Ինքնաոչնչացվող կորոնավիրուսից մինչև Փաշինյանի բնակարան․ անցնող շաբաթվա կեղծ և մանիպուլյատիվ լուրերը․ FIP.am

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 4-ից 10-ը, համացանցում և լրատվամիջոցներում հայտնվեցին մի շարք կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ՝ կորոնավիրուսի, տարածաշրջանում տեղի ունեցող իրողությունների, օրենսդրական նախաձեռնությունների և այլնի մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող և մանիպուլյատիվ այն տեղեկությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Թուրքիան չի արգելափակել իրանական բեռնատարների համար բոլոր չորս անցակետերը

Հոկտեմբերի 7-ին մի շարք ռուսալեզու լրատվականներ, այդ թվում՝ Eurasia Daily-ին, հղում անելով ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, գրել էին, որ Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանին բոլոր 4 անցակետերը՝ իրանական բեռնատարների համար։ Տեղեկությունն արագորեն տարածվել էր հայկական և ադրբեջանական մամուլում՝ լուրը այս կամ այն կերպ փոփոխված արտատպել էին armeniasputnik.am-ը, panorama.am-ը, factor.am-ը, lragir.am-ը, tert.am-ը, aysor.am-ը, pastinfo․am-ը և մի շարք այլ կայքեր։

«Սահմանային անցակետերն իրանական բեռնատարների համար փակելու` Թուրքիայի որոշումը հաջորդել է թուրքական բեռնատարների` Իրան մուտքն արգելելուն»,- ըստ հրապարակումների՝ ասել է Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշը՝ այսպիսով հայտնելով, որ Իրանն է առաջինը փակել սահմանը բեռնատարների համար։

Տարածվող մամուլի հրապարակումներում նաև նշվում էր, որ Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ամբողջությամբ դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով։ 

Սակայն հրապարակումներից և ոչ մեկում ակտիվ հղում չկար սկզբնաղբյուր հանդիսացող «ՌԻԱ Նովոստիի» հրապարակմանը, իսկ արդեն ուսումնասիրելով «ՌԻԱ Նովոստիի» լրահոսը՝ FIP.am-ին չհաջողվեց գտնել նմանատիպ հրապարակում։ Պաշտոնական որևէ հայտարարություն այս երկու երկրների կողմից ևս չի հնչել։

Արդեն նույն օրը՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան, ադրբեջանական trend.az լրատվական գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ տարածվող լուրը, ըստ որի` Թուրքիան փակել է իր սահմանները Իրանի հետ, չի համապատասխանում իրականությանը, հավելելով, որ իրականում Իրանն է անհայտ պատճառով փակել Կապիկեյ անցակետը, որի վերաբացման ուղղությամբ բանակցություններ են ընթանում։

«5-րդ ալիքը» շարունակում է մանիպուլացնել ադրբեջանական օդանավերի թեման

«5-րդ ալիքը» հոկտեմբերի 10-ի «Հայլուր-կիրակի» հաղորդման ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանի կողմից Ադրբեջանի համար օդային սահմանը բացելուն և իրականությանը չհամապատասխանող պնդում արել։ 

«… այն կառավարությունը, որ տարածաշրջանային լարվածության պիկին հենց այս շաբաթ Հայաստանի օդը բացեց ադրբեջանական օդանավերի համար և դա տեղի ունեցավ Բաքվի առաջ իր օդային սահմանը փակելու Իրանի որոշումից ժամեր անց․․․»,- նշում է լրագրողը՝ ակնարկելով, թե իրականում ՀՀ իշխանությունը վարում է հակաիրանական քաղաքականություն։   

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել էր այս թեմային և պարզել, որ Իրանը չի փակել իր օդային տարածքը ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, և դրանք շարունակում եմ թռիչքներ իրականացնել Իրանի վրայով։ Այսօր արդեն՝ հոկտեմբերի 11-ին, այս տեղեկությունը հերքել են նաև Իրանի արտաքին գործերի նախարարությունից։ 

«Մենք երբեք չենք փակել օդային տարածքը Ադրբեջանի համար։ Ցամաքային սահմանը նույնպես բաց է, կապ կա, և մարդիկ տեղաշարժեր են իրականացնում»,- Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքն է մեջբերել գերատեսչության մամուլի ծառայությունը։

Կորոնավիրուսը չի վերանա մեկ ամսից. լուրը հին է և կեղծ

Հոկտեմբերի 4-ին մի շարք սունկ կայքեր ակտիվորեն տարածել էին մի տեղեկություն, ըստ որի՝ կորոնավիրուսը ինքնաոչնչացման փուլում է և կվերանա մեկ ամսից։

