«Արքայադուստրից` ստրուկ». ակնթարթներ, որոնք պատմում են կյանքի ու մահվան, բռնության և ցավի մասին

«Արքայադուստրից` ստրուկ». ակնթարթներ, որոնք պատմում են կյանքի ու մահվան, բռնության և ցավի մասին
«Արքայադուստրից` ստրուկ». ակնթարթներ, որոնք պատմում են կյանքի ու մահվան, բռնության և ցավի մասին

Սգո ծաղիկները դրսում, երիտասարդ գեղեցկուհի Մարոն` նուրբ մատները կապտած, դագաղի մեջ: Գունաթափ ու աղքատիկ հյուրասենյակի ճնշող պատերի անկյուններում ողբացող կանայք, Մարոյի երկվորյակ եղբայրը` գլուխը Մարոյի գլխին նստած: Ակնթարթ, որը պատմում է կյանքի ու մահվան, ցավի, ցասման բռնության և կյանքի պատմությունը` հայտնի ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանի «Արքայադստերից` ստրուկ» ֆոտոպատմության մեջ:
«Քանդակագործ Հերիքնազ Գալստյանը, երբ խոսում էինք, ասաց, որ ամեն հայ աղջիկ, երբ ծնվում է, լինում է փոքրիկ արքայադուստր, որովհետև հայրն այդպիսին է նրան ընկալում: Հետո արքայադուստրը մեծանում է, ամուսնանում ու դառնում է այդ տան նոքարը, հետո բռնությունների է ենթարկվում՝ հոգեբանական, ֆիզիկական, անգամ մահվան ելքով բռնության»,- ֆոտոնախագծի «Արքայադուստրից` ստրուկ» խորագրի ընտրությունն է բացատրում լուսանկարիչը:

Մեկ երեխայի մայր և երկրորդ երեխային սպասող գեղեցկուհի Մարոն ընդամենը 21 տարեկան էր, երբ հրաժեշտ տվեց կյանքին` պաշտոնական վարկածով` ինքնասպանություն:

«Մարոյի ընտանիքը պնդում է, որ աղջիկը խեղդված է, ոչ թե կախվել է: Երբ նրանք ինձ ցույց էին տալիս Մարոյի վիզը, ցույց էին տալիս մատնահետքերը: Ասում էին, որ ամուսինը պարբերաբար ծեծել է, մազերը քաշել»,- «Մեդիալաբին» ասում է ֆոտոլրագրողը:

Անահիտ Հայրապետյանի լուսանկարները ցույց են տալիս կնոջ կապտած ձեռքերը, վզի վնասվածքները, ինչը հետագայում կցվել է գործին, որպես հավելյալ ապացույց, սակայն դրանից գործի ընթացքը դեռ չի փոխվել մի երկրում, ուր բազմաթիվ կանայք ամեն օր ընտանեկան բռնության զոհ են, ստորադասված և տառապյալ:

«Ես ուզում էի մատս կտրել և արյունով պատին գրել` «է՞ս էիր ուզում», հետո ինքնասպան լինել: Ամուսինս ուզում էր աչքս հանել, նշան կա աչքիս վրա, հորս աչքի պես, ասում էր, որ հորս աչքն է հիշեցնում»,- մարզերից մեկում հանդիպած ամուսնուց մի կերպ փախած կնոջ խոսքերն է հիշում Անահիտ Հայրապետյանը:

Երկու տարվա ընթացքում ֆոտոլրագրող Անահիտ Հայրապետյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում բազում հուզիչ ու դաժան պատմություններ է լսել, բազմաթիվ կանանց ու ճակատագրերի հանդիպել, և նրանց պատմությունները ներառել իր աշխատանքներում: Սակայն պատմում է, որ աշխատանքի ընթացքում բոլոր դեպքերը անհնար էր ամփոփել մի ֆոտոպատմության մեջ, որը հետագայում մտադիր է գրքով հրատարակել:

«Վարագույրից այն կողմ մնացին բազմաթիվ կանանց պատմություններ, որոնց լուսանկարել հնարավոր չէր, որովհետև այդ կանայք համաձայն չէին, կամ ուղղակի ես չգտա մոտեցումը»,- «Մեդիալաբին» պատմում է Անահիտը:

Անահիտի լուսանկարների հերոսները ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական բռնության ենթարկված կանայք են:

