Կարող ենք անվանել սաբոտաժ կամ փորձի պակաս. մեր պայմաններում անընդունելի է, որ մարդ չկարողանա զենք գնել. Իշխան Գևորգյան

Լուսանկարի աղբյուրը՝ «Ազատազէն»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել, բայց խնդրահարույց է այն, որ զենք գնելու համար քննություն հանձնելու վայրի մասին հարակից օրենքն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Մեր նախորդ զրույցի ժամանակ ձեր հիմնական մտահոգությունն այն էր, որ ամեն բան դանդաղ է արվում այս հարցի վերաբերյալ, ստացվում է, որ կրկին ժամանակ ենք կորցնում, ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Կրկին նշեմ, որ մենք կողմ ենք եղել ու պարտադիր ենք համարել, որ մարդը զենք գնելու համար քննություն հանձնի, որովհետև առանց գիտելիքի զենք տալը նշանակում է մարդուն դրդել հանցագործության։ 

Խնդիրը հիմա այն է, որ մարդիկ ինչ-որ տեղ պետք է հանձնեին այդ քննությունը. որպեսզի պատկերացնեք, այս օրենքը լայն գործընթացների մի մաս է, ու այդ շրջանակներում քննությունը պետք է անցկացնեին ռազմամարզական կառույցները, որոնք պետք է սահմանվեին, սահմանողն էլ պետք է լիներ պաշտպանության նախարարությունը։ ՊՆ-ն դանդաղ աշխատեց, ինչի հետևանքով ստացվեց այնպես, որ չկան ռազմամարզական կառույցներ, չկա քննություն հանձնելու տեղ, իսկ դա մեր իրականության պայմաններում անընդունելի է, երբ ամեն օր ինչ-որ սադրանքներ են լինում մեր սահմաններին ու նույնիսկ ներսում։ 

Չի կարող լինել այնպես, որ մի հայ չկարողանա զենք գնել, իսկ հիմա բացարձակ մեծամասնությունը չի կարող զենք գնել, մի քանի տասնյակ հազարը կարող են գնել, որոնք, օրինակ՝ ինձ նման նախկինում զենք են ունեցել։ Խնդիրը դա է։

– Իսկ օրենքի այդ բացն ինչո՞վ եք պայմանավորում։ 

– Կարող ենք անվանել աշխատելու ցանկություն չունենալ, կարող ենք անվանել սաբոտաժ կամ փորձի պակաս, որովհետև նույն այս օրենքի ընդունումը 1,5 տարի խլեց, ու տեսանք՝ ինչպես ընդունվեց, մինչդեռ լրիվ ռեալ էր այդ նույն օրենքը երկու ամսում կյանքի կոչել։ 

Համագործակցության խնդիրներ կան, իշխանական տարբեր թևերի միջև «խանդեր» կան, օրինակ՝ երբ այս օրենքն ընդունվում էր, առողջապահական թևը 6-7 անգամ թանկացրեց նարկոյի ու փսիխոյի գները, ու այսպես՝ «ես չեմ մեղավոր, դուք եք մեղավոր» վիճակներով, տուժում են քաղաքացիները, տուժում է մեր գործը։

– Ձեր ու պատկան մարմինների միջև կա՞ համագործակցություն, օրինակ՝ առաջարկներ ներկայացնեք, ձեր աջակցությունը առաջարկեք, թեկուզ կոնկրետ այս հարցի վերաբերյալ։

– Մենք բոլոր հնարավոր ձևերով դիմել ենք իրենց ու օգնություն առաջարկել։ Օրենքի մշակման ժամանակ օգնել ենք, ու տարբեր կետեր, այդ թվում հենց այդ՝ քննություն հանձնելու մասը մեր կողմից է առաջարկվել։ Միշտ էլ պատրաստ ենք օգնելու, որովհետև մեր պետությունն է, մեր խնդիրներն են, թշնամին ընդհանուր է, ու միահամուռ կերպով պետք է լուծենք խնդիրները։ 

Հիմա նրանք կարող են արագ օրենքում փոփոխություն կատարել, օրինակ՝ քննություն հանձնելու վայր դարձնեն Ոստիկանության շենքը, դրա նախագիծն էլ կա, բայց դա պետք է անեն, ասենք՝ հենց վաղը արտահերթ նիստ հրավիրեն ու նույն օրն էլ օրենքը ընդունեն, ինչպես տարբեր դեպքերում են անում, ինչպես ձմերուկը չկտրելու մասին օրենքներ են կարողանում ընդունել։ 

Մենք ընդհանրապես ո՛չ ցանկություն, ո՛չ ժամանակ ունենք պայքարի կամ ֆլեշմոբերի, որովհետև լիքը գործեր ունենք անելու, ուղղակի ստիպում են, մենք չենք կարող մարդուն քարոզել, որ հայը պետք է զինված լինի, երբ ինքը ուղղակի չի կարող զենք գնել, մեր գործունեությունն արդեն 40 օր է՝ անիմաստ է դարձել։

