«Ոստիկանությունը էմոցիոնալ տեքստեր հաղորդելիս ուզում է ցույց տալ, որ գործ են արել». Արշակ Գասպարյան

Պեմզաշենում 31-ամյա մոր և նրա երեխաների սպանության դեպքի վերաբերյալ տեղեկությունները հաղորդելիս ոստիկանությունը, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանի համոզմամբ, թույլ է տվել մարդու իրավունքներին առնչվող մի քանի կոպիտ խախտումներ: «Ոստիկանությունը հրապարակում է մեղադրյալի հոգեկան առողջության վերաբերյալ տվյալներ, մինչդեռ դա բժշկական գաղտնիք է ու չի կարելի հրապարակել: Սա մարդու իրավունք է, չի կարելի: Օրինակ՝ եթե հոգեկան առողջություն չլիներ, լիներ լյարդի ցիռոզ, պիտի բարձրաձայնեի՞նք, սիֆիլիս լիներ, պետք է բարձրաձայնեի՞նք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գասպարյանը:

Դիտարկմանը՝ թերևս ոստիկանությունը փորձել է այդպիսով ավելի պատկերավոր ներկայացնել կատարվածը, Արշակ Գասպարյանն արձագանքում է. «Իրավապահ համակարգի խնդիրը չէ դրվագները պատկերավոր կամ ազդեցիկ ներկայացնել, իրավապահ համակարգի խնդիրը ամենավերջին ստահակ արարքն արած մարդու իրավունքը պաշտպանելն է»:

Նկատենք՝ Պեմզաշենում մոր և նրա երկու մանկահասակ երեխաների սպանությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 9-ին: Ոստիկանությունը, այնուհետև՝ քննչական կոմիտեն կատարվածը տարբեր մանրամասնություններով ներկայացրել էին և ընդգծել, որ հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանը, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

«Մենք պետություն ենք և ունենք իրավապահ համակարգ, որի համար չի կարող լինել սև, սպիտակ, դեղին, ինչ-որ վարակ կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ, առավել ևս, երբ նրա վերջնական մեղավորության վերաբերյալ դատական ակտ գոյություն չունի: Ես մեղադրում եմ իրավապահ համակարգին, որը հայտնում է մարդու առողջության վերաբերյալ անձնական տեղեկատվություն, որը կարող է ուղիղ կապ ունենալ գործի բացահայտման, ապագայում՝ պատիժ նշանակելու հետ»,- նշում է Արշակ Գասպարյանը:

Ըստ փորձագետի՝ անթույլատրելի է նաև ոստիկանության մեկ այլ արարք, երբ հրապարակել էին մեղադրյալի հարցաքննությունից մի հատված. «Ոստիկանությունը հրապարակում է մեղադրյալի հարցաքննությունից մի կտոր՝ այս անձը աղջկան հարցրեց՝ դու ինձ ճանաչո՞ւմ ես, և դրական պատասխան ստանալուց հետո դանակի հարված հասցրեց: Սա ևս կարևոր տեղեկություն է, բայց դեռևս չգիտենք՝ այդ անձը իր տված ցուցմունքներից հրաժարվելո՞ւ է, թե՞ ոչ, այդ ցուցմունքները արժանահավա՞տ են, թե՞ ոչ, այդ ցուցմունքները իրավաչա՞փ են վերցրել նրանից, թե՞ ոչ: Սրա դեմ պետք է խոսի փաստաբանը»:

Ոստիկանության հրապարակած տեղեկության այդ դրվագը վերաբերում էր 32-ամյա Վրույր Բարսեղյանին, և վերջինի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը այս պահին հրաժարվում է հարուցված քրեական վարույթի նախաքննության վերաբերյալ որևէ բան ասել: «Այս պահին մենք չենք խոսում, եթե որոշենք որևէ բան ասել, կանենք հայտարարություն»,- «Մեդիալաբի» հարցին ի պատասխան ասում է Աղաջանյանը:

Արշակ Գասպարյանի խոսքով՝ հայաստանյան արդարադատությունը կայանում է երկու մրցակցային սկզբունքով՝ մեղադրող ու պաշտպանող, ու երկու կողմն էլ հավասար են:

Կատարվածի վերաբերյալ տեղեկությունը հաղորդելիս, ըստ Գասպարյանի, ոստիկանությունը կարծես արդեն դատավճիռ է կայացրել՝ հանցանքը գործել են հենց այս մարդիկ:

«Այս աղմկահարույց գործում դեռ հազար հարց կա, որ մնացել է անպատասխան: Դրանք դեռևս պետք է պարզել, բայց ոստիկանությունը հերիք չի՝ պարզել է, մի հատ էլ վերդիկտ է կայացրել, որ այս մարդիկ են մեղավոր, որովհետև տվել են ինքնախոստովանական ցուցմունք: Ինչ-որ մեկը, որին մի քիչ վախեցնես, կարող է նման բան պատմել՝ մենք մտանք, ուզում էինք գողանալ, գողությունը չեղավ, բռնություն գործադրեցինք, սպանեցինք դուրս եկանք: Եթե դու մտել ես, որ գողություն կատարես, դու պետք է իմանայիր, որ այդ տանը կա փող, եթե մտել ես, այդ փողը չկա, փախնում ես: Հարցերը շատ են»,- նշում է փորձագետը:

Քրեական արդարադատության ոլորտի փորձագետն ընդգծում է՝ անձի հոգեկան առողջության կամ նրա կողմից երեխային սեռական բռնության ենթարկելու մասին տեղեկությունները խարան են և կարող են պիտակավորել անձին, հետևաբար ո՛չ ոստիկանությունը և ո՛չ էլ լրատվամիջոցները այդ մասին տեղեկությունները չպետք է տարածեին:

«Դրանք խարան են և կարող են ազդել ոչ միայն մեղադրվող անձանց վրա, այլև նրանց ընտանիքի անդամների, նրանց մերձավոր անձանց հետագա կյանքի վրա: Իրավապահ համակարգին պետք է ասել, որ, եղբայր, մարդիկ ձեզ համար հավասար պետք է լինեն, մարդը երեխա է կտրտել, թե կողոպուտ է արել, ոչ մի նշանակություն չպետք է ունենա պետական համակարգի համար: Քաղաքացիները կարող են տուրք տալ էմոցիաներին, բայց ոչ պետական ապարատը: Պետական մարմինները պետք է զսպեն այս ամենը ու հավասար մոտենան մարդկանց: Մինչդեռ ոստիկանությունը էմոցիոնալ տեքստեր հաղորդելիս ուզում է ցույց տալ, որ գործ են արել: Բայց դա մարդու իրավունքների խախտում է, ինչների՞դ է պետք, եղբայր»,- նշում է Արշակ Գասպարյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am