«Ուշադրություն դարձրեք այդ երկու վարձկանների դիմագծերին՝ թուրք հավաքագրողները պատահական մարդկանց չեն ընտրել». Պատմաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը

– Պարո՛ն Դեմոյան, երեկ պաշտոնապես հրապարակվեց արաբ վարձկանի տեսանյութը, որին գերի էր վերցրել հայկական կողմը։ Տեսանյութում գերեվարված անձը հայտնում էր, որ իրեն պատվիրել են սպանել անհավատներին։ Դուք՝ որպես մասնագետ, այս գործողություններում, պատվերի մեջ ցեղասպանական տարրեր տեսնո՞ւմ եք։

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Posted by Shushan Stepanyan on Sunday, November 1, 2020

– Երբ այդ տեսանյութը երեկ հրապարակվեց, ես իմ ֆեյսբուքյան էջում հեգնական գրառում արեցի՝ եվրոպացիներին շնորհավորում եմ, մեկ մարդասպան գլխատողի Արցախում բռնել են։

Այսինքն՝ պոտենցիալ այդ նույն մարդասպանը կարող էր հայտնվել Եվրոպայում, ինչին մենք վերջերս ականատես ենք լինում։ Այս երկու անձինք (պաշտոնապես հրապարակվել է, որ հայկական կողմը երկու գերի ունի, որոնք վարձկան ահաբեկիչներ են – հեղ․), որոնց մասին պաշտպանության բանակը հայտնել է, ձերբակալված են, և ուշադրություն դարձրեք՝ նրանք չեն կարող դիտվել որպես ռազմագերի, որովհետև վարձկանությունը հանցագործություն է։

Այսինքն՝ այս պարագայում չեն գործում ռազմագերիների հետ կապված Ժնևյան համաձայնագրերը։ Դրա համար նրանց կարելի է ցույց տալ որպես հանցագործի, իսկ ռազմագերիների դեպքում չպետք է նրանց տեսանկարահանել, ցուցադրել, ինչը Ադրբեջանը անում և արել է մի քանի անգամ։

– Այո, նաև քրեական գործ է հարուցված, որով այդ վարձկանները անցնում են որպես մեղադրյալ։

– Իհարկե, իհարկե։ Վարձկանության մասին ՄԱԿ-ի բանաձևով, որը ընդունվել է 1989 թվականին, պետություններին, որոնք միացել են դրան, խստիվ արգելվում է հավաքագրել և օգտագործել վարձկան ուժեր։

Նաև ի թիվս այլ արգելանքների, նույն բանաձևում նշվում է, որ պետությունները չեն կարող ազգերի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար օգտագործել այդ վարձկանական ուժը։

Սա է մեխը։ Սա իմ դոկտորական ատենախոսության հիմնական գիտապրակտիկ թեմաներից մեկն է եղել, և ութ տարի անց՝ միայն վերջերս, Ազգային ժողովը քննարկեց ու ընդունեց Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան։

Այս երկու վարձկան գերիների փաստը պետք է գրագետ ու ճիշտ ձևով, առանց որևէ վերապահումների, վախի ներկայացնենք միջազգային ատյաններին։ Կա կոնկրետ հակաահաբեկչական կոալիցիա Սիրիայում գործող, և ամբողջ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միահամուռ կոնսենսուսի է եկել գոնե մեկ հարցի շուրջ՝ պայքար ահաբեկչության դեմ։

Ահա, մենք տեսնում ենք թրաֆիքինգ՝ մարդկանց վարձկանական հավաքագրում, տեղափոխում, ինչպես նաև՝ ինդոկտրինացիա, այսինքն՝ երբ նրանց հավաքագրում են որոշակի գաղափարախոսության համար։ Տվյալ դեպքում պարզ է, որ սրանց ուղղորդել են դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար և բացի ֆինանսականից, կրոնական, ֆանատիկ գաղափարախոսություններով են նրանց, այսպես ասած, մշակել։ 

Ուշադրություն դարձրեք այդ երկու վարձկանների դիմագծերին՝ թուրք հավաքագրողները, հատուկ ծառայությունները պատահական մարդկանց չեն ընտրել, երկուսն էլ, եթե ուշադիր նայեք, նման են հայի, որոնք հեշտ ու հանգիստ պետք է դիվերսիայի ժամանակ թափանցեին հայկական բնակավայրեր։

Այսինքն՝ նույնիսկ մարդաբանական դիմագծերն ու կազմվածքը հաշվարկված են եղել թուրքերի կողմից, ի վերջո, այստեղ թուրքական ձեռագիրն է աշխատել։ Սա ոչ միայն Ադրբեջանին մեղադրելու, որն իր տարածքում հյուրընկալել է այս վարձկաններին, այլ նաև Թուրքիային լուրջ մեղադրանք ներկայացնելու հանգամանք է, քանի որ պատերազմում ակնհայտ է այդ երկրի դերակատարությունը։ Սա միջազգային լուրջ հետաքննության առիթ պետք է տա։

