«Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք հասկանալ». Նիկոլայ Բաղդասարյան. Aravot.am

«Ճիշտն ասած, ես էլ չեմ ճանաչում Արփինե Հովհաննիսյանի հորը եւ չգիտեմ՝ ֆինանսական աղբյուրների հետ կապված ինքը որեւէ առնչություն ունի՞, թե՞ չէ:

Կոնտեքստը, ամբողջ իմաստը երբ նայում ես, այնտեղ վիրավորական որեւէ բան չկա»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց իրենց խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված արտահայտության հետ կապված հարցին, ինչը բուռն քննարկման առարկա դարձավ: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը:

Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»: Հարցին՝ երբ ասում են՝ ձեր հոր եւ անհայտ հոր, այստեղ վիրավորանք չկա՞՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա մամային ճանաչում ենք բոլորս, ի՞նչ վիրավորական բան կա, եթե ես ձեր լրագրողներից մեկին ասեմ՝ ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում: Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք հասկանալ՝ էդ ֆինանսական միջոցները, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ են կուտակվել, դրանք որտեղի՞ց են եկել»:

Մանրամասները՝ այստեղ: