«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար
«Եհովայի վկաներ»-ի անդամը դատապարտվել է` եկեղեցու եւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար

Դատարանն ապացուցված է համարել խուլիգանություն կատարելու համար ՀՀ քաղաքացի Կարեն Սահակյանին առաջադրված մեղադրանքը, որը դրսեւորվել է հասարակության եւ եկեղեցու նկատմաբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Դատարանը հավաստի է համարել ներկայացված ապացույցներն առ այն, որ 2011թ. մայիսի 20-ին «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ Կ. Սահակյանը անպատվել, վիրավորանքներ է հասցրել հիշյալ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արտենյանին` այդկերպ դիտավորությամբ խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության եւ եկեղեցու նկատմամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

2011թ. հունիսի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան եւ 2011թ. հուլիսի 7-ին կայացվել է մեղադրական դատավճիռ` համաձայն որի Կ. Սահակյանը դատապարտվել է տուգանքի: Վերաքննիչ բողոք չի ներկայացվել:

Ինչ վերաբերում է հոգեւոր հովվի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա նախաքննությունն ավարտվել է: Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, նույն` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արտենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղքացիների քարոզչությամբ, մոտեցել է նրանց եւ խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:

Սակայն Ա. Մակվեցյանը եւ Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ եւ վիճաբանել են Տեր Եսայի Քահանա Արտենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում` քահանան փորձել է բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի եւ Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չի տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել է ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել է նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանային:

Դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ եւ 322-րդ հոդվածների 1-ին մասերով եւ կատարվել նախաքննություն: Ա. Մակվեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ եւ 322-րդ հոդվածների 1-ին մասերով:

2011թ. հուլիսի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Դատաքննությունը շարունակվում է:

© Medialab.am