«Իրանը մեր տարածաշրջանում իր գերակտիվ քաղաքականության հիմնական հարթակ դիտարկում է Հայաստանը». Վարդան Ոսկանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Վարդան Ոսկանյանը

-Պարոն Ոսկանյան, Իրանի ԱԳ նախարարն օրերս հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արդեն վերացված է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով որոշ պնդումներ, թե բնավ էլ այդ լարվածությունը չի թուլացել և վաղ է նման բան հայտարարելը:

– Պետք է նշեմ, որ բացի քարոզչական տիրույթում իրանա-ադրբեջանական հակամարտությունից, գործ ունեն նաև հայտարարվող խողովակներ, մասնավորապես խոսվում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, և նաև իրանական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ ադրբեջանական կողմը փակ խողովակներով այլ, ավելի համեստ հռետորաբանություն է օգտագործում, իսկ ավելի բաց խողովակներով՝ բոլորովին այլ, ավելի թշնամական: 

Ակնհայտ է, որ այդ փակ խողովակներով ընթացող գործընթացներում որոշակի զիջումներ Իրանն Ադրբեջանից ստացել է: Սա է հետևանքը, որ Իրանից էլ ԱԳ նախարարի մակարդակով նման հայտարարություն եղավ: Բայց եթե մենք փորձենք հետևել իրանական լրատվամիջոցներին և ընդհանրապես քարոզչական տիրույթին, ապա առանձնապես լարվածության մեծ թուլացում նկատելի չէ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ենթադրաբար առնչություններ ունեցող լրատվամիջոցները շարունակում են բավական խիստ տոնայնությամբ հանդես գալ Ադրբեջանի դեմ և, ընդհանրապես, ի պաշտպանություն իրանական շահերի: 

Հետևաբար, ինչպես ես բազմիցս եմ նշել, իրանցիները Ադրբեջանի դեմ կիրառում են մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականություն: Զուգահեռաբար շարունակում է գործել նաև մտրակը, բայց մեկ այլ կարևոր հանգամանք կա, որը պետք պետք է հստակորեն արձանագրենք: 

Չնայած հայտարարություններին՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում որևէ խնդիր չի լուծվել: Այո՛, ընթացիկ խնդիրը լուծվել է, իրանցի վարորդներն ազատ են արձակվել, և որքանով ես եմ տեղյակ, իրանցի վարորդներին վերադարձնելու պայմանը եղել է այն, որ այդ վարորդները պետք է վերադառնան հենց Հայաստանի տարածքից, այսինքն՝ այն տարածքից, որտեղ նրանք ապօրինաբար ձերբակալվել են, և այդ պահանջն իրականացվել է Ադրբեջանի կողմից: Իսկ մնացած խնդիրները, որոնք ունեն խիստ խորքային բնույթ, չեն վերացել: 

Խոսքը վերաբերում է թե՛ ադրբեջանա-թուրքական ակտիվությանը հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական կամ աշխարհաքաղաքական մակարդակում, որից բխում է նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը հասնելու տենչը այս երկու թշնամական պետություններում, թե՛ թուրքական կողմից Իրանի շահերի սահմանափակմանն ուղղված զանազան գործողություններին, որի անմիջական մասնակիցն է Ադրբեջանը Հարավկովկասյան տարածաշրջանում, թե՛ բազմաթիվ այլ խնդիրների: 

Խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած վերջացրած մշակութային խնդիրների մի հսկայական խմբի, որոնք ոչ մի պարագայում չեն լուծվել: Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք, եթե նույնիսկ համարենք, որ այս փուլն անցած է, հանգած հրաբուխի հետ: 

– Իրանի ԱԳ նախարարը նաև նշել էր, որ մնացած խնդիրները աստիճանաբար կլուծվեն: Նա ակնարկում էր հենց ա՞յն խնդիրները, որոնք դուք նշեցիք:

– Կարծում եմ՝ նաև այդ խնդիրները: Մենք ունենք Ադրբեջան-Իրան հարաբերություններում հենց այսօր մեկ այլ խնդիր, որը պարբերաբար ծագում է. դա վերաբերում է Ադրբեջանի ներսում իրանամետ հավատացյալների ձերբակալություններին: 

