Ազգային ժողովը այս պահին նպատակահարմար չի գտնում ձեռք բերել ամենագնաց երկու մեքենաները, որոնք նախատեսված էին Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար

Ազգային ժողովի աշխատակազմը նպատակահարմար չի համարել ձեռք բերել «Toyota RAV 4» մոդելի ամենագնաց երկու մեքենաները, որոնք նախատեսված էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար: Այդ մասին «Մեդիալաբին» տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու: Այս պահին դա նպատակահարմար չէր, և Ազգային ժողովը որոշել է ձեռնպահ մնալ նման քայլից», -հավելեց Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ին կառավարության նիստում որոշում էր ընդունվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղեկցելու համար անհրաժեշտ ամենագնացներ գնելու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացնել 54 մլն դրամ։ Այդ գումարով Ազգային ժողովը պետք է ձեռք բերեր երեք  Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։

«ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժը»,- նշված էր նախագծի հիմնավորման մեջ։