«Ադրբեջանին այսօր այդ միջանցքն ավելի է հետաքրքրում, քան Արցախի վրա Ադրբեջանի սուվերենության ճանաչումը». Արման Գրիգորյան

Լուսանկարում Արման Գրիգորյանը (Լուսանկարը՝ Արման Կարախանյանի )

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Արման Գրիգորյանը 

– Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել, սա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը նոր փո՞ւլ է մտնում։ Դրա հետևանքները Հայաստանի համար որո՞նք կլինեն։

– Երևի պատասխանն ակնհայտ է. այո՛, սա ռուս-ուկրաինական պատերազմի էսկալացիայի նոր մակարդակ է, ինչը հղի է նորանոր անորոշություններով ու վտանգներով ամբողջ աշխարհի համար։ Հայաստանի համար սա հատկապես վտանգավոր է, որովհետև որքան սրվի հակամարտությունն Ուկրաինայում, այնքան ավելի պակաս կլինի մեր տարածաշրջանին հատկացված ուշադրությունը, այնքան ավելի մեծ կլինի ուժի վակուումը, որն արդեն կարծես իր հետևանքներն ունենում է, հետևաբար՝ ավելի դժվար կլինի Ադրբեջանին զսպելը։

– Ադրբեջանի վերջին սահմանային հարձակումից հետո հայաստանյան քաղաքական-հասարակական հատվածը երկու խմբի է բաժանվել. մի խումբը նշում է, որ «եթե Հայաստանը շարունակի մնալ ՀԱՊԿ-ում՝ կկործանվի, պետք է օր առաջ դուրս գալ այդ կառույցից», մյուս խումբն ասում է, որ «ինքնասպանություն կլինի, եթե Հայաստանը չսեղմի ԱՄՆ-ի պարզած ձեռքը»։ Իրատեսակա՞ն են կողմերի պնդումները։

– Իրականում այդ երկու խմբերը նույն խումբն են, դրանց դեմ խոսող խումբն ասում է, որ որքան էլ արդարացված լինեն դժգոհությունները ՀԱՊԿ-ից, չի կարելի լքել այդ անվտանգության համակարգը, եթե իրական այլընտրանք չկա։ Այդ մարդկանց խմբին եմ պատկանում նաև ես։

Խոսակցությունները ԱՄՆ-ի պարզած ձեռքի մասին բավականին զուրկ են կոնկրետությունից ու փաստական հիմքից։ Ադրբեջանին քննադատող ու մեզ աջակցող հայտարարությունները, Նենսի Փելոսիի պես բարձրաստիճան պաշտոնյայի այցը անկարևոր չեն և ողջունելի են։ Բայց դրանք նույն բանը չեն, ինչ Հայաստանին ինչ-որ անվտանգության երաշխիքներ տալու պատրաստակամությունը։

Իրականում մի քանի առիթով արևմտյան որոշ գործիչներ մեզ համարյա բաց տեքստով ասել են, որ նման հարց օրակարգում չկա։ Հաճախ սրան ի պատասխան ՀԱՊԿ-ից դուրս գալու ու արևմտյան ճամբար տեղափոխվելու կողմնակիցները պնդում են, թե չկա նման հարց օրակարգում, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ում է ու նման հայտ չի ներկայացրել։ Երբ Հայաստանն այդ քայլերն անի, հարցն անմիջապես Արևմուտքի օրակարգում կհայտնվի։

Գուցե դա այդպես է, բայց այստեղ երկու խնդիր կա։ Նախ՝ Հայաստանը, կարելի է ասել՝ թշնամական հարաբերություններ ունի այդ համակարգի կարևոր երկրներից մեկի` Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի մերձավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ։ Մեզ նախ պարտադրելու են լուծել մեր հարցերը այդ երկրների հետ մինչև դաշինքի անդամ դառնալը։ Ես դրանում որևէ կասկած չունեմ։ Հետևաբար, գաղափարը, որ կողմնորոշման փոփոխությունը մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումներին դիմակայելու համար, առնվազն հավելյալ փաստարկման կարիք ունի։

