Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված
Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված

«Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը հետեւանք է նրա, որ Ալիեւն, ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեց կրակոցներով: Ինչպես նաեւ, կա հակամարտությունը կառավարելի պահելու խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ ԼՂՀ հարցի վերաբերյալ նախօրեին տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի Լոս Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել են համատեղ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Հայտարարության մեջ ամրագրում կա. «Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ կոպտորեն խախտում է հրադադարը եւ շարունակաբար սադրանքներ կազմակերպում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ, կարող եմ ավելացնել նաեւ, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը»:

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի օրերին Ադրբեջանը մի քանի սադրիչ «օպերացիաներ» իրականացրեց, որոնց արդյունքում եղան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Ստեփան Սաֆարյանը ողջունում է համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը՝ ընդգծելով, որ հայտարարության «մեջ թեեւ ոչ բավարար չափով, այնուհանդերձ՝ կա պատշաճ գնահատական Ադրբեջանի պահվածքին»: Սա, ըստ նրա, նշանակում է, որ միջազգային հանրությունն այլեւս համոզվել է, որ կոնֆլիկտը կարող է վերաճել շատ լուրջ հետեւանքների հանգեցնող մի իրավիճակի, որի պատճառն, ըստ էության, Ադրբեջանի ռազմատենչությունն է: Այնուհանդերձ, մեր զրուցակիցն ընդգծում է, որ միջազգային հանրությունը մի բան պետք է հասկանա՝ սադրանքների համար կամ մեղավորության պատասխանատվության հավասարաչափ բաշխումը կողմերի վրա էապես սրում է հակամարտությունը. «Պետք է հասկանան, որ ԼՂՀ-ի բացակայությունը բանակցային գործընթացներից նպաստում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը եւ գործողությունների կատարմանը: Պետք է գիտակցեն, որ եթե տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մի երկիր կա, ապա դա Ադրբեջանն է՝ իր ռեւանշիստական նկրտումներով: Հետեւաբար, եթե իրենց գնահատականներում արդար չեն գտնվելու, եթե հակամարտության կառավարման ընթացքում արդարության սկզբունքը չեն պահելու, ապա այդ դեպքում ամենառեալ հեռանկարը վերսկսված պատերազմն է»:Կարդալ ավելին