Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է միջուկային անվտանգության սկզբունքները խախտելու մեջ

ԱՄՆ-ն ուրբաթ օրը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում միջուկային անվտանգության սկզբունքները խախտելու մեջ և ռուսական զորքերից պահանջել դադարեցնել ատոմակայանների հրթիռակոծումը, գրում է Ամերիկայի ձայնը։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմը թվիթերում գրել է, որ ճառագայթման մոնիտորինգի համակարգերը դեռ գործում են Ուկրաինայի մեծ մասում, սակայն Միացյալ Նահանգները անհանգստացած է Չերնոբիլի ատոմակայանի, ինչպես նաև Զապորոժիեի ատոմակայանի ռադիացիոն մոնիտորինգի տվյալների բացակայությամբ։

Երկու օբյեկտներն էլ ներկայումս գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ, սակայն շահագործվում են ուկրաինացի անձնակազմի կողմից՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության որոշմամբ, որոնք սպառնում են օբյեկտների անվտանգությանը:

«Մենք շարունակում ենք անհանգստանալ Ռուսաստանի անխոհեմ գործողություններով և միջուկային անվտանգության սկզբունքների խախտումներով», – ասել է Գրանհոլմը:

«Մենք դիտարկում ենք Խարկովի գիտահետազոտական հաստատությանը հասցված վնասի մասին հաղորդումները: Կարճաժամկետ հեռանկարում անվտանգության սպառնալիքը փոքր է, սակայն միջուկային օբյեկտների ռուսական շարունակվող հրթիռակոծությունը պետք է դադարեցվի»,- ասել է նա։

Գրանհոլմը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել Չերնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարման վերականգնման մասին տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ էներգետիկայի նախարարությունը հայտնել էր, որ բելառուս մասնագետները վերականգնել են Չերնոբիլի ատոմակայանի էլեկտրամատակարարումը։

Ներկայումս Ուկրաինան և նրա դաշնակիցները մտահոգված են այն ռիսկերով, որոնք առաջ են գալիս Ռուսաստանի ներխուժման հետևանքով ամբողջ երկրի միջուկային օբյեկտների, ներառյալ էլեկտրակայանների և հետազոտական կենտրոնների համար: