«Տեղ համայնքում ոչ մի միջադեպ չի եղել, գյուղացիները նախապես են դիմել համայնքապետին». Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Գագիկ Էլյազյանը

Պարո՛ն Էլյազյան, կխնդրեմ մանրամասնեք երեկ Տեղ համայնքում կատարված դեպքը, ի՞նչ է տեղի ունեցել իրականում, և ինչպե՞ս է կարգավորվել խնդիրը:

-Գյուղի տղաները Անդրուն քարեր կոչվող տարածքում հողամաս ունեն, որն էլ գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Թշնամին այնտեղ դիրքեր ունի, որոնք բուն հողամասից բարձր են գտնվում, բայց հողամասը նրանց դիտակետում է:

Գյուղի բնակիչները իրենց անվտանգությունից ելնելով՝ ուղղակի դիմել են համայնքի ղեկավարին, որն էլ դիմել է Գորիսի առաջին կորպուսի հրամանատարի տեղակալներին, միասին գնացել ենք, որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովենք, սպասել ենք, մինչև մարդիկ իրենց խոտը հավաքել են, որից հետո դուրս ենք եկել: Ուրիշ որևէ արտառոց բան չի եղել:

-Այսինքն՝ գյուղացիները նախապե՞ս են դիմել համայնքապետին, և այնպես, ինչպես մամուլում ներկայացվում է, թշնամու կողմից հարձակում չի՞ եղել գյուղացիների վրա:

-Ո՛չ, այդպիսի բաներ չեն եղել, ուղղակի մի օր առաջ գյուղացիներից մեկը տեսել է, որ իբր թուրքերն իջել են իրենց սահմանից դեպի մեր տարածք: Խնդիրը սա է եղել, որ մարդիկ անհանգստացել են՝ մտածելով, որ կարող է թշնամին մոտիկանալ իրենց ու չթողնել այդ խոտը հավաքել:

Նախապես դիմել են մեզ՝ գնացել ենք, տարածքը հսկել, մարդիկ իրենց գործն արել են, ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել, ոչ մեկը չի եկել, ոչ մի խնդիր չի եղել: Մարդիկ իրենց խոտը հավաքել ու վերադարձել են:

-Պարո՛ն Էլյազյան, ճի՞շտ հասկացա, որ կոնկրետ այդ տարածքը եղել է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներից:

-Այո՛, այդ սարի տակ մեզ հող ունենք, իսկ այդ սարի վերևում իրենց սահմանն է, և ողջ խնդիրը դա է եղել, որ իրենց դիտակետում գտնվող հողում պետք է լրացուցիչ մարդիկ լինեին, որպեսզի չգային, ու միջադեպեր չարձանագրվեին:

-Իսկ այդ աշխատանքները հիմա ավարտվե՞լ են:

-Հիմնականում ավարտել ենք: Տարածք կա, որը հենց թուրքի հողի մեջ է մտնում, բայց մեր ժողովուրդն է ցորեն ցանել, դա էլ մի կերպ, կարելի է ասել՝ գողանալով, թաքուն բերում են: Մարդիկ ցանել են, ուզում են իրենց բերքը պոկել: Ուղղակի դա ոնց որ գողության կարգով լինի, էլի, եթե տեսնեն՝ վիճաբանություն կլինի:

Անցած անգամ տղաները թուրքի տարածքում խոտ են ունեցել, փորձել են հավաքել, նրանք եկել, թույլ չեն տվել, GPS-ը միացրել են, թե տեսեք՝ մեր տարածքն է, մի՛ մտեք, ասել ենք՝ խնդիր չկա, բայց, դե, գիշերը թաքուն գնացել են, բերել, որովհետև մարդիկ ծախս են արել:

Թշնամու վերահսկողության տակ անցած նման տարածքներ շա՞տ կան կոնկրետ Տեղ համայնքում:

– Շատ-շատ, երևի մի հարյուր և ավելի քառակուսի մետր տարածք, որն ընկել է թշնամու վերահսկողության տակ: Մարդիկ վարկ են վերցրել, մշակել այդ հողերը, հիմա էլ խնդիրն այն է, որ հնարավոր չէ հնձել:

Պարո՛ն Էլյազյան, իսկ այն տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ են, այդ տեղերում աշխատանքները բնականոն հունով ընթանո՞ւմ են:

– Այո՛, դրանց հետ կապված խնդիր չունենք, մի տեղ էլ, կարելի է ասել, հայի խասիաթ է, չէ՞, մտնում են, հնձում: Գոնե էս տարի օգտվենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում:

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակ է համայնքում:

– Առայժմ նորմալ է, լարվածություն չկա: Եթե մի տեղ էլ լարվածություն թույլ են տալիս, կարելի է ասել՝ մեր հովիվների մեղքով է, կա՛մ խմած են լինում, կա՛մ սահմանը ճանաչելով, միևնույն է՝ մտնում են թշնամու տարածք, նրանք էլ մտածում են, թե մերոնք գնացել են ինչ-որ խնդիր լուծելու, իջնում են, ու միջադեպեր են գրանցվում:

Բաներ կա, որ մերոնք են թույլ տալիս, բայց այսքան ժամանակ դեպք չի եղել, որ իրենք ինչ-որ լարվածություն ստեղծեն:

– Պարո՛ն Էլյազյան, իսկ թշնամին առաջխաղացման փորձեր անո՞ւմ է:

– Ո՛չ, տարածք կա, որ նույն դիրքում են, տարածք էլ կա, որ իրենք հետ են, մենք ավելի առաջ ենք կանգնած, քան իրենք, իրենց դիրքերը հեռու են, նայած տեղ, նայած հեռավորություն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am