Ռուսաստանի նոր վարչապետի հայ լինելու մասին լուրերը հիմնավորված չեն. Fip.am

Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության նախկին ղեկավար Միխայիլ Միշուստինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ հունվարի 16-ին դարձավ երկրի վարչապետ։ Վերջին օրերին սկսվեցին տարածվել լուրեր նրա հայ լինելու վերաբերյալ։ Սրա մասին շահարկումներ են արվել և՛ ռուսական, և՛ հայկական լրատվական կայքերում։

Այսպես, օրինակ, business-gazeta.ru-ն նշում է, որ «ըստ որոշ տեղեկությունների` Միշուստինը կիսով չափ հայ է»։ Այս կայքին հղում կատարելով՝ նման տեղեկություն է տարածել նաև newsarmenia.am կայքը։ Իսկ tert.amanalitik.amlurer.com և այլ կայքեր հղում են կատարում ռուսական woman.ru կայքում հրապարակված՝ Միշուստինի մասին կենսագրական հոդվածին։ Կանանց համար նախատեսված կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Միշուստինի մայրը, իբր թե, Тайчарух (Թայչարուխ) գյուղից է, որի այսօրվա անվանումը Մեղրաձոր է։ Այն գտնվում է Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքի մերձակայքում։

Այս տեղեկությունները, սակայն, հաստատված չեն։ 

Fip.am-ը փորձել է պարզել Միխայիլ Միշուստինի հայ լինելու մասին տեղեկությունների սկզբնաղբյուրը և հայերի հետ իր ունեցած կապերը։

Ի՞նչ գիտենք Միշուստինի ծնողների մասին

ՌԴ նորանշանակ վարչապետի պաշտոնական կենսագրության մեջ չկա որևէ տեղեկություն նրա ծնողների և նրանց ազգության մասին։

Այլ աղբյուրներում նշված է, որ Միխայիլ Միշուստինի հայրը՝ Վլադիմիր Մոիսեյի Միշուստինը, հրեա է՝ ծնունդով բելառուսական Պոլոցկ քաղաքից։ Վերջինս 80-ականներին հայտնվել փոքրիկ Լոբնյա քաղաքում (Մերձմոսկովյան շրջան)։ Ըստ mk.ru կայքի՝ Միշուստինի հայրը աշխատել է Մոսկվայի «Շերեմետյեվո» օդանավակայանում։

Սակայն ըստ ռուս լրագրող Սերգեյ Կանևի, որը ծնունդով նույնպես Լոբնյա քաղաքից է, Միշուստինի հայրն իրականում կյանքի մեծ մասը ծառայել է սովետական ԿԳԲ-ում, կադրային սպա է։ Fip.am-ի հետ զրույցում Կանևը նշեց, որ իր տեղեկություններով՝ ավագ Միշուստինը սկսել է կարիերան Բուլղարիայում՝ ԽՍՀՄ դեսպանատան ռեֆերենտի հովանու ներքո, այնուհետև լրտեսական գործունեություն է իրականացրել Աֆղանստանում և Լյուքսեմբուրգում։ 

ԽՍՀՄ փլուզումից հետո նա կցվել է ЗАО «Аэромаш-Авиционная безопасность» կազմակերպությանը՝ որպես անվտանգության հարցերով պատասխանատու, և այդ կարգավիճակում անցել աշխատանքի «Շերեմետյեվոյում»։ 

Միխայիլ Միշուստինի մոր մասին տեղեկությունները է՛լ ավելի սակավ են։ Անունը Լուիզա է, հայրանունը՝ Միխայիլի։ Ծնվել է 1942 թվականին Արխանգելսկի մարզի Կոտլաս քաղաքում։ Վլադիմիր Մոիսեյեվիչի հետ ամուսնանալուց հետո վերցրել է նրա ազգանունը։ Որևէ տվյալ, որը կհաստատեր կամ գոնե կակնարկեր Լուիզա Միխայլովնայի հայ լինելու մասին, բաց աղբյուրներում չկա։ Թե ի՞նչ ազգանուն է ունեցել մինչև ամուսնանալը՝ հայտնի չէ։ Նրա հայ լինելու մասին անհիմն պնդումներին զուգահեռ՝ կան նաև այլ վարկածներ, օրինակ, թե իբր Լուիզան լեռնական հրեա է։ Փոխարենը հստակ տեղեկություններ կան, որ Լուիզա Միշուստինան երիտասարդ տարիներին եղել է ինչ-որ բուժհաստատության աշխատակից, իսկ այժմ օգնում է որդուն թաքցնել անօրինական եկամուտները։

