«Տունը, խանութը չկան, թուրքերը վառել են, բայց հողը մեզ տան, կգնանք, կապրենք»․ Հադրութից Արարատ՝ հույսով եւ ցավով

33-ամյա Նորա Գրիգորյանի ընտանիքը Արցախյան պատերազմի հետևանքով Հադրութից տեղահանվել և ապաստան է գտել Արարատի մարզի Բանավան (Զոդ) համայնքում։

Ասում է՝ չնայած լսել է, որ Հադրութի իրենց տնից ու մթերային խանութից բան չի մնացել, ադրբեջանցիները վառել են, բայց այժմ մի բանի մասին է երազում՝ Հադրութը վերադարձվի հայերին, ու ինքն էլ ընտանիքով տեղափոխվի իր սիրելի քաղաքը։

«Խոսակցություններ կան՝ Հադրութը մեզ տան: Ոչ մի բան չեմ ուզում, գնանք մեր հողը։ Տունը, խանութը չկան, ինտերնետում տեղադրված տեսանյութերում տեսել եմ՝ վառված են, թուրքերն են վառել։ Մեկ ա, էստեղ էլ ոչ մի բան չունեմ, կգնանք, կապրենք, իմ երեխեքի մանկությունը, իմ ապագան էնտեղ են»,- «Մեդիալաբին» ասում է Նորա Գրիգորյանը։

Նորան Արցախից տեղահանված հազարավոր հայերի պես տնից դուրս գալիս չի մտածել, որ այլևս չի կարողանալու վերադառնալ հայրենիք, այդ պատճառով նաև որևէ իր չի վերցրել։ 

44-օրյա պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին են վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական կողմին անցած բնակավայրերի թվում էր նաև ԼՂՀ հարավ-արևելքում գտնվող Հադրութի շրջանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանում բնակեցված բնակավայրերի թիվը 43 էր, բնակչության թիվը՝ շուրջ 15.000: 

«Մտածում էինք՝ ապրիլյան պատերազմի նման կլինի, կգնանք, հետ կգանք տուն։ Ոչ ոք չէր պատկերացնում էսպես կլինի։

Ես պարանից մենակ մի զույգ շոր եմ վերցրել՝ թաց-թաց։ Երեխեքը՝ պիժամայով մենակ կարողացել ենք, դուրս ենք եկել։ Ոչ մի բան չենք կարողացել վերցնել, անգամ որևէ փաստաթուղթ։ Մենք դիվիզիայի մոտ էինք ապրում, առաջինը խփեցին դիվիզիային, վտանգը շատ մեծ էր, միանգամից դուրս եկանք»,- պատմում է Գրիգորյանը։


Նշում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ինքն անգամ տնից դուրս չի եկել, բայց այս անգամ արդեն հասկանում էր, որ կարող է  երեխաների համար վտանգավոր լինել, և ի վերջո որոշել է դուրս գալ: 

«Ապրիլյանի ժամանակ էլի ամուսնուս տարել էին դիրքեր, երեխեքս ավելի փոքր էին, ես իմ երկու երեխեքի հետ դուրս չէի գալիս: Անընդհատ ասում էին՝ խի՞ դուրս չես գալիս, պուճուր երեխեք ունես, ասում էի՝ ոչ մի բան չի լինի, բանը դրան չի հասնի: Կատակում էին, ասում էին՝ վախ չկա մեջդ, էս ժամանակ էլ չէի վախենում, բայց որ մոտակա գյուղին խփել էին, վիրավոր էլ կար, մտածեցի՝ արդեն լուրջ է, իրոք երեխեքին հանեմ, գնացինք կեսուրենցս մոտ՝ Ծակուռի գյուղ, էն էլ երկու օր չմնացինք, եկանք Հայաստան»,- պատմում է Գրիգորյանը։

Նորա Գրիգորյանի ընտանիքը Արարատի մարզում տուն է վարձակալել, ասում է, որ եթե մինչ այս կարողացել են տան վարձը փակել պետությունից ստացած գումարով, այս ամիս արդեն չգիտեն, թե ինչ պետք է անեն: Գումարը վերջացել է, իսկ աշխատանքի ընդունվելու բոլոր փորձերը մինչ այժմ ապարդյուն են եղել:

«Գրանցվել եմ, ինձ սնունդ տալիս են, ինչով կարողացել՝ օգնել են, բայց ամեն դեպքում ես էս պահին ոչ մի բան չունեմ, երեխեքը դպրոց են գնում, տան վարձը չենք հասցնում, հլը որ անհույս վիճակ ա։

Սկզբում ասեցին, թե Հադրութի բնակիչներին 300 հազար դրամները տալիս են, իմ երեխեքը ռեգիստրում չկան, մինչև հիմա երեխեքի գումարը չենք ստացել, ինչ էլ ստացել ենք՝ առաջին անհրաժեշտ բաներն ենք առել, էս ընթացքում տան վարձն ենք տվել, բայց էս ամիսը արդեն դժվարանում ենք։

Գործ ենք ման գալիս, որտեղ մոտիկանում ենք, չգիտենք՝ պատճառն ինչ ա, մերժում են, անընդհատ պատճառաբանում են, թե վատ ամիս ա, չեն կարող աշխատող վերցնել։ Բանվորից սկսած պահակից վերջացրած դիմում ենք աշխատանքի։ Համարներ ենք անընդհատ թողում, գուցե մի բարի մարդ գտնվի, գոնե գործով ապահովի։

Հադրութում սեփական խանութ ունեի, մթերային խանութ էր, աշխատացնում էի, ամեն ինչ կար։ Հիմա չգիտեմ, մնացել ենք Աստծո հույսին։ Նախքան պատերազմը ապրում էինք, իսկ հիմա հազիվ գոյատևում ենք»,- նեղսրտած ասում է Նորա Գրիգորյանը։

Ասում է, որ չգիտի՝ ինչ կլինի, ամեն ինչ անորոշ է, բայց շատ է ուզում հենց Հադրութ վերադառնալ։ «Ամեն ինչը կարոտել եմ, ամեն ինչը ուրիշ է՝ օդը, բնությունը, իմ համար հարազատ է էնտեղ։

Ես չեմ վախենում էնտեղ գնալուց, եթե Հադրութը հետ տան, կգնամ, ռուս խաղաղապահը էնտեղ ա, մեր բանակը էնտեղ ա, կգնամ, բայց մենակ Հադրութ, ուրիշ տեղ չեմ ուզում»,- ընդգծում է Նորան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am