Հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով․ ՇՄ-ն զգուշացնում է

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

Կրակ վառել

Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել

Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել

Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:

Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում