Ապօրինի արդյունահանում․ պետությանը պատճառվել է 8 մլն դրամի վնաս. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է՝ ստացվել են տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում:

Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր 2000 խորանարդ մետրից ավելի։ Ըստ ստուգման արդյունքների` ընկերությունը չէր վճարել թույլտվության իրավունքի ձեռք բերման պետական տուրք, բնօգտագործման վճար և ավելացված արժեքի հարկ` պետության օրինական շահերին պատճառելով ընդհանուր` 8 միլիոն 248 հազար դրամի վնաս: Բացի այդ, վնասվել էր հողի բերրի շերտը, որի վնասը կազմել է ավելի քան երկու միլիոն դրամ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: