«Մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի». Սեյրան Օհանյան

«Մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի». Սեյրան Օհանյան
«Մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի». Սեյրան Օհանյան

«Հայկական կողմը կուժեղացնի հսկողությունը առաջնագծում՝ հակահարված տալով հակառակորդի ցանկացած սադրանքի»,-ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով հայկական զինուժի՝ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դուրս բերման գործողությունը։

«Մեր հարևանների պետական կոշտ դիրքորոշումը, բանականության բացակայությունը և ուղղաթիռի խոցումից հետո մարդասիրական նորմերի համաձայն՝ օդաչուներին դուրս բերելուց հրաժարվելը ստիպել է հայկական կողմին հատուկ գործողությունների դիմել», – ասել է Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը հմուտ է գործել, դիտարկվել է ուղղաթիռի անկման վայրը ու ոչնչացվել հակառակորդի ծուղակը։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ադրբեջանական կողմը լարվածության տակ է պահում այն տեղանքը, որտեղ ընկել է խոցված ուղղաթիռը: Երեք հոգանոց անձնակազմով ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խփվել էր նոյեմբերի 12-ին՝  ուսումնավարժական թռիչքի ժամանակ: 

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվել է շնորհիվ հատուկ գործողության  հաջողության հասնել եւ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրից դուրս հանել զոհված օդաչուներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները: 

«Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության,-նշված է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր»:

Հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի կողմից կորուստներ չեն եղել, մինչդեռ  հատուկ նշանակության գործողության  ընթացքում զոհվել է առնվազն երկու ադրբեջանցի:

Սակայն, ավելի ուշ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանի կորուստներն անհամեմատ մեծ են:

«Փաստորեն ադրբեջանի կորուստները շատ են ու այնքան շատ, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել: Հետաքրքիր է այս կորուստների համար են ազատել պաշտոնից թե ուղղաթիռը խփելու»,-ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հովհաննիսյանը:

Ըստ  Արծրուն Հովհաննիսյանի, հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային եւ այլ հակազդեցությունները,  ծավալված գործողությունները բնույթով եւ բարդությամբ աննախադեպ էին:

Նախարար Օհանյանը վստահեցրել է, որ այսուհետ էլ հայկական կողմը ցանկացած սադրանքի դեպքում պատասխան է տալու հակառակորդին՝ նվազագույնը կիրառելով համաչափ պատիժ։

«Այս պարագայում առաջին գծում մենք խստացնելու ենք մեր ծառայությունը՝ դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնքուղղված են լինելու հրադադարը խախտողներին», – ասաց Օհանյանը՝ ընդգծելո , որ հայ ժողովրդի մոտ «ընդունված չէ կացնահարել, կազմակերպել դավադրություններ, բայց մենք արժանի պատասխան ենք տալու ցանկացած այսպիսի սադրանքի»։

© Medialab.am