Այդ մարդիկ, ըստ էության, Բաքվի բռնապետի հիմնական ընդդիմությունն են: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ներսում քաղաքական ընդդիմությունը տասնամյակներ շարունակ ճնշվել և մղվել է լուսանցք, շիական ընդդիմությունն Ադրբեջանի ներսում ամենաակտիվ ընդդիմությունն է, որ հանդես է գալիս նաև պարբերաբար քաղաքական պահանջներով: Հետևաբար, շիաների հանդեպ բռնաճնշումները Բաքվի բռնապետի կողմից նույնպես խնդիր են առաջացրել Իրան-Ադրբեջան հարաբերություններում, որի մասին իրանական մամուլը գրում է: 

Շատ կարևոր է, որ երբ մենք ասում ենք՝ մամուլ, արդի աշխարհում սոցիալական ցանցերը չափազանց կարևոր գործիքակազմ ունեն հանրային տրամադրությունների վրա ազդելու համար, և իրանական սոցիալական ցանցերի տիրույթը, ըստ էության, Ադրբեջանի հանդեպ որևէ փոփոխություն իր վերաբերմունքում չի գրանցել: 

– Իրանը բավական ակտիվացել է Հարավային Կովկասում: Տեսակետ կա, որ այդ երկիրը փորձում է մաս կազմել 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ընթացող պայմանավորվածություններին: Որքանո՞վ են տարածաշրջանի մյուս երկրները հաշվի առնում Իրանի գործոնը:

– Իրանը նախկին նախագահ Ռոհանիի հարավկովկասյան քաղաքականության տապալման հետևանքով, ըստ էության, դուրս մնաց հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացներից, և այստեղ հիմնական դերակատարները խոշոր տերություններից Ռուսաստանն ու Թուրքիան են դարձել: 

Բնական է, որ Իրանի նոր կառավարությունը, որը ներկայացնում է պահպանողական թևը, չէր կարող անտարբեր մնալ այս հանգամանքի նկատմամբ: Ուստի իրանցիները փորձում են իրենց ունեցած ամբողջ գործիքակազմը կիրառելով ներգրավվել հարավկովկասյան զարգացումներում: Գործիքակազմը շատ բազմազան է՝ սկսած ռազմական ուժի ցուցադրությունից, որի ականատեսը մենք եղանք, վերջացրած դիվանագիտական աշխատանքով: 

Ինչ վերաբերում է 3+3 ձևաչափին, ապա Իրանի նախկին ԱԳ նախարարը, ըստ էության, ցանկություն էր հայտնել մասնակցել այդ ձևաչափին, բայց, կարծում եմ՝ Իրանի ներկայիս իշխանությունների համար նման ձևաչափը ամենևին բավարար չէ, և Իրանի ներսում փորձագիտական շրջանակները, համենայնդեպս, համարում են, որ նման ձևաչափի առաջարկը փորձ է Իրանին ինչ-որ չափով ներգրավելու գործընթացներում, բայց ոչ այն չափով, ինչ չափով իրանական կողմը կուզենար: 

Իսկ իրանական կողմը շատ հստակորեն նպատակադրված է Հարավային Կովկասում իրականացնել գերակտիվ քաղաքականություն, և որպես այդ գերակտիվ քաղաքականության հիմնական հարթակ դիտարկում է Հայաստանի Հանրապետությունը: 

Ակնհայտ է, որ Վրաստանն Իրանի համար ռազմավարական իմաստով գործընկեր լինել չի կարող՝ հաշվի առնելով վրաց-ամերիկյան խոր հարաբերությունները, Ադրբեջանի հետ առկա բազմաթիվ խնդիրները չեն կարող թույլ տալ նման համագործակցություն: Բնականաբար, իրանցիներն աշխատելու են Հայաստանի հետ: Մենք պետք է հստակորեն հասկանանք ու արձանագրենք այս հանգամանքը և փորձենք օգտվել ստեղծված հնարավորություններից:

Մանե Հարությունյան

MediaLab.am