«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը
– «Ադրբեջանի առաջարկած Հայաստանի Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա», լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Տիկի՛ն Գրիգորյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր գործընկերոջ հայտարարությունը:
– Չեմ լսել հայտարարությունը, բայց եթե ուղիղ եք մեջբերել, ապա «Ադրբեջանի առաջարկած սահմանադրությանը» ձևակերպումն իսկ բացասական եմ գնահատում, քանի որ ինչպես բազմիցս ենք ասել՝ Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող ցանկացած հարց բացառապես Հայաստանի ներքին գործն է, հետևաբար Հայաստանում գործունեություն ծավալող ցանկացած քաղաքական ուժի կողմից, իմ գնահատմամբ, պետք է նախ հնչի, որ Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի ներքին գործն է և հետո մնացածը:
– Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ լինելո՞ւ է ընդդիմության մասնակցությունը խորհրդարանում։
– Վստահ եմ՝ գիտեք, որ դեռևս տարիներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության հանրաքվեի անհրաժեշտությունից, դրա քաղաքական հիմնավորումը նաև առկա է մեր նախընտրական ծրագրում, և դրա տարբեր ասպեկտների շուրջ ևս հրապարակային խոսել ենք բազմիցս: Խմբակցությունում դեռևս վերջնական տեքստ չի քննարկվել, երբ կհասնենք համապատասխան փուլ, կորոշվի՝ ինչ ճանապարհով ենք շարժվում:
– Ինչպե՞ս եք համոզելու ընդդիմությանը, որ այդ փոփոխությունը Ադրբեջանի պահանջը չէ։
– Կրկնեմ՝ Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է, և այդպիսի համոզմունք ու մոտեցում պիտի ունենան բոլոր ուժերը: Մնացածի շուրջ քննարկումները կլինեն ըստ անհրաժեշտության:
– Տիկի՛ն Գրիգորյան, Սահմանադրության տեքստի վրա աշխատանքներն ի՞նչ փուլում են:
– Տեքստի վրա դեռևս աշխատանքներ են տարվում արդարադատության նախարարի համակարգմամբ, տեքստը ներկայացվել էր մեր նախորդ խմբակցությանը, ապա նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանը, և հնչած առաջարկները քննարկման փուլում են: Հընթացս կտեղեկացնենք մեր քաղաքացիներին գալիք փուլերի մասին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