«Վիրուսը գոյատևելու շանսեր չունի։ Մեկ-երկու ամսից ակնհայտ կդառնա, որ վիրուսը չի կարող ադապտացվել այս պայմաններին։ Այսինքն՝ կգնա ինքնաոչնչացման ճանապարհով»,- ըստ կայքերի պնդման՝ ասել է չինացի վարակաբան Ժոն Նանշանը։

Հատկանշական է, որ այս տեղեկությունը տարածել էր նաև «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում տալով իր հետ փոխկապակցված կայքի վրա, իսկ այդ կայքը՝ մեկ այլ սունկ կայքի, իսկ վերջինը՝ ինքն իրեն։

Իրականում, սակայն, Չինաստանում մեծ համբավ ունեցող համաճարակաբան Ժոն Նանշանը, որը ճանաչում էր ձեռք բերել իր երկրում ճգնաժամի լրջությունը նվազեցնող պաշտոնական հայտարարությունները հերքելու համար, իրեն վերագրվող այս պնդումը երբևիցե չի արել։ Ամենայն հավանականությամբ, լուրի հիմք էր հանդիսացել դեռևս 2020 թվականի ապրիլի 1-ին Նանշանի արած հայտարարությունը, որ ապրիլի վերջին հնարավոր կլինի համավարակը վերահսկողության տակ վերցնել։

Այս և մյուս հարցազրույցներում և հրապարակային հայտարարություններում Ժոն Նանշանը չի խոսել COVID-19-ի ինքնաոչնչացման մասին, առավել ևս՝ մեկամսյա ժամկետում։

Հատկանշական է, որ այս կեղծ տեղեկությունը տարածվել էր դեռ դեռևս 2020 թ․ ապրիլին. դրա մասին գրել էին «Ժողովուրդ» օրաթերթը, lurer.com և 168.am լրատվական կայքերը, այնուհետև այս լուրը ամիսներ շարունակ հրապարակվել էր սունկ կայքերի էջերում։

Վերջերս Southern Weekly թերթին տված հարցազրույցում Նանշանը կարևորել էր պատվաստման գործընթացը և հայտնել, որ միայն երկրում պատվաստման բարձր աստիճանի և մահացությունների ցածր մակարդակում կարելի է հանել դրված սահմանափակումների ռեժիմը։

Խմած վարելու և արագությունը գերազանցելու համար ազատազրկում չի սպասվում․ «Ժողովուրդ» օրաթերթը սխալվում է

Հոկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը «Խմած վարելու և արագություն գերազանցելու համար ազատազրկում է սպասվում․ նոր փոփոխություն» վերտառությամբ հրապարակում էր արել։ Դրա մեջ նշվում էր, որ փոփոխության հեղինակ Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել «Քրեական օրենսգրքի» 242-րդ հոդվածում նշված սանկցիաները՝ այդպիսով փորձելով նվազեցնել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերի թիվը։

Նմանատիպ վերնագրերով հրապարակումներ էին արել նաև araratnews.amnewsarmenia.ambavnews.am լրատվական կայքերը։ Լուրը նաև հայտնվել էր ֆեյսբուքյան խմբերում և մեծ տարածում ստացել։

Հրապարակումներից, մասնավորապես՝ վերնագրերից տպավորություն էր ստեղծվում, որ քրեորեն պատժելի կդառնան առհասարակ խմած վիճակում մեքենայի վարումը կամ արագության գերազանցումը։ 

Փաստացի, նմանատիպ օրենսդրական նախագիծ իրոք կա՝ այն տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի E-draft.am կայքում և ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում։

Սակայն նախագիծը վերաբերում է արդեն իսկ գործող «Քրեական օրենսգրքի» 242-րդ հոդվածում նախատեսված հանցագործությունների՝ վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելով անզգուշությամբ միջին և ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև մարդու կամ մարդկանց մահ առաջացնելու համար նախատեսված պատժի խստացմանը։

Նկատենք, որ ընդհանուր առմամբ՝ նշված հանցագործությունների համար արդեն իսկ նախատեսված է ազատազրկում։ 

Նոր նախագծով ուղղակիորեն նախատեսում է բարձրացնել օրենքով նախատեսված պատժի նվազագույն շեմը՝ կատարված հանցագործություններում ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում, մասնավորապես՝ եթե դեպքը պատահել է վարորդի կողմից ալկոհոլ օգտագործած վիճակում վարելու, սահմանված արագությունը կրկնակի գերազանցելու կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի վարելու ժամանակ։ 

