ՕՀանյանը՝ բանակում կատարվողի մասին. Լավագույն սպաները, որոնց շնորհիվ դաստիարակության մեջ ունեցել ենք արդյունքներ, ազատվել են պաշտոններից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը

– Պարո՛ն Օհանյան, վիճակագրությունը ցույց է տալիս, որ գործող իշխանության օրոք բանակում՝ ոչ մարտական պայմաններում, զոհերի թվի աճ կա, իրավապաշտպանները նշում են, որ միայն անցած տարի այդ թիվը 75 է եղել, այս տարին էլ սկսվեց մեկ օրում երկու մահվան դեպքով։ Ինչի՞ հետևանք է բանակում տիրող այս վիճակը։

– Քանի որ խոսքը բանակի մասին է, գիտեք, որ այն իմ հարազատ կառույցն է, ես ցավով եմ խոսում այն իրականության մասին, որը վերաբերում է կարգապահությանը, դաստիարակչական աշխատանքներին, գաղափարադաստիարակչական համակարգի ձևավորմանը զինված ուժերում։ 

Նախ ասեմ, որ բանակում գոյություն ունի գաղափարադաստիարակչական մի մեծ համակարգ, ու այդ համակարգում համապատասխան ուղեցույց և ուրվագիծ կան, որոնց շրջանակներում՝ օրենսդրական տարբեր ձևավորումներ, համազորային կանոնադրություն, պաշտպանության նախարարի հրամաններ, որոնցով կարգավորվում են այդ ամեն ինչը։ Հիմքում ընկած է այն աշխատանքը, որը հրամանատարությունը, ղեկավարությունը պետք է տանեն իրենց ենթակա կոլեկտիվներում և ենթակա զինծառայողների հետ՝ տիրապետելով դաստիարակության և ուսուցման սկզբունքներին և մեթոդներին, որոնք հիմք պետք է հանդիսանան այդ համակարգն ամրապնդելու ուղղությամբ։ 

Այս ամենը, ըստ իս, հետևանք է մի քանի պատճառների․ սկսած 2018 թվականից ՀՀ զինված ուժերում կարգապահության անկում կա, որովհետև ԶՈՒ-ին վերաբերող քաղաքականությունն իջեցրել են կենցաղային մակարդակի, կադրային արագ փոփոխությունները, հրամանատարական կազմի չափից ավելի արագ երիտասարդացումը, որով իջել են կատարողականությունն ու ենթակաների կողմից հրամկազմի նկատմամբ վստահությունը: Ի դեպ՝ ասեմ, որ նաև սա է պատճառ հանդիսացել, որ մենք պատերազմում ունեցել ենք բավականին բացթողումներ։ 

Երկրորդը, իհարկե, կարգապահության վրա երկակի ազդեցություն է ունենում նաև պատերազմը: Նախ պատերազմը, եթե վերցնում ենք հերոսությունները, քաջագործությունները կարծես թե պետք է հիմք հանդիսանան հանրության բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, հայրենիքին նվիրվելու համար, բայց մյուս կողմից էլ՝ պատերազմի դժվարությունները, դաժանությունները բերում են նաև օրինականությունների, կարգապահության խախտման, որը բացասաբար է ազդում: Սա է եղել նաև պատճառը, որ պատերազմի ժամանակ եղել են նաև փախուստներ, հրամանների չկատարում և այլն։ 

Իսկ այսօր, իհարկե, ծառայության ծանր պայմաններն են ազդում կարգապահության վրա, դա մարտական հերթապահությունն է, և, հատկապես, երբ մարտական հերթապահության ժամանակ չկան համապատասխան պայմաններ, առաջին հերթին՝ անձնակազմի թվաքանակը, որ նորմալ հերթափոխ լինի, ու մարդիկ կարողանան նորմալ հանգստանալ, իրենց թիկունքային նյութատեխնիկական ապահովությունն իրականացնել ու անցնել ծառայության։ Եթե սա չկա, ապա լարված միջավայր է ստեղծվում, ինչն էլ հիմք է դառնում միջանձնային խախտումների։ 

Եվ ամենավերջինը՝ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ, հատկապես՝ հրամանատար-ենթակա ուղղահայացում, ինչու չէ, նաև զինվոր-զինվոր հորիզոնական հարաբերություններում բավականին բացասական ազդեցություն է ունենում անհանդուրժողականությունը միմյանց նկատմամբ, որի հիմքում ընկած են փողոցային, գողական արատավոր բարքերը, կեղծ մականուններ, կեղծ պայմանավորվածություններ՝ երդվել ինչ-որ բան անել կամ չանելու համար։ 

Այդ ամենի դեմ պայքարելու մի քանի օղակներ կան, որը 2013 թվականին, օրինակ՝ իմ տարվա ոււղերձում, ես նշել եմ։ Արատավոր բարքերի զգալի մասը բանակ է ներթափանցում հասարակությունից, և ես երկար տարիներ արգելում էի ասել հայտնի հետևյալ արտահայտությունները, որ «Բանակը հասարակության հայելին է» և «Բոլոր բանակներում էլ արտակարգ պատահարներ, այդպիսի դեպքեր տեղի են ունենում»։ 

