«Տեսա՝ ասկոլկեն տնկված էր էդ խաչի, փառք Աստծո, էդ տղեն ի՜նչ սրտանց տվեց էդ խաչը, որ պահեց էլի»․ բուժակ Խաչիկը՝ վիրավոր զինվորներին փրկելու և փրկվելու մասին

30-ամյա Խաչիկ Ավագյանը Արցախյան պատերազմի առաջին օրից որպես բուժակ առաջնագծում է եղել՝ կրակահերթերի, ռմբակոծության տակ բազմաթիվ զինվորների կյանք փրկել, վիրավոր զինվորի տված խաչն էլ իր կյանքն է փրկել։

Խաչիկ Ավագյանը անասնաբույժ է, ապրում է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Կյուրին գյուղում, ընտանիքը՝ Արցախում՝ Ջաբրայիլում: Սեպտեմբերի 27-ին հերթական պատվաստումն էր անում, երբ Արցախից եղբայրը զանգեց և ասաց, որ պատերազմ է սկսվել։

«Վակցինացիաներ էի անում, մնացել էր մի տնտեսություն, որ վերջացնեի: Առավոտյան 7։30-ին ախպերս զանգեց, ասեց՝ կռիվ ա սկսվել… Գործս ավարտեցի ու մեկնեցի Ղարաբաղ։ Մամային, եղբորս կնոջն ու երեխուն տարհանեցի ու ընկերոջս հետ գնացի առաջնագիծ։

Գնացինք նախ Հադրութի վայենկոմ։ Մեզ ճանաչելով՝ գործուղեցին Ջաբրայիլի հոսպիտալ, ընկերս վարորդի հաստիքը ստացավ, ես էլ՝ բուժակի՝ մարտի դաշտից վիրավոր, զոհ հանելու համար, ու սկսեցինք գործողությունները։ Երբ կռիվը ծավալվեց, ընդարձակվեց, հոսպիտալից գնացինք դիրքեր, որ հասցնեինք տեղում օգնել»,- պատմում է Ավագյանը։

Ավագյանն իր բուժակի առաքելությունն իրականացնելիս մշտապես այն համոզմունքին է եղել, որ ինչ էլ լինի, մարտի դաշտում պետք է վիրավոր զինվոր չթողնի, անգամ կրակահերթերի տակ պետք է վիրավորներին դուրս հանի և օգնություն ցուցաբերի:

«Ես երբեք չեմ թողել վիրավոր ու զոհ պատերազմի դաշտում, ռիսկ եմ արել, մտել, հանել եմ։

Իմ ընկերները, ախպերները սահմանին էին, իմ ընկերների մի մասը արդեն չկար, զոհվել էր, մի ուրիշ տեսակ վրեժով եմ գնացել ու ուրիշ բան չեմ մտածել։ 

Իմ մանկության ընկեր Քաջիկը, որը զոհվեց վիրավոր զինվորներին մարտի դաշտից հանելու ժամանակ, մի խոսք ուներ, ասում էր՝ բոլորս էլ մի սնարյադի փայ ենք, մեր առաքելությունն էն էր, որ պատերազմի դաշտում վիրավոր կամ զոհ չթողնենք»,- ասում է Ավագյանը։

Խաչիկ Ավագյանը նույն մոտեցմամբ մասնակցել է պատերազմին, հաճախ, իրավիճակով պայմանավորված՝ նաև բուժակից զինվոր դարձել։

Պատմում է, որ մարտական գործողությունների ժամանակ ինքն էլ է վիրավորվել, ու օգնել է զինվորներից մեկի տված խաչը։

«Վիրավորներ էինք բերել, յոթ հոգի՝ ոտքերը խաշած, վառած, բեկորային ասկոլկեք, վիրակապեցի: Երրորդ մասից մի տղա էր, կեպկա էր գլխին, դեղ տվեցի, ասեց՝ բժի՛շկ ջան, դու լավ բժիշկ ես, սաղիս վիրակապեցիր, փրկեցիր, հանեց պայուսակից մի խաչ, ասեց՝ էս իմ խաչն ա, քեզ եմ տալիս, Աստված քեզ պահապան, բոլորիս պահապան։ Դրեցի խաչը ծոցագրպանումս։ Էդ խաչը հետո փրկեց կյանքս»,- ասում է Ավագյանը ու ծանր լռում:

Ապա շարունակում է․ 

«Վիրավորներ էինք հանել, զոհեր: Իրավիճակը թելադրեց, որ բոլորը պետք ա կռվեն, էդպես ա՝ բժշկից դառնում ես զինվոր։ Գործողություններ անելիս վիրավորվեցի. տանկը, որ գալիս էր մեր վրա, խփելուց ու զընգ, էլ ոչ մի բան չեմ հիշում: Հերոս Դավիթ Նազարյանը՝ Ջաբրայիլի Կյաժը, ինքը հերոս ա, իրեն հերոսի կոչում չտվեցին, կապ տվեց՝ «301-ը՝ բժշկին, 301-ը՝ բժշկին»: Էդ ռացիայի ձենից ուշքս-միտքս մի պահ դզվեց, վերցրեցի, ասեց՝ ցելերը (թիրախները) խփվե՞լ են, ասեցի՝ հա՛, խփվել են, բժիշկն էլ հետն ա խփվել (ժպտում է): Ասեց՝ ախպե՛րս, որտե՞ղ ես, տեղս ասեցի, որ գային հետևիցս։