Այսպիսով, պնդումը, թե խմած վարելու և արագություն գերազանցելու համար ազատազրկում է սպասվում, մանիպուլյատիվ է։ 

Փաշինյանը չի վաճառել բնակարանը Հայաստանից հեռանալու նպատակով

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ՝ որպես իր խոսքերի ապացույց առ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հետագայում շարունակել ապրել Հայաստանում, հայտնել է, թե նա վաճառել է իր տունը 

«Ինքը (խմբ․ Նիկոլ Փաշինյանը) Հայաստանում վաճառել է իր վերջին ունեցվածքը՝ տունը, իբրև թե որ վերջին ունեցվածքն է։ Ինքն այստեղ ապրելու նպատակ չունի»,- ասել է Մուրազին։

Նշենք, որ 2020 թ․ ապրիլին Hraparak.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է «Հայրենիք» կինոթատրոնի դիմաց գտնվող իր նախկին բնակարանը՝ կցելով հայտարարությունը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբևէ՝ սկսած 2012 թվականից, բնակարան չի հայտարարագրել, ինչի պատճառով էլ այն չէր կարող վաճառել։ Նշված բնակարանը, որը ենթադրաբար նկատի ունի Մուրազին, գրանցված է եղել Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի անունով։ 

2019 թ․ տարեկան հայտարարագրում Նիկոլ Փաշինյանի կինը նշել է Շենգավիթում գտնվող բնակարանը, բնակարանն առկա է նաև 2020 թ․ հայտարարագրում, այսինքն՝ բնակարանը 2020 թ. չի վաճառվել։

FIP.am-ը բնակարանային վաճառքի հայտարարությունների կայքերից մեկում հայտնաբերեց Աննա Հակոբյանի՝ բնակարանի վաճառքի հայտարարությունը, ըստ որի՝ բնակարանը դեռևս վաճառքում է։ Մենք կապվեցինք անշարժ գույքի գործակալի հետ, որը ևս հաստատեց, որ բնակարանը չի վաճառվել։ 

ԵԽԽՎ բանաձև՝ պատվաստումների մասին

Հոկտեմբերի 7-ին տեղեկություն տարածվեց, թե իբր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նոր բանաձև է ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստման ոչ պարտադիր լինելու մասին։

Լուրի աղբյուրը, ամենայն հավանականությամբ, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն է, որին էլ մեջբերել էր 168.am կայքը։ Բանաձևը որպես նոր էր ներկայացրել նաև news.am կայքը, ինչպես նաև «5-րդ ալիքը»՝ «Հայլուր» հաղորդման ժամանակ, և կրկնել կիրակնօրյա թողարկման ընթացքում։

ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի պատվաստման և դրա շուրջ խնդիրների մասին բանաձև, իրոք, ընդունել է, բայց ոչ թե անցած շաբաթ, այլ տարեսկզբին։ «COVID-19 պատվաստանյութեր. Էթիկական, իրավական և գործնական նկատառումներ» վերնագրով բանաձևը ընդունվել է դեռևս 2021 թ. հունվարի 27-ին։

ԵԽԽՎ բանաձևը, սակայն, չունի որևէ իրավական ուժ, այլ փոխարենը խորհրդատվական բնույթի է։

Անդրանիկ Թևանյանը կրկնում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի մասին Շարմազանովի մանիպուլյատիվ պնդումները

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է ըստ իրեն՝ 44-օրյա պատերազմը հրահրելու և պարտությունը կանխորոշվելու հիմնական պատճառները։

Այդ պատճառները ներկայացնող երրորդ կետում պատգամավոր Թևանյանը մեղադրել է Հայաստանի իշխանություններին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների ոչնչացման մեջ։

«Երրորդ․ «Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին»,- ասել է Թևանյանը։

Որպես հիմնավորում այս պնդման՝ պատգամավորը բերում է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները՝ «սահմանին լարվածությունն իջեցնելու» և օպերատիվ կապ ունենալու շուրջ։ 

Նմանատիպ հայտարարություն դեռևս 2019 թ. դեկտեմբերին արել էր ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչին առանձին հրապարակմամբ անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» և պարզել, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ 

Մասնավորապես, ՀՀ իշխանությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ չի հրաժարվել այդ օրակարգից։ Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը 2019 թ․ հունվարի 28-ին անդրադարձել էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին՝ նշելով, որ հայկական կողմը դրանց անդրադառնում է որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, որոնց ավելացել են նաև Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից (Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից – խմբ․) հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինք թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք»,- մասնավորապես, «Եռաբլուրում» լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր ՀՀ արտգործնախարարը:

Փաստերի ստուգման հարթակ