Կոռուպցիոն հանցանքի համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ. FIP.am

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը, որը մեղադրվում է կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, նշանակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

2022 թ. փետրվարի 4-ին ընդունված որոշումը ստորագրել է ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը:

Բաբայանին 2018 թ. հոկտեմբերի 31-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար էր նշանակել այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը: 2020 թ. փետրվարին նա ազատվել էր պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:

Բաբայանը չէր հիմնավորել իր ազատման պատճառները, սակայն այդ ընթացքում Factor.am-ը գրել էր, որ նա Աջափնյակ համայնքի ազդեցիկ բնակիչներից մեկի՝ Շինանյութի կամ Ջերմուկի Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն էր տվել՝ առանց թույլտվության:

2020 թ. մայիսին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, ըստ ՔԿ հաղորդագրության, Բաբայանը վ/շ համապատասխան աշխատակցի հայտնաբերած և իրեն ներկայացված՝ Նազարբեկյան փողոցում ինքնակամ շինություններ կառուցելու վերաբերյալ տվյալները չի ուղարկել Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

2021-ի հունվարին Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարեց, որ «Սուտ մատնությամբ և հիմքերի բացակայությամբ հարուցված քրեական գործն այլևս անցյալում է» և քրեական գործով վարույթը կարճվել է։

Սակայն Գլխավոր դատախազությունից «Փաստերի ստուգման հարթակի» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ 2021 թ. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու որոշման օրինականությունը ստուգվել և վերացվել է: Արդյունքում, քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Հայկի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2022 թ. փետրվարի 16-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ 

Այսինքն՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու պահին և դրանից հետո Բաբայանը դեռ մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Նշենք, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը համարվում է կոռուպցիոն հանցագործություն, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով 

Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Գևորգ Բաբայանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ:

Փաստերի ստուգման հարթակ