«Սպասում ենք, որ նորից Արսեն ծնվի»․ 44-օրյա պատերազմում որդուն կորցնելուց հետո Թեհմինեն երեխայի է սպասում

«Արսենս պարտադիր գալիս ա իմ երազին՝ մամա՛ ջան, ես կենդանի եմ, աչքերդ մի՛ թացոտի։ Երազումս բերեց, սպիտակ աղունիկ տվեց ինձ ու ասեց՝ պինդ-պինդ կպահես ձեռքումդ մինչև կյանքիդ վերջը»,- ասում է 38-ամյա Թեհմինե Անտիկյանը ու հուզմունքով շարունակում, որ այդ երազից երկու ամիս անց հղիացել է։

«Սպասում ենք, որ նորից Արսեն ծնվի»,- ասում է որդեկորույս մայրը։

Թեհմինեի որդին՝ 18-ամյա Արսեն Արևշատյանը ժամկետային զինծառայող էր, երկու ամիս էլ չկար, ինչ ծառայության էր մեկնել Ջրական, երբ պատերազմը սկսվեց։ Արսենը սկզբում Ջրականում, այնուհետև Հադրութում է կռվել հակառակորդի դեմ։

Հարազատները պատմում են․ «Մինչև հոկտեմբերի 1-2-ը եղել են Ջրականում, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին էրեխեքին տեղափոխել են Հադրութի դպրոց, մինչև ամսի 9-ը պահել են էնտեղ, դրանից հետո հրաման ա եղել, որ մտնեն Հադրութի անտառները։ Ամսի 9-ից էրեխեքը կռվել են, որոշ էրեխեք դուրս են եկել, փրկվել են, իրենք են պատմել մանրամասները։

Վերջում Արսենենց 11 հոգանոց խումբն ա մնացել, հոկտեմբերի 12-ին բոյ են տվել տեռորիստների դեմ ու զոհվել»։ 

Ընտանիքի անդամները Արսենի հետ վերջին անգամ կապ են հաստատել հոկտեմբերի 9-ին։ Արսենը հարազատներին իր գտնվելու տեղի մասին երբեք չի ասել, միայն նրա զոհվելուց հետո են ընտանիքի անդամներն իմացել, որ 18-ամյա տղան հակառակորդի դեմ թեժ կռիվների մեջ է եղել Ջրականում և Հադրութում։

Արսենի մասին լուր չունենալով՝ ընտանիքի անդամները, հարազատները սկսել են հնարավոր բոլոր տեղերում փնտրել։

«Հորեղբայրը մեկ ամիս Ղարաբաղում էր, տեղեկություններ էր հավաքում։ Մենք ԴՆԹ էինք հանձնել, փետրվարին հաստատվեց, միայն հորեղբայրը գիտեր այդ լուրը, մեզ չէր ասում, սպասում էր՝ Արսենի մարմինը ամբողջական հավաքվեր, նոր ասեր»,- հուզմունքով պատմում է որդեկորույս մայրը։

Հուլիսին արդեն ընտանիքի բոլոր անդամները իմանում են ողբերգական դեպքի մասին, հուլիսի 23-ին Արսենին հուղարկավորում են ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում։

«Սաղ իմ կյանքը շրջվեց, երբ երեխուս մասին իմացանք, մտածում էինք՝ գերի ա, սպասում էինք, որ կգա, կհայտնվի։ Չենք համակերպվում ու չենք էլ հավատում»,- ասում է ու հուզվում Թեհմինեն։

Մայրն ասում է՝ որդու ներկայությունն է անընդհատ զգում, որդու ձայնն ականջներում է․ «Մինչև հիմա իմ ականջիս ա՝ մամա՛ ջան, չմտածես, մամա՛ ջան, լավ կլինի, ես խոսք եմ տվել, մամա՛ ջան, որ դու ինձ զինվորի շորերով պիտի տենաս։ Մինչև օրս սպասում եմ, որ ինքը զինվորի շորերով պիտի գա, որ իրան տեսնեմ»,- մորմոքով ասում է 38-ամյա կինը։

Հարազատները պատմում են՝ Արսենը բարի էր, կամեցող, բոլորին օգնող, շատ աշխատասեր։

«Գյուղում աշխատանքներ էր կատարում, հողագործությամբ էր զբաղվում։ Որոշել էր, որ բանակից գա, ուսում ստանա, տնտեսագետ դառնա։ Սիրած աղջիկ ուներ, ուզում էր կայանար, ամուսնանար, քաղաք տեղափոխվեր։ Ամեն ինչ կիսատ մնաց․․․»- հուզմունքով պատմում է մայրը։

Թեհմինեն ասում է՝ ցավը խորն է, կարոտը՝ ուժգին․ «Ապրելու ուժ ու հույս տալիս են մյուս երկու երեխաներս և ապագա բալիկը»։

Արսեն Արևշատյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Մարտական խաչ» շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Մարտական խաչ» շքանշանն ունի երկու աստիճան`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան: «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

Արփինե Արզումանյան

MediaLab.am