Եթե արցախցիները Հայաստանում պաշտպանություն ունեն, էլ ի՞նչ փախստականի կարգավիճակի մասին է խոսքը. Արա Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը

– Պարո՛ն Ղազարյան, Հայաստանի Կառավարության կողմից բռնի տեղահանված արցախահայերին «ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի» վերաբերյալ ձեր մեկնաբանությունն եմ խնդրում, ի՞նչ է այն տալու արցախահայերին:

 – Սա օրենքով սահմանված կարգ է, տրվում է այն անձանց, որոնք բռնի տեղահանված են, չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր, չունեն քաղաքացիություն կամ օտարերկրացի են, մինչև նրանց վերաբերյալ վերջնական որոշում կայացվի: Հայաստանի պայմաններում վերջնականն այն է, որ այդ մարդիկ ի վերջո ծագումով հայեր են, կարող են դիմել ու պարզեցված և արագացված կարգով ստանալ քաղաքացիություն, ու դրանով ամբողջ պատմությունը կավարտվի:

– Այսինքն՝ օրինական առումով արտառոց ոչինչ չկա՞, այս ամենն օրենքի շրջանակներում է:

– Օրենքով նման բան կա սահմանված, ուղղակի այստեղ արժի հստակեցնել՝ Արցախի բնակիչները Հայաստանի՞ քաղաքացի են, թե՞ ոչ: Շատերն ունեցել են անձնագրեր, այստեղ կարող է խնդիր ծագել, բայց անհատական ընթացակարգով արդեն կորոշվի, թե ո՛վ է քաղաքացիություն ունեցել կամ ունի և ո՛վ չունի: 

Նրանք, ովքեր ունեն քաղաքացիություն, բնականաբար, ոչ միայն չեն կարող դիմել, այլև անիմաստ է դիմելը, որովհետև նրանք առանց այդ էլ որպես քաղաքացի պաշտպանության ներքո են: Այն պաշտպանությունը, որը տրամադրվում է փախստականներին, նրանք վերցնում են քաղաքացիության հիմքով:

– Պարո՛ն Ղազարյան, բայց Արցախում բոլորն ունեն կապույտ անձնագիր, չէ՞:

– Բոլորն ունեն՝ չգիտեմ, այդպես բոլորն են ասում, ինձ մոտ էլ է տպավորություն եղել, որ բոլորն ունեցել են կապույտ անձնագիր, այսինքն՝ քաղաքացիություն ունեցել են: 

Իհարկե սա չի վերաբերում բոլորին, վերաբերում է նրանց, ովքեր չունեն քաղաքացիություն ու կարող են դիմել ու քաղաքացիություն ստանալ: Հիմա՝ եթե ես լինեմ որոշողը, բնականաբար, ավելի լավ է քաղաքացիություն ստանամ, քան ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ, եթե որոշել եմ մնալ ու ապրել Հայաստանում, բայց եթե անգամ չեմ ուզում ապրել Հայաստանում, էլի կարող եմ ստանալ քաղաքացիություն և մեկնել Հայաստանից: Այլ բան է, որ միտք ունի դիմելու՝ ապաստան ստանալ այլ պետությունից:

– Այսինքն՝ այն առարկությունները, որ այս փաստաթուղթը տվյալ մարդկանց չի տալիս միջազգային իրավունքով սահմանված փախստականի կարգավիճակ, իրականությանը չե՞ն համապատասխանում:

– Մեր օրենքը նման կարգավիճակ տալիս է, ու օրենքում նշվում է՝ ո՛ր իրավունքներով ու պարտականություններով են հավասարեցվում փախստականի կարգավիճակին: Հիմա՝ եթե Հայաստանը նրանց տալիս է փախստականի կարգավիճակ, ելնելով նրանց ժամանակավոր կարգավիճակից, ապա դա բոլոր պետությունների կողմից արդեն ճանաչվում է, թեկուզ պրակտիկայում ես ունեցել եմ դեպքեր, երբ Հայաստանի տված փախստականի կարգավիճակը, ասենք, այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է, տվյալ մարմինները չեն ճանաչել, բայց դա արել են կամայականորեն, ոչ թե օրենքով սահմանված կարգով: 

Հիմա, եթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին, օրենքի ուժ ունի, բայց ամբողջ հարցն այն է, որ այստեղ՝ ներսում, ընթացակարգերի միջոցով, երբ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են փախստականի կարգավիճակին, տարբեր մարդկանց նկատմամբ իհարկե տարբեր որոշումներ կարող են կայացվել, դրա համար էլ գոյություն ունեն անհատական ընթացակարգեր: 