«Դժվար նախագիծ է, հաճախ կանայք իրենք չեն հասկանում, որ այն, ինչ իրենց հետ է կատարվում, բռնություն է: Նրանք կարծում են, որ հենց այդպիսին պիտի լինի իրենց` սպասավորի կյանքը: Ամուսնու ու երեխաների խնամքը, երբեմն հսկայական ընտանիքի բոլոր հոգսերը նրանց ուսերին են: Գտնելը նրանց, ովքեր կխոսեն, համարձակություն կունենան հակառակ գնալ հասարակությունում տարածված կարծրատիպերին, որը, ի դեպ, պնդում է, որ Հայաստանում նման բան չկա, չափազանց դժվար գործ է: Ամենավատն այն է, որ կանանց նկատմամբ կիրառվող բռնությունը լավ քողարկված է»,- նշում է նա:

Անահիտ Հայրապետյանն աշխատել է Հայաստանի տարբեր բնակավայրերում և ասում է, որ իր համար ցավալի և անսպասելի էր բացահայտել, որ կանանց նկատմամբ բռնության դեպքերը մեծ տարածում ունեն Հայաստանում:

Նա նշում է, որ նախկինում ևս իր շրջապատում ծանոթ-բարեկամներից իմացել է, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը` կնոջը ճնշելը, սահմանափակելը, ղեկավարելը շատ տարածված է` երիտասարդ տարիքից մինչև հասուն: Սակայն միևնույն ժամանակ հավելում է, որ չէր սպասում, որ «երևույթն այդ աստիճան տարածված է»:

«Մարդիկ անգամ չեն պատկերացնում, որ դա բռնություն է, որ այդ հոգեբանական ճնշումները, ամուսնանալուց հետ կիրառվող արգելքները՝ մի´ աշխատիր, տանը նստի´ր և այլն, այդ ամեն ինչը հոգեբանորեն ճնշում է կնոջը և չի թողնում ինքնադրսևորվել, ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Ստացվում է, որ միշտ լինում է մեկը, ով նրանց ուղղություն է ցույց տալիս և ասում, թե ոնց պետք է ապրել: Կարծես թե նրանք ուղեղ չունեն: Այնինչ իրականում այդպես չէ, ես կարծում եմ, որ հայ կինը շատ խելացի, ուժեղ մարդ է»,- նշում է լուսանկարիչը, ով ինքն էլ ամուսին և երկու փոքր երեխաներ ունի:

«Վերջերս նման մի դեպք լսեցի. աղջիկը բաժանվել էր ընկերոջից միայն նրա համար, որ վերջինս չի սահմանափակել իրեն, ամեն օր տուն չի ուղեկցել, ամեն առավոտ չի դիմավորել, չի բռնացել նրա կամքին: Հաճախ աղջիկներն ընտանիքում ղեկավարվում են նախ` ավագ եղբոր, հոր, հետո` ընկերոջ ու ամուսնու կողմից: Սա ընդունված սխեման է: Աղջիկներին մեծացնում են ամուսնացնելու համար, աղջիկներին ավելի դժվարությամբ են թողնում արտասահմանում սովորելու մեկնել, և շատ այլ հարցերում ևս աղջիկների նկատմամբ խտրականություն է դրսևորվում»,- նշում է նա:

Անահիտն արձանագրում է, որ սխալ կլինի ասել, թե գյուղում կանանց նկատմամբ բռնություններն ավելի տարածված են, քան քաղաքում: Անգամ այնպիսի ընտանիքներում են կանանց նկատմամբ բռնություններ կիրառվում, որ երբեք ոչ ոքի մտքով չէր անցնի:

«Երբեք չես կարող իմանալ, թե ի´նչ է կատարվում ներսում: Դա մեր ավանդույթն է՝ կեղտոտ լվացքդ դուրսը մի´ փռիր, խոհանոցիդ պատմությունը դուրս մի´ հանիր և այլն: Հայ ընտանիքներում դա ընդունված է, դա բռնություն է հենց ամուսինների ու սկեսուրների կողմից, ովքեր արգելում են, որ այդ պատմություններն ընտանիքի պատերից դուրս գան: Դրանք մեջը մնալով՝ մի տեսակ հոտել են»,- ասում է Անահիտը:

Հենց այդ ավանդույթներն ու կանանց վախն էլ պատճառ են դարձել, որ Անահիտը բոլոր պատմությունները չներկայացնի իր լուսանկարներում:

Անահիտ Հայրապետյանի ֆոտոպատմություններում տեղ է գտել նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացրած Մարիամ Գևորգյանի պատմությունը, ով պարբերաբար ֆիզիկական դաժան բռնության էր ենթարկվել ամուսնու ու սկեսրոջ կողմից: Անահիտն ասում է, որ դժվարությամբ է գնացել Մարիամենց տուն, բայց կարողացել է կատարել իր աշխատանքը:

