Անահիտ Ավանեսյանը հերյուրանք անվանեց ՔՊ-ի հավաքի մասնակցության համար բժիշկներին հրահանգ իջեցնելու լուրերը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, նշեց, որ բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների տվյալները հավաքագրվում են: Նպատակն այն է, որ ապահովվի նրանց ընտրելու իրավունքը: 

«Բոլոր բժշկական հաստատությունները, անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձինք հնարավորություն ունենան ընտրելու»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ, ասաց Անահիտ Ավանեսյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք հրահանգ է իջեցվել բուժաշխատողներին հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին մասնակցելու առնչությամբ, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նման բան չկա՝ անվանելով հերյուրանք: Նա բացառեց, որ այդ հարցով հորդոր եղել է: Անահիտ Ավանեսյանը խորհուրդ տվեց ահազանգերի վերաբերյալ տեղեկություններն ուղղել իրավապահներին: