Բակո Սահակյան․ «Դա մեր ոճը չի»

Բակո Սահակյան․ «Դա մեր ոճը չի»
Բակո Սահակյան․ «Դա մեր ոճը չի»

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնությունը քննադատում է որպես «մեղմ ասած՝ անհեթեթություն» եւ «խորթ երեւույթ՝ հատկապես Արցախի համար»։  Նմանօրինակ ձեւակերպումներ Սահակյանն արել է հունիսի 8ին Բրյուսելում` Բելգիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Մեդիալաբի» թղթակիցը:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ի առավոտյան ԼՂՀ Ազգային ժողովի ընդդմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյան դաժան ծեծի էր ենթարկվել, ինչպես ինքն է նշել 20 հոգու կողմից: Խանումյանը քթի, այտոսկրի, ինչպես նաեւ կողային կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հատկանշական է, որ Խանումյանի հետ տեղի ունեցածին նախորդող օրերին նա հանդես էր եկել Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` պաշտոնում վերանշանակվելու նախաձեռնությամբ, ինչը եւ շատերի համոզմամբ առիթ էր հանդիսացել նման դաժան հաշվեհարդարի: Տեղի ունեցածը շատերը կապում էին Ղարաբաղի իշխանությունների հետ:

Բակո Սահակյանը ներկաներին նաեւ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայկ Խանումյանի հետ, եւ մաղթել որ նա ապաքինվի եւ վերադառնա լիարժեք կյանքի եւ աշխատանքի:  Ղարաբաղի նախագահը նշել է, որ վերադառնալուն պես նախատեսում է հանդիպել Խանումյանի հետ, քանի որ կատարվածից հետո անհրաժեշտ է համարում «հանդիպել, քննարկել, հարցնել ու պատասխանել»։

«Բնական է՝ տվել եմ համապատասխան ցուցումներ, բնական է՝ այս պահին իրականացվում է ծառայողական քննություն, եւ բոլորդ կարող եք համոզված լինել, որ բոլոր նրանք, ովքեր այդպես են իրենց դրսեւորել, նրանք ենթարկվեու են օրենքի համապատասխան այն պատիժներին, որոնք սահմանված են օրենքով։ Այլ ելք չի կարող լինել։ Այո, տեղի ունեցածը պատիվ չի բերում մեզ եւ ձեզ մոտ կարող է մտահոգություն առաջացնել։ Կատարողները համարժեք գնահատականի եւ պատասխանատվության են ենթարկվելու»։

Բակո Սահակյանը հավաստիացրել է, թե այդ երեւույթը չի կարող կասեցնել իրավական պետություն կառուցելու աշխատանքները։ Նա վկայակոչել է հասարակական անվտանգության բարձր աստիճանը (25 հանցագործություն՝ 10 000 բնակչի հաշվով) ԼՂՀ-ում և «արցախցիների կամքը»՝ կառուցելու ժողովրդավարական, իրավական պետություն։

Իսկ արդյոք վերջին իրադարձությունները չեն վնասի Արցախի ժողովրդավարական երկիր լինելու վարկանիշին, Բակո Սահակյանը «Մեդիալաբին» ասաց.

«Նման դեպքերը չեն կարող շարունակվել, որովհետեւ դա մեր ոճը չէ, դա մեր ապրելակերպը չէ։ Բացառիկ դեպք է, որին համարժեք պատասխաններ կտրվեն»։

Նախագահին ուղեկցող պաշտոնյաների թվում էր նրա մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նախօրեին աչքի էր ընկել Հայկ Խանումյանին, եւ ոչ թե նրա նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություններով։

Նրա վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ Բակո Սահակյանը ներկայացրեց, թե Բաբայանը նախ քննադատել է բռնությունը, ապա ․ «նաեւ ասել է, որ ճանաչում է այդ անձնավորությանը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է այդպիսի պատմություններում, եւ ինչքան ես գիտեմ, որը նաեւ վիրավորում է քաղաքական, հասարակական գործիչներին, իշխանության ներկայացուցիչներին, եւ այլն»։

Ընդհանուր առմամբ նախագահը «բարձր գնահատեց» Դավիթ Բաբայանի աշխատանքը, որովհետեւ «երկար տարիների ընթացքում արդյունավետ» է աշխատել։ 

Բակո Սահակյանը անարդար համարեց, որ ընդդիմությունը չի ենթարկվում այնպիսի քննադատության, ինչպես իշխանությունը։ Նա նշեց, որ խիստ քննադատության է ենթարկվում այն պաշտոնյան, որն այդպիսինների (ընդդիմադիրների-խմբ․) նկատմամբ ոչ համարժեք հայտարարություններ է իրականացնում։

«Կցանկանայի, որպեսզի այդ լրագրողները, այդ հասարակական և քաղաքական գործիչները, ովքեր իշխանությանը այդպես քննադատում են, արդար լինեին, եւ իրենց քննադատությունը ուղղեին այն գործիչներին, ովքեր իրենց գործունեությամբ, իրենց հակումներով, իրենց ոչ հավասարակշռվածությամբ, իրենց այդ հատկանիշները օգտագործելով՝ մյուսներին վիրավորելու, մյուսներին հավասարկշռությունից հանելու եւ այլն, որպեսզի այդ մարդիկ այդ նույն ազնվությունը դրսեւորեին նաեւ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ,-ասաց Բակո Սահակյանը:-Դժբախտաբար, ոչ թե որ արդարացնում եմ իշխանության ներկայացուցիչներին, ոչ թե ունակ չեմ ճշգրիտ գնահատական տալ, այդպիսի երույթ տեղ էգտել մեր կյանքում, որը վայել չէ մեզ, որը դժվարություններ է ստեղծում մեզ համար։ Պաշտոնյան նույնպես ենթակա է պաշտպանության։ Այս ամենն ասում եմ՝ որեւէ կերպ չարդարացնելով այն, ինչ տեղի է ունեցել Հայկ Խանումյանի հետ կամ նման դեպքերը»։

Ծովինար Նազարյան
Բրյուսել

Medialab.am