«Եթե Սերժն ընկավ, բոլորի հերթը գալու է, դրա համար Միշիկի ձեռքով կատաղի դիմադրություն է կազմակերպվել». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, ձեր կարծիքով ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Հայկական ժողովրդական խոսք կա՝ ջրի արագ գալը վերջանալու նշան է, ցամաքելու նշան է: Հիմա իրենց դեպքում այդ վիճակն է, քանի որ և՛ պետք է մուծվեն, և՛ պետք է նստեն: Նրանք չեն կարող պատասխան չտալ Հայաստանի Հանրապետությանը, ողջ ժողովրդին ու համայն հայությանը, քանի որ կասեցրել են պետության զարգացումը: 

Օլիգարխիա են առաջացրել, որը քրեորեն պատժելի է: Օրինակ՝ Գերմանիան ունի հակակարտելային օրենսդրություն: Հայաստանում նախկիններն իրենց նկատմամբ իշխանության թուլությունը, մեղմությունը տեսնելով՝ ակտիվացել են: 

Հիմա միջազգային հետախուզում է հայտարարված նրանց նկատմամբ: Ի դեպ, վիրուսը նրանց փրկում է, բայց դա հավերժ չի կարող տևել, և հուսանք, որ այդ հետախուզումը Վանո Սիրադեղյանի հետախուզման նման չի: 

– Առաջին անգամ էր, որ Միքայել Մինասյանը երևաց մարդկանց՝ տեսանյութի միջոցով: Ձեր կարծիքով ինչո՞ւ:

– Հայաստանում, իհարկե, կան դժգոհներ: Մի մասը դժգոհ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը էդ բոլորին անկյուն է կանգնեցրել: Ոմանք ասում են, թե այս ամենը սարքովի է: Այսինքն՝ դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը սարքեց էս գործը, որ ամբողջ գերդաստանով նստի՞: 

Մյուս կողմից՝ ժողովուրդը դժգոհ է, որ ռեալ արդյունք չի տեսնում, չնայած կորոնավիրուսի այս ընթացքում ծախսերի գումարների մի մասը դրանց մուծած գումարներից է: 

Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ երկու կողմերն էլ դժգոհ են: Բայց քանի որ առաջինները գողական պրագմատիկներ են, իրենք գիտեն, որ իրենց փրկությունը Նիկոլի վարկաբեկման մեջ է, որովհետև Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը բացառապես և հիմնականում մեկ մարդու անհատական խարիզմայի վրա է հիմնված: 

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջնում է, բայց այնքան չի իջնում, որքան իրենք կուզեին, դրա համար Նիկոլին պետք է խփեն մինչև վերջ՝ մեկուսացնելով, տարբեր գործերի մեջ քաշելով, թույլ կողմերն օգտագործելով: Հիմա նրանց գերնպատակը դա է, բայց նրանք մի տգիտություն ունեն՝ երբեք ժողովրդի հետ առնչություն չեն ունեցել, հատկապես Սերժ Սարգսյանը երբեք ժողովուրդ չի տեսել, արհամարհանքն էլ ժողովրդի նկատմամբ, բոլորս հիշում ենք: 

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբ ասում են ժողովուրդ, նկատի ունեն իրենց, իրենց վարորդներին ու իրենց քծնողներին: 

Էդ քծնողների մեջ են նաև մշակույթի որոշ գործիչներ՝ բանաստեղծներ, գրողներ: Հիմա այդ ամբողջ զանգվածն իր փրկությունը տեսնում է Նիկոլին վարկաբեկելու մեջ: 

Ճիշտ է, հիմա ժողովուրդը շատ բաներից դժգոհ է, բայց նրանց հաստատ հետ չի բերի: Հիմա նրանք սխալ են անում, որ այդ ուղղությամբ իրենց արշավն ուժեղացնում են, քանի որ եթե այսպես շարունակեն, ժողովուրդը մահակները կվերցնի, իշխանության նեյնիմները հաշվի չի առնի, կգա ու բոլորի նկատմամբ հաշվեհարդար կտեսնի: 

Առաջ չէին անում, որովհետև շատ բան չէին իմանում: Օրինակ՝ ես էլ չգիտեի, որ այսքան կողոպտել են երկիրը, սպանել մարդկանց և հիմա չեն ուզում նստել: Հիմա իրենք հարցը տանում են կուլմինացիայի, և Նիկոլ Փաշինյանը, ուզի-չուզի, դրանց հարցը պետք է լուծի: Խոսքը գողապետության պարագլուխների մասին է: 

Հիմա երբ ասում եմ Միշիկ, հասկացեք Սերժ: Սա Սերժի պաշտպանական վերջին բաստիոնն է: Էդ որ ասում են՝ Միշիկը փողեր ունի, Միշիկը չի, դրանք Սերժի փողերն են: 