– Փաստորեն, խնդիրներ են ստեղծվել նաև ձե՞զ համար, պարո՛ն Գևորգյան։

– Տեսեք՝ իմ նպատակն է ձեզ համոզել, որ հայը պարտադիր պետք է զենք ունենա, որովհետև դրա մեջ է փրկությունը: Ինձ հաջողվում է մեր զրույցի ընթացքում ձեզ համոզել, կամ ես իմ զենքը տրամադրում եմ, մարզվում եք: Հասկանում եք, որ դա նաև հաճելի է, ասում եք՝ ես էլ եմ ուզում զենք ունենալ, ես ձեզ պատասխանում եմ, որ չեք կարող գնել, որովհետև մեր պետությունը օրենք ընդունելու «չեմպիոն» է։ Մի հատ պարզ խնդիր է, ու պետք է շատ արագ լուծել, այս 40 օրը հենց մեր ընդհանուր համակարգային խնդիրներն է դուրս բերում։ Այս դարում արագությունն է հաղթում, ոչ թե զենքը, ռեսուրսները և այլն, առաջին պայմանն արագությունն է, ինչով մենք այնքան էլ չենք փայլում։

– Այսինքն՝ այնպես չէ, որ մենք չունենք ռեսուրսներ ու պոտենցիալ այս խնդիրն արագ լուծելու համար, այո՞։

– Մենք ունենք ողջ պոտենցիալը, որ մի երկու-երեք տարում ունենանք արժանապատիվ երկիր, որտեղ դիրքերում 18 տարեկան տղերք չեն զոհվի, չեն գերեվարվի, որտեղ բոլորը հարգալից են խոսում մեր ղեկավարների ու պետության մասին, ուղղակի դա պետք է անենք միասին ու համակարգված։ Այն, ինչ մենք անում ենք, շատ դժվար ու ծանր գնով ենք անում։ 

«Ազատազէնը» հենց այս խնդիրն ունի, հենց նույն օրենսդրական թնջուկը կա հրաձգարանների լիցենզիայի մասով, որ պետք է լինի լիցենզավորված մարզիչ, այդպիսին էլ երկրում ընդհանրապես չկա, ու չենք կարողանում հրաձգարանի լիցենզիա հանել, մինչդեռ մեր թիմում աշխատում են ԱԻՆ-ի գործող մարզիչը, դատախազների, բանտի աշխատողների գործող մարզիչը։ 

Ստացվում է, որ այդ մարդկանցից ոչ մեկը լիցենզավորված չէր, ու չգիտեմ ինչպես մարզում էին այդ պետական մարմինների աշխատակիցներին, ու նրանցից մեկը չի կարողանա հանդիսանալ լիցենզավորված մարզիչ, որն էլ կտա լիցենզիան, երկու օր առաջ այս մասով մերժեցին։ Սա ուղղակի մեր հարցն է, ու ասոցիացիայի շրջանակներում չենք բարձրացնում, ինքներս պետք է լուծենք խնդիրը ողջամիտ ժամկետներում։ Տարբեր տեղերում համատարած, անիմաստ կոլապսիկներ են, որոնք ընդհանուր գործը հարամում են։

– «Ռազմամարզական կառույցների մասին» օրենքի հարցում կա՞ առաջընթաց, թե՞ շարունակում է մոռացված մնալ, ինչպես մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք։

– Մի բան էլ հետընթաց կա, հիմա այդ բառը հանել են նոր օրենքի նախագծից, որ թարմացումը տան, այս կոլապսը շտկվի, հետո մի անգամ էլ նորից այս օրենքը պետք է թարմացվի, որ ռազմամարզականի գաղափարը մտնի, մինչդեռ մեր խնդրանքը ի՛նչ է․ մենք կանք, ու երբ խնդիր է լինում, գնում ենք ու բանակի ենթակայության տակ գործում ենք, ինչը շատ կարևոր է, որովհետև մենք միշտ դեմ ենք եղել այդ ինքնագլուխ ջոկատներին։ 

Հիմա այդ ռազմամարզական կառույցները կան, գործում են, օրինակ՝ մենք վերջին անգամ մասնակցել ենք Վարդենիսի՝ Զոդի դեպքերին, մեզանից գոհ են մնացել, մյուս անգամ էլ ենք մասնակցելու, մեզ ուղղակի ստատուս է պետք տալ, որովհետև մենք արդեն կանք։

– Իսկ ինչո՞ւ չեն տալիս, ձեզ համար գոնե պա՞րզ են պատճառները, պարո՛ն Գևորգյան։

– Մի քանի ձևով կարելի է բացատրել․ այդ ընդհանուր շղթայում կան սաբոտաժ անողներ, կան անփորձություն, անլրջություն, մրցակցություն, թե որ կառույցը դա կանի, ինչքան մենք դանդաղ ենք գործում, այդ արանքում հայերի կյանքեր են պակասում: 

Որպեսզի պատկերացնեք՝ ասեմ. ես մարդ եմ մարզել, որը սեպտեմբերյան դեպքերին հստակ գրանցված թշնամու խոցում ունի, բայց ինքը դեռ զենք չունի, պատկերացնո՞ւմ եք։ Նա մարզվել է իմ զենքով, որն իր հերթին որոշակի խախտում է, որովհետև քո զենքը չպետք է տրամադրես մարդկանց, բայց այս երկրում տեղ չկա, որ մարդկանց դիպուկահար զենք տրամադրեն, ինքն էլ կրակի։ 

Մի խոսքով՝ բոլոր տեղերով խայտառակություն է, ո՞րը պատմեմ, մենք ենք, որ ճակատներս տված՝ ուղղելով փորձում ենք առաջ գնալ: Բախտներս բերել է, որ մի քանի տասնյակ ընկերներ ենք, չենք հիասթափվում՝ ի տարբերություն շատ-շատերի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am