«ՀԱՊԿ-ի «տուրիստներին» ճանապարհելուց հետո Հայաստանը պետք է հայտարարի, որ սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց». Ռուբեն Մեհրաբյան

Լոսանկարը՝ Media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Ինչպե՞ս եք գնահատում երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ քննարկումները: Մի շարք երկրների դեպքում հստակ դիրքորոշումներ եղան կարծես:

– Այդ նիստը ցույց տվեց, որ, ըստ էության, ԱՄՆ-ն, ինչպես նաև նրա եվրոպական ու ասիական դաշնակիցները չեն պատրաստվում հանդուրժել այն իրավիճակը, որ Ադրբեջանը ստեղծել է մեր տարածաշրջանում՝ Ռուսաստանից ոգեշնչված և Ռուսաստանի նախաձեռնությամբ: Սա է ամբողջ իրողությունը՝ եթե ասեմ մեկ նախադասությամբ:

Մասնավորապես, պետք է նշեմ, որ Հայաստանը վերջապես ձեռնարկեց ճիշտ քայլ այդ ուղղությամբ, և այս քայլը ոչ թե պետք է լինի մեկուսի մի գործողություն, այլ դառնա նոր քաղաքականության հիմք և ունենա շարունակականություն:

– Կարծում եք՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի դիրքորոշո՞ւմն էր պատճառը, որ այսօր Արարատ Միրզոյանը Կառավարության նիստին հայտարարեց. «ՄԱԿ-ում առանձին երկրի դեպքում ունեինք ավելի ակնկալիքներ, որոնք որոշ դեպքերում ոչ այնքան արդարացան»:

– Այո, իհարկե, ես ուրիշ հասցեատեր փնտրեցի ու չգտա: Նույնիսկ Բելառուսը, որ ես վերջին մարդն եմ, որ կարող եմ դրական բան ասել Բելառուսի մասին, էլի ինչ-որ խելքին մոտ բան ասաց: Խոսքը միջազգային մոնիթորինգային առաքելության մասին է: Ռուսները նույնիսկ դա չարեցին: Զասին են ուղարկել, որը մեզ միլիոն տարի պետք չէր: Այդ «տուրիստները» թող գան-գնան, բայց դրանց խելքին ընկնել պետք չէ, դրանց հետ լուրջ հաշվարկներ կառուցել ևս պետք չէ:

– Հայաստանը ՀԱՊԿ-ի մասով հստակ դիրքորոշում կարտահայտի՞, թե՞ կխուսափի լարումից:

– Կարծում եմ՝ այս «տուրիստներին» ճանապարհելուց հետո Հայաստանը պետք է հայտարարի, որ սկսում է ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց: Այս ամենը երկու բան ցույց տվեց. նախ՝ որ մենք ՀԱՊԿ-ում դաշնակից չունենք, երկրորդը՝ դա ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ը չի կարող անվտանգության երաշխիքներ ապահովել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների համար:

– Իշխանությունը կգնա՞ այդ քայլին:

– Իշխանությունը ստիպված է լինելու գնալ այդ քայլին:

– Երեկ մենք ականատես եղանք Սամարղանդում Պուտինի, Ալիևի ու Էրդողանի ջերմ շփմանը: Սա ցույց է տալիս, որ Հայաստանն իսկապես մենա՞կ է:

– Հայաստանը մենակ չէ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչած դիրքորոշումները հենց վկայում են, որ Հայաստանը մենակ չէ: Այլ հարց է, որ Սամարղանդի «գազանանոցը» ցույց տվեց, որ Հայաստանը մինչև հիմա եղել է և առայժմ մնում է սխալ տեղում: Այդ մենակության զգացումը գալիս է հենց դրանից:

Հայաստանը պետք է լինի ճիշտ տեղում իր քաղաքական ընտրության, իր ռազմավարության ընտրության մեջ: Ընդհանրապես, պետք է լինի պատմության ճիշտ տեղում, այլ ոչ թե «գազանանոցին» կոչի դաշնակից: Մարդակերների հետ պետք է Հայաստանը ճաշի չնստի, որովհետև հայտնի չէ, թե այդ ժամանակ ինքը սեղանակից է լինելու, թե հենց ճաշը:

– Այս ֆոնին Հայաստան է այցելում Նենսի Փելոսին: Ինչպե՞ս եք սա գնահատում, և, ընդհանրապես, այս փուլում ԱՄՆ-ից ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

– Խիստ ողջունելի է Նենսի Փելոսիի այցը Հայաստան, որքան գիտեմ՝ այն ծրագրված էր վաղուց: Սակայն այցի օրվա հետ կապված հանգամանքների դասավորությունը նոր իմաստ հաղորդեց այս այցին: Սա չափազանց կարևոր այց է և կարող է շատ ծանրակշիռ մեկնարկ հանդիսանալ լրջագույն քաղաքական վերանայումների համար:

Երկրորդը՝ եթե Հայաստանից անընդհատ զիջումներ են պահանջում, ապա այդ ամենը թույլ չտալու համար Հայաստանը պետք է ուղղակի հարաբերվի այնպիսի սուբյեկտների հետ, որոնց դիվանագիտական զինանոցում կան մեթոդներ, որպեսզի բանականության հիման վրա կառուցված խաղաղ գործընթաց սկսեն:

Այդտեղ անփոխարինելի դեր ունի ԱՄՆ-ն, որի դիվանագիտական զինանոցում կա, օրինակ՝ Դեյթոն: Դրանից հետո բոլոր ավելորդ խոսակցությունները վերջանում են:

Կա նաև դրա թե՛ ուժային, թե՛ ֆինանսական երաշխիքը, որ կնքված պայմանագիրը ոչ թե արժանանալու է ցինիկ վերաբերմունքի, և մենք դրանից կարճ ժամանակ հետո ստանալու ենք մի նոր պատերազմ, այլ այն իրոք պահպանվելու է:

Այդպիսին է, օրինակ՝ այն իրավիճակը, որ ձեռք բերվեց Բոսնիայում Դեյթոնից հետո, կամ ավելի վաղ՝ Քեմփ Դեյվիդում Իսրայելի ու Եգիպտոսի միջև: Արդյունքում եղավ այն, որ տիրեց խաղաղություն, կողմերը ստացան երաշխիքներ, կողմերը որպես բոնուս ստացան Ռուսաստանի դուրս շպրտում տարածաշրջանից: Տեսան նաև ուժային կարողություններ ունեցող երաշխավորի ծանրակշիռ ներկայություն, որը երաշխավորում է խաղաղությունը մինչ օրս: Ահա թե ինչ է պետք Հայաստանին:

Այո՛, Հայաստանը պետք է ամենասերտ ձևով աշխատի ԱՄՆ-ի հետ, իսկ ռուսներին բացատրի, ասի՝ արդեն ձեր խնդիրն է՝ ինչ եք մտածում, գնացեք, ինչ ուզում եք մտածեք, մենք մտադիր չենք երկիր ու հայրենիք կորցնելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am