացնեն հասարակությանը և դրանով գրավիչ դարձնեն իրենց հասարակության մոտ: Դա տրվում է նրա համար, որ նախկինում քո արածը կարողանաս այդ քարոզարշավի միջոցով որպես հաշվետվություն ներկայացնել հասարակությանը: Եթե դու նախկին հինգ տարիների ընթացքում ոչինչ չես արել, որակապես որևէ բան չես փոխել, ապա բնական է, որ դու չես կարող ոչինչ ներկայացնել, որակական քարոզաարշավ չես կարող տանել: Եվ ըստ այդմ էլ որակական գրավչություն չես կարող  ապահովել, նոր որակի հայտ չես կարող ներկայացնել: Այդ պատճառով կլինի սովորական ընտրարաշավ: Իհարկե, ընտրարշավը կլինի ընտրակաշառքի ավելի բարձր գներով, սակայն որակական փոփոխություն նախորդ գործընթացի նկատմամբ չի լինի:

-Իսկ ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներն ու ծրագրային դրույթները նույնպե՞ս փոփոխությունների հույսեր չեն արթնացնում: 

-Բարցարձակ հույս չեն տալիս, որովհետև այդ ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունն արդեն բավական թուլացավ, երբ քաղաքական ուժերը  ընտրական գործընթացի բովանդակային մասին ուշադրություն դարձնելու փոխարեն դաշինքների վրա ուշադրություն դարձրեցին: Իսկ դա արդեն իր հետքը թողել է: Սա բավական թույլ բովանդակությամբ ընտրական գործընթաց է լինելու, ինչը ձեռնտու է իշխանությանը, որովհետև ինչքան թույլ լինի բովանդակային մասը, այնքան ավելի բարձր է լինելու հետաքրքրությունն ընտրակաշառքի նկատմամբ: Իսկ իշխող քաղաքական ուժը միակ ուժն է, որն ընտրակաշառք բաժանելու հարուստ փորձ և բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի:
Ինչ վերաբերում է կարգախոսներին, այդ հարցը շատ է քննարկվում, բայց կարգախոսի ընտրությունը մեզ ոչինչ չի տալու: Դու կարող ես գերազանց կարգախոս ընտրել, դա այդքան էլ բարդ չէ, որովհետև հենց ինտերնետում կարող ես այդ տեղեկությունը գտնել: Հարցը կարգախոսը չէ, կարգախոսը քո ընտրական կոմպանիայի, այսպես ասած, սեղմված, երկու բառով արտահայտությունն է: Եթե դու ընտրական կոմպանիա չունես, բայց ունես թեկուզ գեղեցիկ կարգախոս, միևնույն է, դա քեզ ոչինչ չի տալու:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am