1966 թվականին ծնվել է Միխայիլը Լոբնյայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարան և սկսել շփվել Ռուսաստանի հայկական համայնքի էլիտայի հետ։ 

Ամենայն հավանականությամբ, Միխայիլ Միշուստինի մոր հայ լինելու վարկածը բացառության սկզբունքի արդյունք է․ սկզբից հենց Միշուստինին են փորձել «մեղադրել» հայ լինելու մեջ («армянин-полукровкa Михаил Мишустин»), և առաջին անգամ դա արվել է ռուսական Moscow Post լրատվական-վերլուծական կայքում՝ 2010 թվականի նոյեմբերին։ Այս աղբյուրը կապ ունի ռուս ազգայնականների հետ։ Հետագայում հոդվածը ջնջվել է, սակայն ամբողջությամբ պահպանվել է Compromat.ru կայքում, որը մասնագիտանում է հայտնի անձանց մասին «կեղտոտ» լուրերի հավաքագրմամբ։ Հոդվածում առանց որևէ փաստացի տվյալի հայտարարվում է, որ Միշուստինը հայ է, և քանի որ նրա հայրը՝ Վլադիմիր Մոիսեյի Միշուստինը, դժվար թե հայ լինի, այս տարբերակը բացառվում է, և տրամաբանական է ենթադրել, որ այդ «կեսը» մորական գծով է։ 

Հոդվածի հեղինակը, Միշուստինին հայ ներկայացնելով, փորձում էր բացատրել նրա սերտ կապերը Ռուսաստանի հայ համայնքի հետ։ Հայերը, իրոք, զգալի դեր են խաղացել ներկայիս ՌԴ վարչապետի կարիերայում։ Համալսարանն ավարտելուց հետո Միշուստինը սկսել է աշխատել իր մտերիմ ընկերոջ՝ «Միջազգային համակարգչային ակումբի» (ՄՀԱ) հիմնադիր և ղեկավար Լևոն Ամդիլյանի մոտ։ Հոդվածում գրված է, որ նրանց ընկերությունը «հիմնականում Միշուստինի հայկական ծագման շնորհիվ է ձևավորվել»։ 

Ըստ ամենայնի, Միխայիլ Միշուստինը նաև ծանոթ է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Այս մասին տեղեկություններ է հայտնում RuCriminal.info կայքը՝ մեջբերելով հատվածներ ՌԴ նախկին էներգետիկայի նախարար Իգոր Յուսուֆովին վերաբերող դոսյեից․ «Իր գործունեության սկզբում 1993 թ․ Իգոր Յուսուֆովը իրեն մոտ կանգնած հեղինակություն Սերգեյ Լալակինի (Լուչոկ) միջոցով աշխատանքային կապեր հաստատեց հայկական սփյուռքի առաջատարներից մեկի՝ Ռուբեն Վարդանյանի հետ։ Հանդիպումը Վարդանյանի կողմից կազմակերպել էր օրենքով գող Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան)։ Ռուբեն Վարդանյանը ծանոթացրեց Յուսուֆովին «Միջազգային համակարգչային ակումբի» հիմնադիրներից Լևոն Ամդիլյանի և Միխայիլ Միշուստինի հետ, որոնք 1992 թվականից ի վեր զբաղվում էին ռուսական շուկայի համար նորագույն համակարգչային ապրանքների և ծառայությունների ներկրմամբ»,- գրում է կայքը՝ հավելելով, որ հետագայում ՄՀԱ համահիմնադիրները հաճախ էին օգնում Յուսուֆովին փողերի լվացման և կանխիկացման գործում։ 

Նշենք, որ RuCriminal-ի հիշատակած Սերգեյ Լալակինը տխրահռչակ «Պոդոլսկիյե» կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնադիրն ու ղեկավարն էր։ 

Որպես Միշուստինի «հայության վկայություն» է մատուցվում նաև անցյալ տարի Երևանում անցկացված WCIT-2019  համաշխարհային համաժողովում մասնակցությունը, ինչպես նաև այն փաստը, որ «Այբ» դպրոց այցելելիս նրան ուղեկցել է ռուսաստանահայ մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանը, ինչը չի փաստում նրա հայ էթնիկ ծագում ունենալը։ 

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Միխայիլ Միշուստինի՝ կիսով չափ հայ լինելը ոչնչով հիմնավորված չէ։ Ավելին, ամենայն հավանականությամբ, այս վարկածը 10 տարի առաջ մի անհայտ ռուս ազգայնականի հնչեցրած «մեղադրանքի» արդյունք է։

Էմիլ Բաբայան

www.Fip.am