Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

«Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։

 Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։