«Դե որ էդպես է, Արցախն էլ պետք է Հայաստանին տան, չէ՞ որ այնտեղ հարյուրամյակներով հայեր են ապրել»՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջ. Բայրամովին այսպես է արձագանքում քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը:
Պաշտոնական Բաքուն հերթական անգամ բարձրացրել է այսպես կոչված անկլավների հարցը. տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում այդ երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, թե Հայաստանը պետք է վերջ տալ «բոլոր տեսակի սադրանքներին, որոնք խոչընդոտում են» բանակցային գործընթացը:
«Սահմանազատման գործընթացը, որքան էլ բարդ լինի, պետք է իրականացվի բանակցային ճանապարհով՝ զուգահեռաբար իրավական բոլոր փաստաթղթերի ուսումնասիրմամբ: Անհրաժեշտ է առաջ շարժվել քայլ առ քայլ։ Այդ համատեքստում կա 8 գյուղերի հարցը, որտեղ հարյուրամյակներով ադրբեջանցիներ են ապրել։ Ուստի այդ գյուղերը պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։
Հայ քարտեզագետն ասում է՝ Բայրամովը ամենայն հավանականությամբ խոսում է Հայաստանի որոշ մարզերում մի քանի գյուղերի մասին:
«Այդ մի քանի գյուղերը որոշ ժամանակահատված Ադրբեջանի կազմում են եղել, հետո Ադրբեջանը հողամասեր է վերցրել Հայաստանից, այդ գյուղերը դրա դիմաց տվել են Հայաստանին: Եթե այդ անձի (նկատի ունի Բայրամովին – հեղ.) նշած սկզբունքով է, ապա Սև լճի, Իշխանասարի մոտից նրանք պետք է հետ քաշվեն, հեռանան»,- «Մեդիալաբին» ասում է Գալիչյանը:
Ինչ վերաբերում է անկլավներին, որոնց մասին սիրում է խոսել ադրբեջանական կողմը, ապա ըստ Գալիչյանի, ներկայիս Ադրբեջանը 1918-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է, որի գոյության ժամանակահատվածում անկլավներ չեն եղել: Ավելին, նա հիշեցնում է՝ Նախիջևանն էլ Հայաստանի հսկողության ներքո էր:
«Իսկ եթե անկլավ են պահանջում, մեր հողից են պահանջում, չէ՞, դե թող փաստաթուղթ բերեն, որը ցույց կտա, որ այդ տարածքներն իրենցն են: Չկա այդպիսի փաստաթուղթ, այդպիսի քարտեզ: Թող փաստաթուղթ բերի, ներկայացնի՝ ինչո՞ւ պետք է այդ տարածքները տանք: Կրկնում եմ՝ եթե այդպես են ասում, ուրեմն պետք է հակադարձել նրանց՝ եթե այդպես է, ուրեմն Արցախն ամբողջությամբ պետք է Հայաստանին տան»,-ընդգծում է քարտեզագետը:
Մեկ այլ քարտեզագետ՝ Շահեն Շահինյանը, Ադրբեջանի արտգործնախարարի խոսքում նշված 8 թիվը չափազանցված է համարում:
«Անգամ սովետական տարիներին ծաղկման շրջանում դրանք ամբողջական գյուղեր չեն եղել, դրանց մի մասը եղել է անասնապահական տարածքներ, անբնակ վայրեր, քոչատեղիներ, արոտատեղիներ, և մարդիկ ապրել են մի քանի ամիս՝ անասուններ արածեցնելու համար: Այդ 8 թիվը չափազանցված է՝ միջազգային հանրությանը մեծ թիվ ներկայացնելու տեսանկյունից: Կարելի է նշել 4-5 գյուղ, որոնք քիչ թե շատ ունեցել են մշտական բնակչություն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում հստակեցնում է Շահինյանը:
Բացի այդ, նա պնդում է՝ անկլավների պահանջի համար չկան իրավական հիմքեր, ու մինչև այժմ պարզ չէ՝ ինչպես են առաջացել անկլավային տարածքները:
«Ադրբեջանաբնակ համարելը իրավական հիմք չէ ու բավարար չէ, քանի որ բազմաթիվ ադրբեջանաբնակ տարածքներ են եղել Հայաստանում, որոնք անկլավ չեն դարձել, Բաքվում էլ ամբողջական հայաբնակ թաղամասեր են եղել, ինչո՞ւ դրանք չեն վերածվել անկլավների: Դրա իրավական հիմքը մինչ օրս չի հայտնաբերվել, և մեր հետազոտություններով մենք չենք հայտնաբերել, որ եղել է գոնե մի նման փաստաթուղթ»,- ընդգծում է Շահեն Շահինյանը:
Գալիչյանն ասում է՝ ադրբեջանական կողմի նման պահանջների դեպքում պետք է հակադարձ պահանջներ ներկայացնել և ոչ թե «սուսուփուս նստել»: Նրա խոսքով՝ եթե ճիշտ ու համարժեք դիվանագիտական ջանքեր գործադրվեն, «Արցախը պետք է մեզ տան»:
«Ադրբեջանը միշտ էլ նման վարք է դրսևորել, իսկ Մոսկվան էլ մեզնից վերցրել, տվել է Ադրբեջանին ու մեր հաշվին իր խնդիրները լուծել է: Բավական է մենք այդքան զիջող լինենք, ինչքան Ադրբեջանին զիջես, այնքան երես կառնի ու ավելին կպահանջի:
Այսօր այդ 8 գյուղը տվեցինք, վաղը ուրիշ տեղ կպահանջի ևս 15 գյուղ: Միշտ այդպես պահանջող վարքագիծ է ունեցել այդ երկիրը: 1918-ից առաջ Ադրբեջան երկիր գոյություն չի ունեցել, եղել է մի պարսկական նահանգ:
Մյուս կողմից՝ երկիրը, որը ծնվել է 1918 թվականին, բոլոր հարևան պետություններին տարածքային պահանջներ է ներկայացրել, ներառյալ՝ Պարսկաստանի Ատրպատականի նահանգն էլ, ասում է՝ իմն է»,- նշում է մասնագետը:
Ըստ Շահինյանի՝ Ադրբեջանի ոչ մի պահանջ ադեկվատ չէ.
«Սա Ադրբեջանի կողմից դիվանագիտական պրովոկացիա է, որին հայկական կողմը պետք է առնվազն դիվանագիտական հակադարձում տա: Դրա հիմքերը շատ են: Ինչո՞ւ չեն խոսում ամբողջությամբ հայաբնակ Նախիջևանի մասին, որը հայաթափվել է, ինչո՞ւ չեն խոսում Շահումյանի շրջանի մասին, որն ամբողջությամբ հայաբնակ է եղել: Կես միլիոն հայ է բռնագաղթել Ադրբեջանի տարածքից, հայկական կողմը հակադարձելու շատ բան ունի»:
Հասմիկ Համբարձումյան
MediaLab.am