Սաֆարովի գործը. Կովկասի սեւ շաբաթը

Սաֆարովի գործը. Կովկասի սեւ շաբաթը
Սաֆարովի գործը. Կովկասի սեւ շաբաթը

Այս շաբաթը մռայլ եղավ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հույս ունեին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ հակամարտությունը խաղաղ լուծում կստանա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խորապես սադրիչ քայլ արեց` ներում շնորհելով Հունգարիայում հայ սպայի սպանության համար դատապարտված եւ հայրենիք վերադարձած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին:
Զգացմունքների ալեկոծություն
2004 թվականին էթնիկ հողի վրա կատարված դաժան սպանությունն անխուսափելի զգացմունքների ալեկոծության պատճառ դարձավ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Խոսքերի պատերազմ բռնկվեց ԶԼՄ-ներում, որոնք, որպես կանոն, իրենց թույլ են տալիս ասել ավելին, քան պաշտոնատար անձինք: Հայաստանում Մարգարյանի հուղարկավորությունը պետական մակարդակի իրադարձություն դարձավ: Ադրբեջանում որոշ պատգամավորներ իրենց թույլ տվեցին Սաֆարովին հերոս անվանել: Սակայն, բազմաթիվ ադրբեջանցիներ ամոթի զգացում ունեցան Սաֆարովի գործողությունների համար:

Սակայն, ութ տարի անց իրավիճակն արմատապես փոխվեց, եւ մենք դեռեւս պետք է իմանանք, թե ինչպիսին կլինեն դրանց հետեւանքները:

Մեզ դեռեւս անհայտ պատճառներով Հունգարիայի կառավարությունը համաձայնել է վերադարձնել Սաֆարովին Բաքվին երկու կողմերի ստորագրած հռչակագրի շրջանակներում: Ըստ այդ համաձայնագրի, բանտարկյալը կարող է պատիժը կրել իր հայրենիքում եւ ժամանակից շուտ ազատվել միայն 25 տարի անց:

Դրա փոխարեն Սաֆարովը անմիջապես ներում ստացավ: Սակայն, բացի այն, որ ադրբեջանական իշխանությունները նրան ներում շնորհեցին, նաեւ հերոս են դարձրել: Սաֆարովին Բաքվում բնակարան են տրամադրել եւ մայորի կոչում շնորհել:

Միջազգային դատապարտում

Ամեն մի գործողություն առաջացնում է ռեակցիա: Եվ ԱՄՆ կառավարությունը, եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բացասաբար են արտահայտվել Ադրբեջանի հասցեին, եւ դա զարմանալի չէ:

Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նույնպես մտահոգություն է հայտնել, ընդ որում, զերծ մնալով Հունգարիայի հասցեին անմիջական քննադատությունից: ԵՄ-ն առանց դրա էլ խնդիրներ ունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ նրա քաղաքականության հետ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա, երեւի թե, հասել է եռման կետին: Երեւանը խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական կապերը, եւ միջազգային դիտորդները, հետեւելով Ղարաբաղի շուրջ առանց այդ էլ խզման եզրին գտնվող բանակցային գործընթացին, անհանգստությամբ սպասում են, թե ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները:

ՀՀ իշխանությունները վաղուց են արդեն հայտարարում, որ դժգոհ են խաղաղ գործընթացից: Հունիսին Երեւանը բավականին կտրուկ ձեւով հետաքրքրվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից, թե ինչու է ԱՄՆ-ը այդքան մեղմ արձագանքում հայ-ադրբեջանական հրադադարի խախտման փաստերին, որոնց պատասխանատվությունը Բաքվի վրա է:

Այժմ Հայաստանը խաղաղ բանակցություններին մասնակցությունից հրաժարվելու լրացուցիչ պատճառ ունի: Որոշ հայ մեկնաբաններ անգամ կոչ են անում դիմել այնպիսի կտրուկ միջոցների, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Կան նաեւ մտահոգություններ, որ Հայաստանի ֆանատիկորեն տրամադրված տարրերը կցանկանան վրեժ լուծել:

Ադրբեջանի գործողություններն արդեն ոչ մի կերպ չի կարելի սովորական սխալ անվանել: Ավելի շուտ, դա վկայում է այն խորհուրդների մտահոգիչ որակի մասին, որոնք տրվում են նախագահ Ալիեւին իր շրջապատի մերձավոր անդամների կողմից:

Հարված իմիջին

Վերջին տարիներին Բաքուն տասնյակ միլիոն նավթադոլարներ է ծախսել` փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր: Ադրբեջանը մտավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ Բաքվում անցկացվեց Եվրատեսիլի եզրափակիչ փուլը:

Սակայն, երկրի իմիջին հսկայական հարված հասցվեց այն ժամանակ, երբ Բաքվի խորհրդարանը գրկաբաց դիմավորեց մարդասպանին:

Ցավոք, շահեցին միայն երկու կողմերի ծայրահեղ տարրերը: Հայաստանում ծայրահեղ տրամադրվածների մոտ պատճառ առաջացավ ավելորդ անգամ ադրբեջանցիներին բարբարոսներ կոչել, որոնց վստահել չի կարելի:

Ես ինքս ծանոթ եմ ոչ պետական ակտիվիստ մի շարք ադրբեջանցիների եւ անգամ միջին դասի պաշտոնյաների, որոնք անտեսանելիորեն երկխոսություն էին հաստատում հայերի հետ: Այս ամենից հետո նրանց ջանքերը կարելի է կորած համարել:

Եթե անգամ այս մռայլ դրվագում կա որեւէ դրական բան, ապա դա այն փաստն է, որ միջազգային հանրությունը, հնարավոր է, ավելի շատ ուշադրություն տրամադրի Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր հակամարտության վտանգին:

Այդ հակամարտությունը ամենեւին էլ “սառեցված” վիճակում չէ, չնայած տարածված կարծիքին: Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փափուկ միջնորդային ջանքերը դեռեւս չեն շարժել կողմերին իրենց անհաշտ դիրքերից: Իսկ Սաֆարովի նման ընդունելությունը Բաքվում ենթադրում է, որ իրավիճակը գնում է ավելի շուտ դեպի պատերազմ, քան խաղաղություն: Դա դեռեւս կարելի է կանգնեցնել, սակայն դիվանագիտական ջանքերը պետք է անհապաղ գործադրվեն:

Թոմաս դե Վաալը Կարնեգի Հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտողն է:

Մեկնաբանությունը գրվել է BBC-ի ռուսական ծառայության համար: Թարգմանությունը` Մեդիամաքս-ի: