Տիգրան Արզաքանցյան․ Անդունդի հարյավ և մեռելոցը

Հայ ազգի արգանդը միշտ էլ բեղուն է եղել գործարար, բանիմաց և երկրի ցավերով ապրող հայրենակիցներով ու երևելի անհատներով։ Ազգանվեր երեսփոխաններ ու գործարարներ ունենք, որոնք տվայտվելով երկրի խնդիրներով, իրենց կյանքն ու գործունեությունը տեղափոխել են արտասահման՝ Ռուսաստան, Ֆրանսիա և այլն։  

Դե քանի որ շատ են տառապել ու տքնել ազգի վերքերից, որոշել են մի քիչ հեռու մնալ ու դադար առնել ժողովրդի հոգսերից,  դե իրենք էլ են մարդ, իրենք էլ հանգստի, ջերմության ու կայունության կարիք ունեն։ Բայց դրսերում ժամանակը զուր չեն վատնել՝ ուսում են առել, հարստություն դիզել, իսկ հետո արդեն, հայրենիքի կորստյան կսկիծը սրտի տակ, վերադարձել՝ ծառայելու ազգին ու պետությանը։ Ազատ ժամանակ Նիցցայի մշուշոտ ափերին փռել են Հայաստանի քարտեզը և լալահառաչ խմել՝ սրտի կսկիծն այդկերպ ամոքելով։ 

Այսօրվա մեր հերոսը մարզային հայտնի գործարար է, Հայաստանի ալկոհոլային մայրաքաղաքի պատվավոր քաղաքացի, բարերար, ազգային ջոջ,  իսկ բուն մասնագիտությամբ՝ տեխնիկ-անասնաբույժ։   Մարդ, ում խոսքը գործ է։ Հուսանք՝ նա դեռ չի պատժվել մեկ այլ՝ խոսքի տեր մարդու կողմից։

Ծնվել է մեր կտրիճը այն բարգավաճ ու լուսավոր տարում, երբ Խորհրդային Միությունում ծաղկում էին կոռուպցիան ու հովանավորչությունը, պակասուրդի տնտեսությունն ու նավթային կախվածությունը, Ինդիրա Գանդին Հնդկաստանում վարչապետ էր դառնում, Բրեժնևը ինքնանշանակվում էր կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, Ժորժ Պոմպիդուն Դը Գոլի կառավարությունում վարչապետ էր նշանակվում, իսկ նրա համերկրացի Ֆրունզե Դովլաթյանն արդեն ստեղծել էր «Բարև, ես եմ» մրցանակների արժանացած ֆիլմը։

Արդեն 18 տարեկանում մեր կռվարար գործարարը ավարտում է հարազատ քաղաքի անասնաբուժական տեխնիկումը  և ստանում տեխնիկ-անասնաբույժի որակավորում։ Ճակատագրի հեգնանքով, ուշ խորհրդային շրջանում ծառայել է խորհրդային զինված ուժերում՝ որպես բուժաշխատող։ Թե ինչ խմիչքի ազդեցության տակ է խորհրդային սպայակազմը տեխնիկ–անասնաբույժին բանակում նշանակել բուժաշխատող՝ մեզ չհաջողվեց ճշտել։ 

May be an image of 1 person and indoor

Հետո արդեն, ինչպես իրեն հարգող ցանկացած խոպանահայ, բիզնեսով է զբաղվել մոսկվաներում ու ռուսաստաններում։ 

2003 թ. տեղական հեղինակությունների ու գործարարների քաղաքականացման ու կոպտացիայի հայեցակարգային կառավարման շրջանակներում, միանալով  քոչարյանական «շինարարական» շարժմանը, մեր հերոսը ԱԺ պատգամավոր է ընտրվում ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: 

Վերընտրվում է կրկին ՀՀԿ ցուցակով 2007-ին։ Հայտնի է, որ ազգափրկիչն այս այնքան է խորամուխ լինում ազգի դարդերին ու տենչանքներին, որ  գիշեր ու զօր անքուն է անցկացնում, հյուծվում ու գերջանադիր աշխատանքից հիվանդանում։ 

Այդ ազգահաճո  ծանր օրերի արդյունքում է, որ ֆիզիկապես ունակ չի լինում նիստերին մասնակցել ու 4-րդ գումարման Ազգային ժողովում 1630 նիստից 1371-ից բացակայում է՝ իհարկե բժշկական նպատակներով ու բուժման արտասահմանյան ուղևորություններով։ Դե այդ տարիների ու հետագայի որ մի իրեն հարգող պատգամավորն է բուժվել կամ բուժվում Հայաստանում։ 

Ի միջի այլոց, Հայաստանի խորհրդարանական պատմության մեջ ամենահայտնի բուժվող պատգամավորը, սակայն, մեր հերոսը չէ, այլ Գագիկ Ծառուկյանը։ 

Հավանաբար արդեն գուշակեցիք, որ այսօրվա մեր երևելին, ողջ Երևանը և երկիրը իր նախընտրական պաստառներով ողողած, մարդկային կապիտալի գուրու, անդունդագիտության լեզվաբան, Գավառից Փարիզ հայկական երազանքի մարմնացում Տիգրան Արզաքանցյանն է։ 

Սույն պարոնը գուժում է՝ ուժը մարդն է։ Իհարկե նա մեկ բութ էլ ավելացրել է ուժ բառի վրա, ստանալով՝ ուժը՝ մարդն է, բայց թերևս լրացուցիչ բութն այս դեպքում այլ սիմվոլիզմ ունի։

Արզաքանցյանի դեպքում թերևս ավելի կիրառելի կլիներ ուժը կինն է սկզբունքը, քանի որ նա «քաղաքական հյուրախաղերով» Հայաստանում է գտնվում մեծահարուստ տիկնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ։ Իսկ տիկինն իր հերթին ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի երկրորդ կինն է, որի հետ ամուսնալուծվել են այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը աղոթում էր Վովա Գասպարյանի հետ։ Այս դեպքերից հետո, կարելի է ասել՝ Արզաքանցյանի բախտը բացվեց։

ՀՀԿ-ական անփոփոխ պատգամավորը, որին, ի վերջո, Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով Գավառի քվոտայում փոխարինեց Մանվել Բադեյանը 2012-ին, հիմա էլ որոշել է վերադառնալ և Արա Աբրահամյանի քավորությամբ ու  «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» ղեկավար Արամ Սարգսյանի, նախկին ժառանգական Նարինե Դիլբարյանի ու հնչակյան Ռադիկ Կարապետյանի  հետ ազգին անդունդից հանել ու ապագայի հույս ներշնչել։  

Որպես բարձր ճաշակի և ռուս գեղեցկուհիների սիրահար, ֆրանսիական կոնյակագործության ու առանձնատնաշինության նվիրյալ՝  Տիգրան Արզաքանցյանը, սակայն, ոչ մի լուրջ գործով աչքի չի ընկել իր սեփական հայրենիքում։ Ժամանակին Հովիկ Աբրահամյանի հետ Կոտայքում ոսկու հանքարդյունաբերությամբ ու գերակա շահի առաջխաղացմամբ է զբաղվել, գինեգործարաններ է ունեցել որոնք սնանկացել են, բայց չի ընկճվել և իր բոհեմական կյանքը շարունակել է Ֆրանսիայում՝ Փարիզում։ 

Հիմա էլ, այս օրհասական պահին, հիշել է հայրենի եզերքն ու փրկության անխուսափելիությունը, դատաստանի ժամը և որպես իսկական հավատացյալ, նվիրյալ հայորդի որոշել է Արա Աբրահամյանի մասշտաբի գործչի խորհուրդների ներքո հեղեղել իր պաստառներով Երևանն ու Հայաստանը ու «կրկին փորձիր» սկզբունքով անցնել խորհրդարան՝ հավանաբար կրկին զարկ տալու բժշկագիտության կուրսերի ու  պատգամավորական անժամկետ  արձակուրդների։ 

Անցնող փուլում նա արդեն աչքի է ընկել կուռ քաղաքական կամքով, դարակազմիկ մտքերով ու հիմնարար արդյունքներով։ Օրինակ՝ բոլորովին վերջերս դոմինոյի մրցաշարում ջախջախիչ հաղթանակ տոնեց Կարմիրգյուղի մաթեմատիկայի ուսուցչի նկատմամբ:

Հաշվի առնելով կուռ մտքեր շարադրելու նրա բացառիկ տաղանդը՝ կա մտավախություն, որ մարզասեր էսթետը հավակնում է նվաճել հայոց քաղաքական պառնասի թոթովախոսության բոլոր բարձունքները։

Վահրամ Թոքմաջյան և ընկերներ

MediaLab.am