Ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը

Ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը
Ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը

Մայիսի 15-ին Մեդիա կենտրոնում առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգը, որում մասնավորապես առաջարկվում է իրավական սահմանում տալ ընտանիք հասկացությանը:

Հայեցակարգի ստեղծման աշխատանքային խմբի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից՝  երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Վարդան Գևորգյանը նշեց, որ  ընտանիքի իրավական սահմանումը Հայաստանում  առաջին անգամ է ձեռնարկվում:  Ըստ բանախոսի՝ մինչև հիմա տրվել է տնային տնտեսություն հասկացության սահմանումը, բայց ոչ՝ ընտանիքի:

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը և նախարարությանը կից Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ  Վարդան Գևորգյանը անդրադարձան Հայաստանում ընտանիքի քաղաքականության ռազմավարությանը և երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Վարդան Գևորգյանը մատնանշեցոր «Ընտանիքի ազգային քաղաքականության ռազմավարության» նոր հայեցակարգով տրվելու են  21-րդ դարում նախընտրելի ընտանիքի մոդելների առաջարկները՝ խրախուսելով մայր-հայր-երեխա մոդելի ընտանիքը: Գևորգյանն ընդգծեց, որ չեն խրախուսվելու արևմուտքում տարածված նույնասեռականների,  միայնակ մայրերի կամ նմանատիպ այլ տեսակի ընտանիքները: Հայեցակարգը դրվելու է հանրային քննարկման:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ.-ը հայտարարված է ընտանիքի տարի. կառավարությունն իրականացնում է երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը երեխային հասարակությունից չմեկուսացնելն է և ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանումն ու սոցիալականացումը:

«Երեխաների սոցիալականացման լավագույն միջավայրը ընտանիքն է և մեր գործողությունները միտված են մանկատների և նմանատիպ հաստատությունների բեռնաթափմանը՝ երեխաներին ընտանիքներ վերադարձնելու և այլընտրանքային հաստատություններում ներգրավելու միջոցով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Դավիթ Հակոբյանը՝ նշելով, որ նախարարության համակարգում այժմ գործում են 6 մանկատներ և 8 գիշերօթիկ հաստատություններ:

«Մինչև հիմա խնամքի կարիք ունեցող երեխաների հարցերը կարգավորվել են խորհրդային համակարգի իներցիայով՝ նման երեխաներին միանգամից ուղղորդելով մանկատներ»,- ասաց Վարդան Գևորգյանը՝  շեշտելով, որ այլընտրանքային խնամքի տարբերակները միայն խնամատար ընտանիքները չեն, եթե հնարավարություն կա, պետք է փորձել երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիք:

«Մենք աշխատում ենք այն սկզբունքով, որ ցանկացած հարց կարելի է հետաձգել, բացի՝ երեխաներին վերաբերող հարցերից»,- ավելացրեց Հակոբյանը:

Վարդան Գևորգյանի կարծիքով՝ երեխաների պաշտպանության ոլորտում առաջնահերթ խնդիրներից է աղքատ ընտանիքների և առանց խնամքի մնացած երեխաների հանդեպ հոգատարության ստանձնումն ու նրանց մուրացկանությունից և այլ բացասական հետևանքներից պաշտպանումը:

«Մեդիա կենտրոն»