Միշիկը լիազորված չի եղել երկիրը կողոպտել, որպեսզի դառնա խամաճիկ օտար պետության ձեռքին: Սերժն է եղել այդ ամենի հետևում: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դրսից թույլտվություն են ստացել կողոպտել երկիրը, որպեսզի Հայաստան պետությունը չկայանա, գազ չունենա: 

Նրանց հույսը վերջին շրջանում Պուտին պապան էր, մտածում էին, դե եթե Պուտինն ասի, ի՞նչ պետք է անեն: Բայց պարզվեց, որ հայ ժողովրդի կամքը վեր է ամեն ինչից: Էնպես որ, սա վերջին բաստիոնն է, վերցնում են Միշիկին, Սերժը բնից դուրս է գալիս: Ռուսներն ասում են՝ քերիր ռուսին, տակից դուրս կգա թաթարը: 

– Այսինքն՝ նախկինների այս ակտիվացումը որևէ կերպ չի՞ նշանակում, որ նրանց վերադարձի համար ճանապարհ է հարթվում:

– Դա ոչ մի դեպքում չի լինի, վստա՛հ եղեք: Մարդիկ, որոնք քաղաքական հոգեբանությունը, ազգային հոգեբանությունը չգիտեն, որոնք քաղքենի են, գիշեր-ցերեկ նվվալով ապրում են, բողոքելով ման են գալիս, չհասկացան հեղափոխության պաթոսը: Դա հայ ժողովրդի առաքելության դրսևորումն էր: 

Նման երկու դեպք մինչ այդ եղել էր՝ Արցախյան ազատամարտում, Ապրիլյան պատերազմում, սա էլ երրորդն էր: Պարզապես այդ ողորմելի լացկանները այդ առաքելությունը չեն հասկանում: Մենք տեսանք հայ ժողովրդի վերակերտումն ու վերածնունդը, այդ էներգետիկ պաթոսը, որի դեմ ոչ ոք չի կարող առնել: 

Դրա համար խառնվել են իրար: Նրանք հասկանում են, որ եթե Սերժն ընկավ, բոլորի հերթը գալու է: Պատերազմի ժամանակ ասում էին՝ հետևում Մոսկվան է, հիմա այս դեպքում՝ հետևում Սերժն է, դրա համար Միշիկի ձեռքով կատաղի դիմադրություն է կազմակերպվել: 

Բացի այդ, իրենց քարոզչամիջոցներով գաղափարական-քաղաքական մշակման են ենթարկում հայ ժողովրդին: Ժողովուրդն ուժեղ ճնշման տակ է: Այդ արշավը կազմակերպում է Սերժը, իսկ վերջին բաստիոնը փեսան է: Նաև համաշխարհային սոդոմ-գոմոր են կազմակերպում՝ է՛լ Պուտին, է՛լ Լավրով: Այս բոլորը գողապետությունը իր պարագլուխներով կազմակերպել է հայ ժողովրդի դեմ: Այս բոլորն անհեթեթ է, և պատասխան են տալու, վստա՛հ եղեք: Դրա համար իրենց հուսահատությունից կատաղել են:

– Միքայել Մինասյանը հայտարարել է, թե Վանեցյանի հետ իր հանդիպումը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հորդորով, սակայն ինքը մերժել է Փաշինյանի առաջարկը, քանի որ իր համար հայ ժողովրդի շահն է կարևոր: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

– Ամբողջ խնդիրն այն է, որ դա մենք ո՛չ կարող ենք հաստատել, ո՛չ հերքել, որովհետև ոչ մի առարկայական ապացույց գոյություն չունի: Բայց ես կարող եմ ասել, թե Միշիկ կոչվածն ինչ է անում:

Նա օգտագործում է սովետական ԿԳԲ-ի կեղտոտ տեխնոլոգիաները, ուրիշ ոչ մի բան: Առաջին հերթին ուզում են բարոյազրկել, երկրորդ՝ ապակայունացնել և ապակայունացնելուց հետո հակագրոհ կազմակերպել և այլն:

Այդ ողորմելիները չեն հասկանում՝ եթե այդ մոդելը արդյունավետ լիներ, Սովետը կմնար: Երկու տարի է՝ փեսա, ախպեր, քույր, ժողովրդի կյանքը կերան: Տիղմը ջրի երես է դուրս եկել: Երեսուն տարվա քափը դուրս է գալիս: Ազնվական այս ցեղերը, պարզվեց, որ ոչինչ չեն արել, բացի պետության թալանից, և դա արել են օտարի թելադրանքով: Սրանք հինգերորդ շարասյուն են:

Մանե Հարությունյան

MediaLab.am