– Պարո՛ն Դեմոյան, դուք ասում եք՝ որոշակի գաղափարախոսությամբ են սնել այդ վարձկաններին։ Դա կարո՞ղ է հիմք լինել պնդելու, որ ցեղասպանություն է իրականացվում։

– 1989 թվականին ընդունված ՄԱԿ-ի բանաձևում, ինչպես ասացի, նշվում է, որ ազգային ինքնորոշման իրավունքը ճնշելու համար չպետք է օգտագործվեն վարձկաններ։

Նույն բանաձևով, եթե բացի քո բանակից, զինված ուժերից, ինքնորոշման իրավունքը ճնշելու համար օգտագործվում են հավաքագրված վարձկաններ, ապա տվյալ դեպքում ցանկացած ռազմական հանցագործություն նաև կարելի է դիտարկել պոտենցիալ ցեղասպանական գործողության նախադեպ, որովհետև վարձկանները գալիս են սպանելու, նրանք չեն կարող հարգել ոչ մի Ժնևյան կոնվենցիա։

Սովորաբար վարձկաններին սպանում են, բայց հայկական զինված ուժերի այս գործողությունը, երբ գերի են վերցվել երկու վկաներ, շատ հաջող գործողություն է։ Իլհամ Ալիևը Մակրոնից պահանջել էր ներողություն խնդրել, որ Ադրբեջանին մեղադրել էր վարձկաններ պահելու և Արցախ ուղարկելու համար։ Հիմա ես մտածում եմ՝ գուցե այս փաստերի առկայության դեպքում Բաքվից զանգեն Մակրոնի՞ց ներողություն խնդրեն նման հայտարարություն անելու համար։

– Ըստ ձեզ՝ սա կարո՞ղ է հիմք լինել Միջազգային քրեական դատարան (Հաագայի դատարան) դիմելու համար։

– Այո, այո, ինչքան շատ նման փաստեր լինեն, օրինակ՝ թուրք զինվորականների ներկայության, Լիբիայից և Սիրիայից ահաբեկիչ վարձկանների ներկայության մասին, այնքան լավ։

Սա մի փաթեթ է, որը պետք է գրագետ ձևով հակակշռենք բոլոր այն հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիությունը վերականգնելը կարևոր է։

Որքան շատ լինեն այս տվյալները, պատերազմական հանցագործությունների մասին տեղեկությունները և ցեղասպանական գործողություններ իրականացնելու մասին նպատակադրությունը Ադրբեջանի կողմից, այնքան ավելի համոզիչ կլինեն մեր տեսակետները։

Որքան շատ վարձկաններ և թուրք զինվորականություն լինեն գերեվարված, մենք կարող ենք ցույց տալ, որ այս դեպքում տարածքային հարցերի շուրջ խոսակցություն չի կարող լինել, այլ պետք է խոսել ցեղասպանության վտանգի մասին։ Այդ հարցի շուրջ պետք է սկսենք բանակցել ավելի շուտ, մեզ պետք է հետաքրքրի՝ ինչպե՞ս պետք է կանխարգելել այդ ցեղասպանությունը։ Ադրբեջանին որևէ բան վերադարձնելը բերելու է հաջորդ ագրեսիվ գործողության, իհարկե՝ Թուրքիայի աջակցությամբ։

– Դուք ասում եք՝ իշխանությունները պետք է ճիշտ օգտագործեն այս փաստերը։ Ի՞նչ պետք է անեն, ըստ ձեզ, կարո՞ղ եք հուշել։

– Ես կարծում եմ՝ պետք է փակ քննարկում կազմակերպել մասնագետների մասնակցությամբ, բայց նման մտադրություն կարծես չեմ տեսնում։ Չեմ ուզում սա որպես քննադատություն հնչեցնել, բայց Ֆեյսբուքը կամ հարցազրույցները այն հարթակը չեն, որ հուշենք։

Հայաստանում կան մասնագիտական շրջանակներ, պետք է ուղղակի հասկանալ ու գիտակցել՝ ով կարող է օգտակար լինել։ Տվյալ դեպքում, օրինակ՝ թուրքական ռազմական օգնության տրամադրումը, վարձկանների կիրառումը, միջազգային պայմանագրերը՝ այս թեմաների շուրջ է եղել իմ դոկտորական ատենախոսության թեման։

Պետք է առաջին իսկ օրվանից ձևավորվեր մասնագետների խումբ, ու դրվեր հստակ խնդիր։ Բայց ուշ չէ, պետք են գործուն քայլեր ձեռնարկել։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am