Վստահ եմ, Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ. Մարությանը հոգևորական պապի լուսանկարն է հրապարակել

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է Սուրբ Ծնունդը և հիշել իր պապին, որը հոգևորական էր: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Մեզ և ձեզ մեծ ավետիս։

Լուսանկարում Վազգեն Ա Վեհափառի թիկունքում կանգնած հոգեւորականը պապս է՝ Նոր Նախիջեւանի թեմի ծխական հովիվ Գարեգին քահանա Խրխրյանը։ Նա անցել է պատերազմով, հրաշքով փրկվել է մահից, ապա՝ հալածանքների է ենթարկվել ստալինյան կառավարության կողմից։ Սակայն ոչ մի դժվարություն չկոտրեց նրա հավատքը և նվիրվածությունը ազգին ու Առաքելական սուրբ եկեղեցուն։

Անգամ սովետական կարգերը չեն կարողացել սասանել մեր Եկեղեցու հիմքերը, ու վստահ եմ, այժմ էլ Եկեղեցին անսասան կմնա օրվա իշխանության հարուցած քամիների դեմ։ Որովհետև նրա թիկունքին հավերժական Հայաստանն է կանգնած ու հայ ժողովուրդը՝ անկախ քաղաքական փոփոխություններից։

Ողջախոհություն և ամուր կամք եմ մաղթում բոլորիս այս նոր տարում»։