Հրամանատարական կազմն ու որոշ քաղաքական գործիչներ սա ասում էին, որպեսզի ինչ-որ ձևով արդարացնեին այն բացասական երևույթները, որոնք կան բանակում։ Իսկ, ըստ էության, որտե՛ղ պետք է պայքարեն արատավոր բարքերի դեմ, եթե ոչ հանրության մեջ, համայնքներում, ընտանիքներում, մանկապարտեզներից սկսած բուհերից վերջացրած, իսկ բանակը վերջին զտիչ մարմինը պետք է լինի, որովհետև այստեղ, ըստ էության, կարգապահության դրվածքը, ծառայության առանձնահատկությունները, սահմանափակումները, հրամանատարական ուղղահայացը ու խիստ դրվածքն ու պահանջկոտությունը հնարավորություն են տալիս, որպեսզի հասարակությունից ներմուծված այդ արատավոր բարքերի դեմ համապատասխան պայքար մղվի։ 

Այնտեղ, որտեղ այդ պայքարը տարվում է, հրամանատարները հետևողական են, տիրապետում են ուսուցման և դաստիարակության հիմունքներին, ձևավորված է այդ ընդհանուր կրթական համակարգը, այնտեղ պատահարները քիչ են լինում կամ չեն լինում։ Իսկ այնտեղ, որտեղ այդ դրվածքը չկա, հրամանատարները չեն տիրապետում այդ ամենին, այդտեղ արտակարգ պատահարները շարունակվում են։ 

ԶՈՒ-ի ղեկավարությունը պետք է խոր վերլուծություն անի, և խիստ հետևողական աշխատանք պետք է տարվի հատկապես թիրախային զորամասերում: Նրանք գիտեն այդ զորամասերի մասին, ի վերջո, նրանք տիրապետում են հրամանատարների ունակություններին ու այն ավանդական դրվածքին, որը կա։ Յուրաքանչյուր դեպքից հետո պետք է ծառայողական քննություն անցկացվի, պարզեն դրդապատճառները, դրան զուգահեռ, իհարկե, քննչական գործողություններ են իրականացնում, այսինքն՝ պաշտպանության նախարարությունում լուրջ աշխատելու տեղ կա, իհարկե, նաև ծառայողական քննության արդյունքում պետք է պարզեն՝ ո՛ւմ մեղավորությունն է, ես այստեղ կողմնակից չեմ արագ պաշտոնանկությունների, որպեսզի անմեղ մարդիկ չտուժեն։ 

– Իշխանության ներկայացուցիչներից ոմանք նշում են, որ այս ամենը հետևանք է բանակում առկա կրիմինալ բարքերի, դուք էլ ասացիք, որ դրանք եղել են, բայց ինչպե՞ս է ձեզ հաջողվել այդ բարքերի դրսևորումները նվազեցնել, իսկ գործող իշխանության մոտ դա չի ստացվում։

– Օբյեկտիվ պատճառը պատերազմական իրավիճակը, մարտական հերթապահության ծանրությունը, լարված ծառայողական պայմանները և նաև որոշ հրամանատարների ցածր մակարդակն են, դաստիարակելու և կարգապահությունն ամրապնդելու ունակություններ չունենալը։ 

Մյուս՝ սուբյեկտիվ պատճառն այն է, որ իրականում, 2018 թվականից հետո, բանակին վերաբերող քաղաքականությունը իջեցվել է կենցաղային մակարդակի, բանակի նկատմամբ փիարը իրականացրել են հօգուտ իրենց քաղաքական թիմի, բարձրացել է որոշ մարդկանց մեծամտությունը, կադրային արագ փոփոխությունները բերել են պահանջկոտության անկման։ Կառավարման ու կոլեկտիվներում աշխատելու ունակությունները, ես նկատի ունեմ նաև քաղաքական անձանց, որոնք այսօր պաշտպանության նախարարությունում են, անփորձ մարդկանց հայտնվելը նախարարությունում անկասկած ազդել են նաև կարգապահության վրա։ 

Ինչո՞ւ է մեր ժամանակ ստացվել. հետևողական աշխատանք էր տարվում, օրինակ՝ իմ ղեկավարման ժամանակ՝ Արցախի պաշտպանության բանակի լավագույն տարին 2006 թվականն է եղել, իսկ Հայաստանում լավագույն տարիները եղել են 2013-14-ը: 

Նիկոլի ժամանակ նրանք աննախադեպ կարգապահության տարի հայտարարեցին 2019 թվականը, բայց 2020 թվականի հենց սկզբից պաշտոններից ազատվեցին պաշտպանության բանակի հրամանատարը, գաղափարադաստիարակչական վարչության պետը, որը 2019 թվականի համար անմիջական պատասխանատվություն է կրել, ու նրա աշխատանքի արդյունքում է, որ, եթե տրամաբանորեն վերլուծում ես, ունեցել են լավագույն արդյունք։ 

Այսինքն՝ լավագույն սպաները, լավագույն կադրերը, որոնց շնորհիվ դաստիարակության մեջ ունեցել ենք արդյունքներ, ազատվել են պաշտոններից։ Չափից ավելի երիտասարդացումը, արագ փոփոխությունները, որոնք ազդում են նաև ներքևի օղակների, ստորաբաժանումների հրամանատարների վրա, բերում է կարգապահության անկման։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am