Ի՞նչ սննդամթերք պահեստավորել, ինչի՞ց խուսափել. Սպառողի շահերով զբաղվող Բաբկեն Պիպոյանը կոչ է անում զգոն լինել, սակայն խուճապի չմատնվել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, վերջին օրերին կորոնավիրուսի տարածման պատճառով մարդիկ ինքնամոռաց մեծ քանակությամբ սննդամթերք են գնում, դատարկում խանութները։ Դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս սպառողներին, պահեստավորե՞ն սննդամթերք, թե՞ ոչ։ 

– Սննդամթերք, հատկապես արագ փչացող ապրանք կուտակելու կարիք չկա։ Այն ապրանքները, որոնց պահպանման պայմանները մարդիկ իրենց բնակարաններում հեշտությամբ կարող են ապահովել, այն ապրանքները, որոնց պիտանելիության ժամկետի խնդիր մարդիկ չեն ունենալու, և հնարավորություն ունեն ձեռք բերել, իրենք իրենց ապահով զգալու համար եթե գնեն, որևէ մեկին չեն խանգարի։ 

Եթե մարդը համարում է, որ, օրինակ՝ մակարոնեղեն առնի, պահի, որ ավելի հանգիստ լինի, հոգեբանական առումով դա իրեն առավելություն կտա, ապա թող առնի։

Բայց ինչ վերաբերում է արագ փչացող կամ պիտանելիության կարճ ժամկետ ունեցող ապրանքներին, ապա դրանք գնելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է այլ՝ ոչ պարենային ապրանքներին, այստեղ ճիշտ կլինի, որ մեր էկոնոմիկայի նախարարությունը հիմիկվանից սկսի գործել։ Ես կարծում եմ, որ այսպիսի իրավիճակներում մենք պետք է գործենք ոչ թե ըստ իրավիճակի, այլ պետք է կանխատեսումներ անենք առաջիկա 10 օրերի համար, մեկ ամսվա համար։ 

Այդ կանխատեսումներն այնքան բազմապրոֆիլ են։ Պայմանական օրինակ բերեմ. մենք որքա՞ն պահեստավորած զուգարանի թուղթ ունենք։ Մենք ասում ենք, որ Հայաստանը բերում է Ռուսաստանից, ունենք տեղական արտադրանք, և երկու տարվա համար այն մեզ բավական է։ Այսինքն՝ մենք ասում ենք, մարդիկ այլևս չեն գնում։ 

Դրան հակառակ մենք ենթադրում ենք վատ սցենար, ասում ենք՝ Աստված մի արասցե, կարող է այս գործարանը չաշխատի, կարո՞ղ եք հզորությունն ավելացնեք, պահեստավորեք։ Մենք այս խնդիրներին մատների արանքով չպետք է նայենք։ 

Իհարկե շատ կարևոր է մշակույթը, որ մենք կարողանանք ինքնակազմակերպվել, և երբ պետությունն ասում է ինքնամեկուսացվեք, մենք կազմակերպված ինքնամեկուսացվենք։ Բայց արդյոք մեր պետությունը չէր կարող գուշակել, որ մենք դեռևս այդպիսի հասարակություն չենք, և այդ հորդորը միանգամից ազդեցություն չի ունենալու։ 

Որպեսզի մենք ունենանք մշակույթ, պետք է այս ուղղությամբ երկար ճանապարհ անցնենք, իսկ ազդեցություն ունենալու համար պետք է մշակել գործիք, որ երբ մարդուն ասում ենք՝ ինքնամեկուսացվիր, եթե տեսնում ենք՝ ինքը մեր հորդորը չի լսել, մենք կարողանանք սանկցիա կիրառել։ 

Եթե մենք մարդուն զգուշացնում ենք, ասում ենք՝ հարգելի քաղաքացի, մենք քեզ շատ սիրում ու հարգում ենք, մենք քո գիտակցության վրա վստահ ենք և խնդրում ենք ինքնամեկուսանալ, հետո զգուշացնում ենք, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն ինքնամեկուսանա, համապատասխան պատժամիջոց կկիրառվի նրանց նկատմամբ։ 

Արդյոք կարելի՞ է նախապես սա կանխագուշակել և այդ իրավական նորմը կարգավորել։ Մենք առ այսօր չունենք այդ գործիքը։ Այսինքն՝ եթե հորդորում ենք, քաղաքացին ականջալուր չի լինում, անգամ վաղը կարող է բողոքել, որ օրենքի խախտումով ենք իրեն սահմանափակել, որովհետև համապատասխան մեխանիզմը չունենք։ 

Դրա համար եմ ասում, որ հիմա այն վիճակն է, որ կառավարությունը պետք է զգոն լինի, իր ամբողջ ռեսուրսը մոբիլիզացնի, բոլոր ասպեկտներով հնարավոր ռիսկերը գնահատի և թափանցիկ լինի, որպեսզի մարդիկ վստահ լինեն, որ իշխանությունների զգոնությունը բավարար է բոլոր տեսակի հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ 

Մենք ունենք զգոն լինելու անհրաժեշտություն, սակայն խուճապի չմատնվելու անհրաժեշտություն։ Այնքան նուրբ է այս թելը։ Դեռևս օրեր առաջ ես նշել էի, որ, ցավոք սրտի, շատ մեծ ֆոն կա, որ ոչ մի բան չկա, հանգիստ եղեք, և եթե այդ ֆոնի վրա չասենք՝ չէ, էլի, այնքան էլ հանգիստ լինելու բան չի, իրականում կարող ենք զգոնությունը թուլացնել։ 

– Վերջին օրերին խուճապն ավելի շա՞տ է։

– Այո՛, բայց ինչո՞ւ դա եղավ, որովհետև ի սկզբանե ավելի լավ է մենք մի փոքր ավելի զգոն լինեինք, քան անզգույշ։ Այսինքն՝ ավելի լավ է մեր զգուշությունը, որ ավելի շատ խուճապի հասցնենք ինքներս մեզ, քան անզգույշ գնայինք նշանդրեք։ 

Մենք պետք է էջերը թերթենք, բայց պետք է առաջին հերթին հասկանանք, երկրորդ հերթին ընդունենք մեր սխալները ու գնանք առաջ։  Մենք պետք է հասկանանք, որ երբ ասում էինք՝ թեթև տարեք, ոչ մի բան չկա, դա մարդկանց զգոնությունը թուլացրել է։ Եթե մենք այդ մարդկանց մի փոքր վախեցնեինք, իրենք կվախենային, եթե իրենք էլ չվախենային, իրենց կողքինները կվախենային ու իրենց հետ չէին շփվի։ 

– Համաշխարհային լրատվամիջոցները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ դատարկում խանութների բոլոր դարակները։ Մեզ մոտ նո՞ւյնը կլինի։

– Այնտեղ միայն սպառողների մասով չէ։ Օրինակ՝ Իտալիայում երբ կարանտին  են հայտարարում, նաև արտադրական ծավալներն են նվազում, մատակարարումները քչանում են, և, բնականաբար, նույն պահանջարկի պայմաններում արդեն խանութը կլինի դատարկ։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am