«Շատ ծանր է լուսանկարչի համար՝ գնալ, դուռը ծեծել, մտնել ներս ու ասել, թե ինչ եմ նկարելու»,- մտովի հետ է գնում նա:

21-րդ դարում Հայաստանում կանանց նկատմամբ կիրառված բռնությունները նաև մահվան առիթ են հանդիսանում: Ըստ պաշտոնական վիճակագրության` միայն անցյալ տարի ընտանեկան բռնության է ենթարկվել 621 կին: Ընտանեկան բռնության հետևանքով պաշտոնապես սպանվել է 4 կին, և չնայած նման իրավիճակին` Ազգային ժողովը վերջերս մերժեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը:

«Եթե օրենք լինի, տղամարդը ձեռք բարձրացնելուց առաջ կմտածի, թե ի´նչ է անում: Գոնե այդքանը կլինի: Իմ կարծիքով` օրենքը շատ բան կփոխի: Թե չէ այսպես անպատժելիության մթնոլորտ է»,- ասում է Հայրապետյանը, ով համոզված է, որ այս հարցում պետության հոգածությունն է պակասում:

Անահիտ Հայրապետյանը նշում է, որ երկու տարվա ընթացքում բռնությունից տուժած կանացից շատերն են իրեն պատմել, որ ոստիկանության հետ հույսեր չեն կապում, քանի որ, որպես կանոն, նրանք քայլեր չեն ձեռնարկում:

Մյուս կողմից էլ` ոստիկանության աշխատակիցներն արդարանում են, որ ընտանիքում բռնության ենթարկված կանայք գալիս են, բողոք են գրում, սակայն գնում են տուն, նրանց համոզում են, գալիս են ու բողոքը հետ վերցնում:

«Ինչո՞ւ է հայ կինը, որպես կանոն, անտրտունջ հանդուրժում իր նկատմամբ կիրառվող բռնությունը» հարցին Անահիտը նման պատասխան ունի՝ դա հասարակությունում առկա խնդիրների հետևանքն է:

«Ինչո՞ւ է բռնության ենթարկված կինը ներում ամուսնուն, որովհետև գնալու տեղ չունի, աշխատանք չունի: Մեր պետությունն այդքան ուժեղ չէ, որ տեր կանգնի նման մարդկանց: Գնա ի´նչ անի, գնա փողո՞ց: Մարդը տեղ չունի մնալու, եկամտի աղբյուր չունի, ի՞նչ պետք է անի: Ինքը մտածում է` գնամ, ի՞նչ անեմ, երեխեքիս ո՞նց եմ պահելու, տուն պիտի վարձեմ, ո՞նց եմ վարձը տալու, մերոնց տուն գնամ, մերոնք մեղք չե՞ն: Դրա համար հետ է գնում ու ապրում այն մարդու մոտ, ով իրեն խոշտանգում է»,- ասում է ֆոտոլրագրողը:

Իր ֆոտոպատմության մեջ Անահիտ Հայրապետյանը երկու նման դեպք է նաև ներկայացնում` Զարուհի Պետրոսյանի և Մարո Գուլոյանի մահվան աղմկահարույց պատմությունները:

Ընտանեկան բռնության դեմ պայքարի խորհրդանշան դարձած 20-ամյա Զարուհին մահացավ ամուսնու ու սկեսրոջ դաժան ծեծի հետևանքով: Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչուհի Մարո Գուլոյանը, ով մեկ փոքրահասակ երեխա ուներ և հղի էր, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել խալաթի գոտիով կախվելով, սակայն ընտանիքի անդամները պնդում են, որ Մարոն ևս ընտանեկան բռնության զոհ է դարձել:

Այսօր էլ այդ դեպքերի մասին խոսելիս Անահիտի կոկորդը սեղմվում է, չի կարողանում մինչև վերջ արտահայտվել.

«Ինչքան աղջիկներ կան, որ լուռումունջ տանում են այդ լուծը, որ հետ չգան, ծնողի համար բեռ չդառնան, հանուն իրենց երեխաների շարունակում են ապրել խոշտանգված, ապրել նսեմացված այդ ընտանիքում,- հուզվում է Անահիտ Հայրապետյանը: – Երբ տեսնում ես, թե ինչպես է Մարոյի մայրը ողբում, նրանց հետ հավասար ողբում ես ու մտածում, թե ինչքան մարոներ ու զարուհիներ կան, և մինչև երբ պիտի այդ պատմությունները շարունակվեն»:

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները` Անահիտ Հայրապետյանի

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am