Հետո զգացի՝ ոտքերս տաքացել են, արյունը վզզում ա: Ապտեչկա ունեի, տեղում հանեցի, արյունականգները կապեցի, դեղ սրսկեցի: Արդեն կենտրոնացա, զենքը վերցրեցի, որ առաջ քայլեմ, գլորվեցի: Տեսա՝ անձնակազմից մի քանի են հոգի գալիս, մեկ էլ սկսեցին իմ ուղղությամբ կրակել: Ես էլ մտածում եմ՝ ինձ են խփում, ասում եմ՝ չխփեք: Մեկ էլ կրակոցը պրծավ, ասում էին՝ քո վրեն չէինք կրակում, տանկը խփել ես, միջից երեք հոգի դուրս էին եկել, իրենց էինք կրակում։

Հետո՝ ավելի ուշ, ես չէի հիշում, որ ջեբս խաչ կա, հեռախոս հանեցի, որ դնեմ ջեբս, տեսնեմ՝ մի բան կա: Հանեցի, տեսնեմ՝ ասկոլկեն տնկված էր էդ խաչին: Փառք Աստծո, էդ տղեն ի՜նչ սրտանց տվեց էդ խաչը, որ պահեց էլի։ Որովայնիս հատվածում ոչ մի ասկոլկա չէր կպել, միայն ոտքերիս, մի հատն էր ընկել կրծքավանդակիս վրա, էն էլ խաչը պահել էր»,- հիշում է Ավագյանը։

Ավագյանը վիրավորվելուց հետո բուժում է ստանում նախ՝ Ստեփանակերտի հիվանդանոցում, այնուհետև տեղափոխվում է Հայաստան՝ բուժումը Հանրապետական հիվանդանոցում շարունակելու, բայց դեռ լրիվ չապաքինված՝ վերադառնում է մարտի դաշտ:

«Տղերքը որ տեսել էին՝ բժիշկը վիրավորվել ա, շատ էին նեղվել: Ասեցի՝ էլի հետ եմ գալու, լավանամ ու գամ ձեր հետ կռվեմ։ 12 օր չէի կարողանում քայլել, 13-րդ օրը զոռեցի, ասեցի՝ պիտի քայլեմ։ Բժիշկն ասեց՝ դու դեռ չպիտի քայլես, ասեցի՝ չէ՛, բժի՛շկ ջան, ես պիտի քայլեմ, պատերազմ ա գնում, ախպերներս էնտեղ են, ընկերներիս կեսը կոտորվել են, ես չեմ կարա չգնամ, հո փախա՞ծ չեմ: Ասեցի՝ ինձ շուտ դուրս գրեք, ու էլի վերադարձա ճակատ»,- պատմում է Ավագյանը։

Հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս, Ավագյանի խոսքով՝ ծանր զգացողություններ հաճախ են եղել զոհեր և ծանր վիրավորներ տեսնելիս, սրտի կսկիծով է հիշում մանկության ընկերոջ մահը:

«Շատ ընկերներ էի կորցրել, բայց Քաջիկն իմ մանկության ընկերն էր։ Ինքը շատ մեծ բան արեց, ինքն էլ էր բուժակի կարգավիճակով ու վիրավոր հանելիս զոհվեց: Ասեցի՝ եթե Քաջիկը գնացել ա, ես պիտի իրա դիակը հանեմ։ Զանգեցին, ասեցին՝ շատ առաջ չգնաս, Կարմիր Շուկայի մոտ կռիվ ա գնում, բայց ասեցի՝ ինչ ուզում ա լինի, տրաքեմ էլ, պիտի Քաջիկին հանեմ։ Գնացինք, հասանք, վազելով գնացի, տեսա՝ ինը զոհ, բայց Քաջիկին չէի ճարում: Ինքը քաղաքացիական հագուստով էր, աջ եմ նայում, ձախ եմ նայում, անտանելի էր, հետո տեսա… շալվարից ճանաչեցի»,- ցավով հիշում է Ավագյանը։

Ասում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, պատերազմի նման հանգուցալուծումը հետո հիասթափություն են առաջացրել, բայց համոզված է՝ կազմակերպվածության, կարգապահության, համապատասխան զինամթերքի առկայության դեպքում պարտությունը կարելի է վերածել հաղթանակի:

«Մեզ հաղթեց «Բայրաքթարը», անօդաչու թռչող սարքը, մեր զորքն արծվի պես էր կռվում: 

Մենք հիմա չպետք ա ականջներս կախենք, ասենք՝ մենք կրվեցինք, կոտրվեցինք: Չէ՛, պատերազմում փլավ չեն բաժանում, կարաս կրվես, կարաս կրես: Մենք լավ կազմակերպված չէինք, թույլ էինք զինված, որոշ կառույցներ նորմալ չէին աշխատում, բայց պիտի արդեն աշխատեն: Բոլոր կառուցներում պիտի կարգուկանոն լինի, որ ամեն մեկն իր գործն իմանա, և ամեն մեկից պահանջեն, ամեն ինչ տեղը կընկնի: Մենք պիտի զինվենք զինամթերքով, մեր հույսը, հավատը պահենք։

Կարճ ասեմ, որ իմ հայրական օջախը նորից ինձ ա վերադառնալու»,- նշում է Խաչիկ Ավագյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am