Ականի պայթյուն Արցախի Մարտունու շրջանում․ վնասվածք ստացած տղամարդու ոտնաթաթն անդամահատել են․ Factor.am

Երեկ՝ հուլիսի 12-ին, Արցախի Մարտունու շրջանում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնման ժամանակ ականի պայթյունից վիրավորվել է փրկարարներին ուղեկցողը, գրում է Factor.am-ը։

Արցախի ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը Factor.am-ին հայտնեց, որ ականի պայթյունից ոտքի վնասվածք ստացածը Նորայր Սարսադանյանն է։

Թադևոսյանի խոսքով՝ նրան առաջին բժշկական օգնություն են ցուցաբերել նախ՝ մեր փրկարարները, ապա՝ ռուս խաղաղապահները։ Բուժօգնությունից հետո Սարսադանյանին տեղափոխել են Ստեփանակերտի բուժհաստատություն, անդամահատել ոտքի վնասված հատվածը՝ ոտնաթաթը։

Այս պահին նա շարունակում է գտնվել բժշկի հսկողության ներքո, առողջական վիճակը կայուն է։