Նրանք կարող են չներկայացնել ապաստանի հայց, բայց գրանցման ընթացակարգ, ստուգել փաստաթղթերը, ասենք, ստուգում են փաստաթղթերը, մեկ էլ պարզվում է, որ նա քաղաքացիություն է ստացել, այդ դեպքում արդեն անիմաստ է, որ այդ մարդը նման կարգավիճակ ստանա:

– Արցախահայերն այս փաստաթղթով ունենալո՞ւ են այն բոլոր իրավունքները, որոնք ունի Հայաստանի քաղաքացին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:

– Եթե Հայաստանի քաղաքացի չէ, բոլոր իրավունքները կունենա, բացի ընտրելու և ընտրվելու՝ համապետական ընտրությունների մասնակցելու իրավունքից, այսինքն՝ քաղաքական իրավունք չի ունենա, թեև որոշ, օրինակ՝ հանրահավաքների մասնակցելու իրավունք կունենա, բայց պետության կառավարման համակարգի կայացմանը չի կարող մասնակցել:

Ժամանակավոր կարգավիճակ են տալիս, որպեսզի մնացած իրավունքներից՝ աշխատանքի, կրթության և այլն, օգտվեն: Սովորաբար սա արվում է ապաստան հայցողների պարագայում, նրանք շարունակում են ունենալ բոլոր իրավունքները՝ մինչև վերջնական որոշման կայացումը՝ նրանք փախստակա՞ն են, թե՞ ոչ: 

Կոնվենցիայում էլ կա դրույթ, որ պետությունները կարող են ժամանակավոր կարգավիճակ սահմանել՝ մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, այսինքն՝ նման ընթացակարգը, ըստ էության, չի հակասում ՄԱԿ-ի Փախստականի կարգավիճակի մասին կոնվենցիային:

– Պարո՛ն Ղազարյան, ձեր մասնագիտական գնահատմամբ՝ կոնկրետ հիմա արցախահայերին նման կարգավիճակ տա՞լն էր ճիշտ, թե՞ այլ բան էր պետք անել:

– Այստեղ Հայաստանը չի որոշում, որոշում է տվյալ անձը, նրա կամքն է՝ ուզո՞ւմ է դառնալ քաղաքացի, թե՞ չի ուզում: Հիմա, եթե ժամանակին ստացել է Հայաստանի Հանրապետության անձնագիր, բնականաբար չի կարող ու անիմաստ է մի հատ էլ փախստականի կարգավիճակ ստանալ, որովհետև այդ կարգավիճակն ինքնանպատակ չէ, այն կոնկրետ դերակատարություն ունի: 

Կարգավիճակի նպատակն է, որ այդ անձն անցնի ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտպանության ներքո, ու նրան չվերադարձնեն իր ծագման երկիր, այսինքն՝ հիմնականում տրվում է չվերադարձնելիության սկզբունքն ապահովելու համար: Դա միջազգային իրավունքի պարտադիր նորմ է, որ նրան չվերադարձնեն, չարտահանձնեն կամ չվտարեն իր ծագման երկիր, որտեղ նրան սպասում են խոշտանգում, կյանքից զրկում կամ արդարադատության իսպառ բացակայություն: 

Փախստականի կարգավիճակի միակ նպատակը սա է, այսինքն՝ պաշտպանություն: Հիմա, եթե արցախցիները Հայաստանում պաշտպանություն ունեն, էլ ի՞նչ փախստականի կարգավիճակի մասին է խոսքը, այսինքն՝ արցախցու տեսանկյունից անիմաստ եմ համարում: Հիմա թող արցախցիները որոշեն՝ դիմել ու քաղաքացիությո՞ւն ստանալ, թե՞ գնալ ու այլ երկրում ապրել: 

– Պարո՛ն Ղազարյան, հիմա ի՞նչ է ստացվում, որ Արցախի Հանրապետությունում ապրող քաղաքացիները Հայաստանի քաղաքացի չե՞ն եղել:

– Նրանք, ովքեր ունեցել են անձնագիր, եղել են նաև Հայաստանի քաղաքացի, ովքեր չեն ունեցել, նշանակում է քաղաքացիություն չունեցող անձինք են: Ովքեր ունեցել են Խորհրդային Հայաստանի անձնագրեր, նրանք կարող են ձեռք բերել քաղաքացիություն, այսինքն՝ այստեղ որոշումը ոչ թե Հայաստանն է կայացնում, Հայաստանը Ռուսաստան չէ, որ բերի ու բոլորին ուժով անձնագրեր բաժանի, հետո ասի՝ ես պարտավոր եմ նրանց պաշտպանել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am