Կին լրագրողներն աշխատում են թշնամական, սեքսիստական, թիրախավորման, խտրականության ծանր մթնոլորտում. Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, երեկ խորհրդարանում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մեր գործընկեր Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է պաշտոնյային ոչ բնորոշ վարք, այսօր էլ, երբ ընդդիմադիր գործընկերները անդրադարձել են այդ դեպքին, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ինքը չի վիրավորել լրագրողին, ուստի չի էլ պատրաստվում ներողություն խնդրել: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը:

– Սկսենք նրանից, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծն առաջին անգամ չէ, որ «փայլատակել» է: Այլ համատեքստում դեռևս մի քանի տարի առաջ Արփինե Հովհաննիսյանի հետ կապված հեռակա բանավեճի ժամանակ, երբ դարձյալ իրեն թույլ տվեց թիրախավորող արտահայտություններ, ասելով, թե «իր մայրիկի ու անհայտ հայրիկի անունների մասին կարող է խոսել առանց փաստերի»: Այս հայտարարությունը մնաց անարձագանք, որևէ կերպ որևէ մարմնում՝ կլինի որևէ վարչություն, ԱԺ էթիկայի հանձնաժողով, չքննվեց: 

Դրանից հետո տեղի ունեցավ լրագրող Անի Գևորգյանի դեպքը, երբ նա ցուցեց լրագրողին գնալ վարսավիրանոց, երբ լրագրողն ընդամենը հարց էր տալիս: Նույն Հռիփսիմե Ջեբեջյանի հետ եղել է  մի քանի ամիս առաջ փաստացի այդպիսի խոսակցություն, դարձյալ կապված ընտանեկան հարցերի հետ, թե արդյոք ամուսնացա՞ծ է, ամուսնացած չէ, երեխաները տղա՞ են, աղջիկ են, ամուսինը տղա՞ է, աղջի՞կ է: Նման ոչ պատշաճ ու պատեհ խոսակցություն, որոնք ունեն խտրականության, ամբարտավանության ու սեքսիստական մոտեցման հիմք: 

Ամենացավալին այն է, որ նմանատիպ դրսևորումների նկատմամբ իրապես զգայուն չէ պետական համակարգը՝ ի դեմս նախևառաջ Ազգային ժողովի, իհարկե լավ է, որ այսօր գոնե ընդդիմադիրները փորձեցին խոսել այդ մասին, նախկինում ընդհանրապես չէին խոսում, բայց, այնուամենայնիվ, հանրությունն այնքան էլ զգայուն չէ նմանատիպ խնդիրների նկատմամբ, ու տղամարդկանց սեքսիստական վարքը հավուր պատշաճի չի դատապարտվում: 

Վերջին գումարման խորհրդարաններում որևէ ձևով չի ձևավորվել էթիկայի հանձնաժողով, իսկ նման դեպքերը հենց այդ հանձնաժողովում քննվելու դեպքեր են, որպեսզի նախ պատշաճ գնահատականի արժանանան, երկրորդը՝ որևէ կերպ չկրկնվեն: Կոնկրետ անձը իմ նշած երեք դեպքով անցնում է, բայց ոչ մի քննություն չի եղել, այն պարագայում, երբ ունենք օրենքով ամրագրված մեխանիզմներ: 

Գլոբալ եթե նայենք, ապա կարող ենք տեսնել, որ մեզանում լրագրության մեջ կանանց թիրախավորելու ու նրանց դերի տեսանկյունից դա միշտ է եղել, նույնիսկ 2016 թվականին, երբ ոստիկանապետը թիրախավորեց լրագրողին՝ ասելով, որ նրա մեջ կին չի տեսնում, փոխանակ հարցին պատասխանի, վերջացրած իմ նշած բոլոր դեպքերը: 

Մենք թե նախկին, թե ներկա իշխանությունների պարագայում ունեցել ենք լրագրողական համայնքի բավական լուրջ թիրախավորում ու եթե հաշվի առնենք, որ լրագրողների 70 տոկոսից ավելին կանայք են, ուստի կարելի է ասել, որ կին լրագրողներն ընդհանուր առմամբ աշխատում են թշնամական, սեքսիստական ու թիրախավորման, խտրականության բավական ծանր մթնոլորտում: 

– Իր արարքի վերաբերյալ Քոչարյանի պատասխանը ինչպե՞ս եք գնահատում:

– Նման արարքին ընդհանրապես արդարացում չկա, պետական պաշտոնյաների էթիկա գոյություն ունի, ու եթե նույնիսկ լրագրողն իրեն ոչ պատշաճ պահի, ապա այդ լրագրողի վարքը քննվում է լրագրողական էթիկայի շրջանակներում, պետական պաշտոնյայի վարքը քննվում է պետական պաշտոնյայի էթիկայի շրջանակներում, որը հստակորեն ամրագրված է:  Որևէ պաշտոնյա ընդհանրապես իրավունք չունի իրեն այդպես պահել, հետո էլ արդարանալ, դա էլի գալիս է անպատժելիությունից, որովհետև երբ նա առաջին անգամ նմանատիպ արտահայտություններ իրեն թույլ տվեց, իր ամբողջ կուսակիցները հստակորեն սկսեցին պաշտպանել նրան, ուստի նա այժմ ևս շարունակում է նույն վարքը դրսևորել, որովհետև երբևէ դիմադրության չի հանդիպել: 

Ընդդիմադիրները կարող են այս անգամ փորձել էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց իրականացնել, որովհետև ի վերջո մի օր պե՞տք է լինի դեպք, երբ որևէ մեկի վարքը քննվի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում: Սա ընդդիմադիրներին էլ ձեռնտու չէ, որովհետև եթե նախադեպ լինի, դրանից հետո իրենք ևս ստիպված են լինելու կարգավորել իրենց վարքն ու բառապաշարը: Դրա համար էլ ուղղակի կոչ են անում ներողություն խնդրել, որը ընդամենը կամքի դրսևորում է, այլ ոչ թե օրենքի կարգավորում:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, եթե օրենքով սահմանված կարգավորումները չեն կիրառվում, ինչպես ասացիք՝ անպատժելիության մթնոլորտ է, ապա լրագրողներն ինչպե՞ս պաշտպանեն իրենց իրավունքները, խուսափեն նման դեպքերից, օրինակ՝ կարծիքներ են հնչում, որ լրագրողները պետք է բոյկոտեն նման վարք ցուցաբերող անձանց, նրանցից հարցազրույցներ չվերցնեն: Ձեր մոտեցումն ինչպիսի՞նն է:

– Դա անհատական հաշվեհարդարի մեթոդ է իհարկե, բայց ես կոչ եմ անում նաև լրագրողական կազմակերպություններին նմանատիպ դեպքերի պարագայում կայուն լինել: Ի դեպ՝ ընդամենը մեկ տարի առաջ կին լրագրողների վիճակի հետ կապված ուսումնասիրություն էի կատարում, ու պարզ դարձավ, որ իրականում լրագրողական կազմակերպությունները բռնության դրսևորումների, որոշակի թշնամական վերաբերմունքի ու այլ միջադեպերի հետ կապված դեպքերին եթե արձագանքում են, ապա սեքսիստական դրսևորումները բացարձակ ուշադրության կենտրոնում չեն լինում: Սա ևս խնդիր է, որովհետև նշանակում է, որ մենք չունենք բացարձակ զգայունություն, չենք պատկերացնում, թե ինչ կարող է զգալ լրագրողը: 

Նույնիսկ այն արտահայտությունները, որոնք եղել են խորհրդարանում , մասնավորապես, որ լրագրողները վերբալ մարմնավաճառներ են, նույն Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը՝ քիլերներ, էլի եմ ասում, եթե հաշվի առնենք, որ լրագրության մեջ 70 տոկոսը կանայք են, ուստի նմանատիպ թիրախավորումը մեծ մասամբ վերաբերում է հենց կանանց: 

Այս դեպքում ողջ պատասխանատվությունը իշխանությանն է, ինչպիսի նշաձող կհաստատես իբրև իշխող կուսակցության ներկայացուցիչ, այնպես էլ հասարակությունը կսկսի վարվել մնացած հարթություններում, ու այստեղ իշխանության դերը շատ ավելի մեծ է, իրենք առաջին հերթին դրա մասին պետք է մտածեն: Նմանատիպ պաշտոնյաների հանդեպ պետք է հնարավորինս բոյկոտի քաղաքականություն վարվի, քանի դեռ չի գիտակցվել, որ լավագույն ճանապարհը օրենքի շրջանակներում հարցին լուծում տալն է: 

– Կարո՞ղ ենք ասել, որ այսօր պետական ամենաբարձր մակարդակով խրախուսվում է պաշտոնյաների այն գործելաոճը, ինչը տեսնում ենք:

– Կարող ենք ասել, որ, այո՛, բարձրաստիճան պաշտոնյաների թշնամական լեզուն, ատելության խոսքն այսօր բավական բարձր են ու ոչ միայն խրախուսվում են, այլև տոնայնություն է ձևավորվում հասարակության մեջ ու անբարյացակամ մթնոլորտ, որով կարող են թիրախավորվել ու նվաստացվել կին լրագրողները: Այն ֆոնին, երբ հիմա կանանց միամսյակ է, բոլորն իրենց պարտքն են համարում ուղերձներ հղել, բայց իրական վերաբերմունքը երևում է հենց այն պահին, երբ բացահայտվում է տղամարդկանց խտրական, թշնամական ու սեքսիստական վերաբերմունքը կնոջ մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am