Բացի այդ, մենք մեզ հարց պիտի տանք. արդյոք Ռուսաստանը մեր այդ քայլին կարձագանքի պլատոնական հանգստությա՞մբ։ Համենայն դեպս, Ուկրաինայի ու Վրաստանի նմանօրինակ վարքագծին այդպես չի արձագանքել։ Պատճառներ կա՞ն մտածելու, որ մեր դեպքում այլ կերպ կվարվեն։ Պատճառներ կա՞ն մտածելու, որ Արևմուտքն ի վիճակի կլինի Հայաստանին պատսպարել նման քայլի հետևանքներից ավելի արդյունավետ կերպով, քան դա արել է Ուկրաինայի ու Վրաստանի դեպքերում։ Այս հարցի մասին լուրջ խոսակցությունը չի կարող սահմանափակվել ՀԱՊԿ-ի վարքագծից բողոքներով ու արժեհամակարգերի մասին խրոխտ բացականչություններով։ Այն պետք է նաև ներառի այս հարցերին պատասխանելու իրական ու լուրջ փորձեր։

– Պարո՛ն Գրիգորյան, Հայաստանը ԱՄՆ-ից ի՞նչ ռացիոնալ սպասելիքներ պետք է ունենա։ Արդյոք ԱՄՆ-ն հարկ եղած դեպքում ռազմական օգնություն կցուցաբերի՞ Հայաստանին, թե՞ ամեն բան կմնա հայտարարությունների մակարդակում։

– Նայած ինչ նկատի ունեք՝ ռազմական օգնություն ասելով։ Ուկրաինային էլ է ռազմական օգնություն հատկացնում։ Եթե մենք Ուկրաինայի օրինակին հետևենք, բոլորովին չի բացառվում, որ կհատկացնեն։ Բայց մենք ուզո՞ւմ ենք այդ օրինակին հետևել։ Հարցի մասին մտածելիս պետք է հաշվի առնել, որ Ուկրաինան հսկա երկիր է մեր համեմատ, մեզնից 13-14 անգամ ավելի մեծ բնակչությամբ ու ահռելի տարածքով։

Եթե մենք Ռուսաստանի հետ նման առճակատման գնանք, իսկ ճամբարի փոփոխության փորձը նման առճակատումը համարյա անխուսափելի կդարձնի, ինչքա՞ն կդիմանանք, եթե նույնիսկ ԱՄՆ-ը պատրաստ լինի մեզ զենք մատակարարել ու մեր բանակը մարզել։ Վստա՞հ ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է մեզ համար ավելին անել, քան անում է Ուկրաինայի համար։

– Հայաստանում նաև մեծ հույսեր են կապում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իրանը կպատերազմի՞ Ադրբեջանի դեմ, եթե վերջինս, այնուամենայնիվ, փորձի ամեն գնով ստանալ «Զանգեզուրի միջանցքը»։

– Դա իսկապես Իրանի կենսական շահերին առնչվող խնդիր է, և ես կարծում եմ, որ Իրանը հնարավոր ամեն ինչ կանի Հայաստանի հետ սահմանից չզրկվելու համար։ Բայց վստահ չեմ՝ այդ երկիրն արդյոք պատրաստ կլինի՞ ուղիղ ռազմական միջամտության, հատկապես եթե միայնակ մնա՝ որպես դա կանխել ցանկացող երրորդ կողմ։

Նման միջամտությունը կարող է հանգեցնել ճգնաժամի Թուրքիայի հետ, ինչը կարող է նաև ուժեղացնել ԱՄՆ-ում Իրանին հարվածելու կողմնակիցների դիրքերը, ինչը կարող է Իրանի համար չափազանց մեծ դարձնել նման միջամտության հետ կապված ռիսկերը։

– Պարո՛ն Գրիգորյան, ի վերջո, ո՞ւմ շահերից է բխում «Զանգեզուրի միջանցքի» բացումը, բնականաբար խոսքս չի վերաբերում Թուրքիային ու Ադրբեջանին, նկատի ունեմ այն երկրներին, որոնք որպես միջնորդ են ներգրավվել Թուրքիա-Հայաստան, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։

– Եթե խոսքը կոմունիկացիաների բացման մասին է, դա կարող է բխել շատերի շահերից, այդ թվում՝ մեր, բայց կոմունիկացիաների բացումը նույն բանը չէ, ինչ միջանցք բացելը։ Ես չեմ կարծում, որ միջանցքը, այն տրամաբանությամբ, որով դա Ադրբեջանն է պատկերացնում, բխում է որևէ այլ երկրի շահերից, չհաշված Թուրքիային։

Ուրիշ բան, թե ո՛ր երկրները շահեր ունեն դա թույլ չտալու, ի՛նչ հնարավորություններ ունեն դա թույլ չտալու համար և ի՛նչ կոնկրետ քայլեր են պատրաստ անելու, որպեսզի դա թույլ չտան։

