«Այո՛, օրենքով պետք է ընտրություններ լինեն». ԲԴԽ-ն նախագահ է ընտրելու

Բարձրագույն դատական խորհրդում պատրաստվում են նախագահ ընտրելու. ԲԴԽ նախագահի ընտրությունները, ըստ հայաստանյան օրենսդրության, կայանում են նախկին նախագահի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո: Այսինքն՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվելուց 10 օր հետո՝ հուլիսի 4-ին, ԲԴԽ նախագահ ընտրելու ժամկետն է:

Առայժմ հայտնի չէ՝ կկայանան ընտրություններ ԲԴԽ-ի ներսում, թե ոչ: «Այո՛, օրենքով պետք է ընտրություններ լինեն: Այս պահին քննարկումներ չկան, խորհուրդը քվեարկելու է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ ընտրելով անդամներից մեկին նախագահ: Քվեարկության արդյունքները դրանից հետո, բնականաբար, հայտնի կլինեն»,- «Մեդիալաբին» ասում է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

ԲԴԽ անդամը սպասվող ընտրություններից առանձնահատուկ սպասումներ չունի. «Ոչինչ չեմ սպասում, ընտրությունների օրը ինչ արդյունք կլինի, դրանով կառաջնորդվենք: Ինձ համար սովորական գործընթաց է, և ես հատուկ սպասումներ չունեմ»:

ՀՀ Սահմանադրությամբ՝ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ն ընտրվում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի, մյուս 5-ը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող դատավոր լինել:
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի:

Այս պահին, սակայն, ԲԴԽ անդամների թիվը 8-ն է. Գագիկ Ջհանգիրյանը, որին ընտրել էր Ազգային ժողովը, և որը մինչև վերջերս կատարում էր ԲԴԽ նախագահի լիազորությունները, օրերս հրաժարական է տվել, իսկ ԲԴԽ մյուս անդամ Լիպարիտ Մելիքջանյանը ԱԺ-ի կողմից մի քանի օր առաջ ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: Մելիքջանյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրել է Դատավորների ընդհանուր ժողովը, և հիմա արդեն այս պաշտոնը թափուր մնալուց հետո հայտարարվել է, որ հուլիսի 27-ին կայանալու է Դատավորների ընդհանուր ժողով, որի ժամանակ էլ կընտրվի ԲԴԽ անդամը:

Եթե, այդուհանդերձ, ԲԴԽ նախագահ չընտրվեց, Բեքմեզյանն ասում է, որ Խորհուրդն առանց ղեկավարի չի կարող լինել: «Օրենքը իրավիճակը կարգավորում է՝ եթե ԲԴԽ նախագահը կամ պաշտոնակատարը չի իրականացնում իր լիազորությունները, ապա Խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը: Օրենքը չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ԲԴԽ-ն նախագահ չունենա»,- նշում է Բեքմեզյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականին, Բեքմեզյանն ասում է. «Օրենքով մարդը իրավունք ուներ հրաժարական տալու, տվեց, և ես էլ որպես ԲԴԽ անդամ, այդ հրաժարականն ընդունում եմ որպես փաստ»:

Հարցին, թե արդյոք հայտնի ձայնագրությունից և դրա մասին իր մեկնաբանությունից հետո նրա վրա ճնշում եղե՞լ է, թե՞ նա իսկապես առողջական խնդիրներ ունի, ԲԴԽ անդամը պատասխանում է. «Առողջական խնդիրներ հաստատ ուներ, իսկ նրա նկատմամբ ճնշման մասին, կարծում եմ, չի եղել, բայց պետք է իրենից ճշտեք, որովհետև ինքը հաստատ այդ մասին կարող է խոսել, ես իր հետ այդ թեմայով չեմ խոսել»:

Նրա կարծիքով՝ ԲԴԽ-ի շուրջ գործընթացներն ամենևին էլ տարօրինակ չեն: Ավելին, նրա խոսքով՝ ԲԴԽ-ն աշխատում է թափանցիկ, և ամեն ինչ կատարվում է հրապարակային:

«Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, աշխատանքային իրավիճակ է: Որոշ դեպքերում կարող է չուզենայինք, որ նման իրավիճակ լիներ, բայց պետք է համակերպվել և շարունակել աշխատել օրենքով սահմանված կարգով»,- նշում է Գրիգոր Բեքմեզյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am