Ասում եք, որ բացի Թուրքիայից այլ պետություն շահագրգռված չէ դրանով, սակայն կան կարծիքներ, որ Ռուսաստանն ինքն է պարտադրում Հայաստանին տալ այդ միջանցքը, որի իրավական վերահսկողությունը պետք է իրականացնի ինքը։ Այսինքն՝ միջանցքի հարցում Ադրբեջանն ու Ռուսաստանն ընդհանուր հայտարարի են եկել, անհամաձայնությունը վերահսկողությունն իրականացնելու հարցում է։

– Նախ ես չգիտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը։ Երկրորդ՝ միջանցքի մասին խոսակցություններն ի հայտ եկան պատերազմից հետո, և, ամենայն հավանականությամբ, հայկական կողմից նման միջանցք տրամադրելու խոստումը պատերազմը դադարացնելու պայման է եղել։ Ռուսաստանն այդ զինադադարի ու դրա հիման վրա կայացված պայմանավորվածությունների կատարման երաշխավորն է, և շատ հավանական է, որ Ռուսաստանն ինքն է պնդում այդ պայմանավորվածությունների իրագործում։

Բնականաբար, այդ միջանցքի կամ այդ ճանապարհի անվտանգությունն ինչ-որ մեկը պետք է վերահսկի։ Բնականաբար, Ռուսաստանը պնդելու է, որ ինքը վերահսկի։ Ես կարծում եմ՝ սա է պատկերը։

– Ձեր գնահատմամբ՝ խաղաղության պայմանագրի կնքումը, ի վերջո, հնարավոր կլինի՞, ու ի՞նչ գին են վճարելու դրա համար Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը։

– Արցախի ճակատագիրն այլևս մեզնից չի կախված, այլ ռուսներից ու ադրբեջանցիներից։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա խաղաղության պայմանագիր այն ստիպված է լինելու ստորագրել, և դա անելու է շատ ծանր պայմաններով։ Հուսանք՝ դրա մեջ չի մտնի «Զանգեզուրի միջանցքի» համար նախատեսված տարածքի օտարման ճանաչումը։

Վերջում մի փոքր ուղղում անեմ ձեր ձևակերպման մեջ, եթե թույլ կտաք։ Մենք պայմանագիր ստորագրելով չէ, որ ինչ-որ գին ենք վճարելու։ Պայմանագիրն ինքը այն գինն է լինելու, որ մենք վճարելու ենք պատերազմից չխուսափելու համար, մեր ոչմիթիզական անպատասխանատվության համար, պատրանքների վրա քաղաքականություն կառուցելու համար։

– Ի՞նչ ժամկետներում եք իրատեսական համարում այդ պայմանագրի կնքումը։ Ճի՞շտ եմ հասկանում, որ այդ պայմանագրով Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս, պարո՛ն Գրիգորյան։

– Ժամկետների մասին շատ դժվար է ինչ-որ բան կանխատեսել։ Ես կարծում եմ, շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձություններն Ուկրաինայում։ Ինչ վերաբերում է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուն, այստեղ հստակ տարբերություն կա Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումների միջև։ Ռուսաստանը պնդում է, որ պետք է Արցախի վերջնական կարգավիճակի հարցն առկախել և խաղաղության պայմանագիր կնքել առանց այդ կարգավիճակի վերջնական սահմանման։ Արևմուտքը ավելի հակված է փաթեթային լուծման, որով Արցախն ինչ-որ կարգավիճակ է ստանում Ադրբեջանի կազմում, բայց Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի սուվերենությունն Արցախի վրա։

Ելնելով միջանցքի վտանգավորության ու անցանկալիության գիտակցությունից՝ կարծում եմ՝ իշխանությունները հակված են այդ վերջին կռվանը՝ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, օգտագործել միջանցքից Ադրբեջանի հրաժարումն ստանալու դիմաց։ Բայց սա բախվում է Ռուսաստանի շահերին, ինչը, կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում աճած լարվածության պատճառներից մեկն է։ Ասեմ նաև, որ ես վստահ չեմ, թե դա բավարար կլինի Ադրբեջանից այդ հրաժարումն ստանալու համար։ Ադրբեջանին այսօր այդ միջանցքն ավելի է հետաքրքրում, քան Արցախի վրա Ադրբեջանի սուվերենության ճանաչումը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am