«Վարորդը մեղք չունի, նա պետք է ընդհանրապես ազատվի քրեական պատասխանատվությունից». հղի կնոջ վրաերթի գործով կողմերի պնդումները տարբեր են

Ապրիլի 26-ին Երևանի Լեոյի-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննության ընթացքի մասին կողմերը հակադիր տեղեկություններ են հայտնում:

Գործով մեղադրյալ՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանն ասում է՝ քննությունն ավարտվում է, սական գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը հակառակն է պնդում:

«Նախաքննությունը վերջանում է, բոլոր անձինք հարցաքննվել են, չեք պատկերացնի՝ ինչ ծավալի քննություն է կատարվել: Նույնիսկ սպանության գործերով նման ծավալի քննություն չի կատարվում: Մեկ շաբաթվա մեջ քրեական գործը համարյա երեք հատոր է դարձել՝ հարցաքննություններ, առերեսումներ, հարցումներ, փորձաքննություններ, տեսանյութեր են ուսումնասիրվել: Օբյեկտիվ քննություն է իրականացվել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«Պաշտպանը տեղեկացված չէ, նա ուղղակի իր ցանկություններն է ասում: Դատախազն էլ վերաքննիչ դատարանում կալանքի հարցի քննարկման ժամանակ ասաց՝ ավարտին դեռ մոտ չենք»,- հակադարձում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

Այդուհանդերձ, մինչև քրեական գործի նախաքննությունը կավարտվի, կողմերը պատրաստվում են պնդել իրենց դիրքորոշումը:

Տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասում է՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի մեղքը հաստատված է, և փորձաքննությունն էլ հաստատել է դա: «Ինչ վերաբերում է Արամ Նավասարդյանի արարքի քրեաիրավական գնահատականին ու նրա մեղավորությանը, ապա այդ հարցի պատասխանը կտա դատարանը: Տուժող կողմը գտնում է, որ պարոն Նավասարդյանի արարքում հանցակազմն առկա է, և առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ձեռք բերված ապացույցներով, հետևաբար մինչև վերջ հետևողական ենք լինելու, որ նա ստանա համարժեք պատիժ»,- «Մեդիալաբին» ասում է Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք՝ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը նախ ասում է՝ իր պաշտպանյալը մարդկային մեծ ցավ է ապրել կատարվածի կապակցությամբ, հետո ընդգծում իրենց դիրքորոշումը՝ գումարտակի հրամանատարի արարքում հանցակազմ չկա:

«Փորձաքննություն է կատարվել, որի արդյունքներին համաձայն չենք: Ես գտնում եմ, որ դա լիարժեք փորձաքննություն չէ: Հաշվի առնելով այն, որ հետիոտնն անցել է մեքենայի առջևով ու նորից մի քանի քայլ հետ է եկել, ես գտնում եմ, որ վարորդը մեղք չունի, նա պետք է քրեական պատասխանատվությունից ընդհանրապես ազատվի»,-նշում է Բալոյանը:

Ավելին, ըստ փաստաբանի, փորձաքննությունը քննության առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ հետիոտնն անցնելուց հետո երեք քայլ հետ է եկել: «Այդ մասին տեսանյութ կա, որը դեռ դատաքննության ժամանակ օգտագործվելու է: Բազմաթիվ նման նախադեպեր են եղել, որ հանցակազմի բացակայության հիմքով գործերը կարճվել են»,- ասում է փաստաբանը:

Անդրադառնալով իր պաշտպանյալին չկալանավորելուն՝ փաստաբանն ասում է, որ այս դեպքում կալանքի մասին խոսք լինել չի կարող: Դիտարկմանը, թե հանրային ընդվզում կա, և հնչում են արտահայտություններ, որ չի կալանավորվել, ուրեմն արդարություն չկա, Բալոյանն արձագանքում է. «Ի՞նչ կալանքի մասին է խոսքը: Տեղի է ունեցել մահվան ելքով վրաերթ, և Հայաստանում երբ մահվան ելքով վրաերթ է տեղի ունենում, որևէ անձ չի կալանավորվում: Մենք չունենք նման պրակտիկա»:

«Պաշտպանն իր ցանկություններն է ասում, ընդամենը: Տուժողի իրավահաջորդը չի հավատում այս գործով նախաքննության օբյեկտիվությանը և իր հարցազրույցներից մեկում շատ ճիշտ հարցադրում էր արել՝ եթե վրաերթի ենթարկվածը լիներ Մարիամ Փաշինյանը, արդյոք անձը կլինե՞ր ազատության մեջ»,- արձագանքում է Րաֆֆի Ասլանյանը:

Նա վերահաստատեց ավելի վաղ «Մեդիալաբին» տված հարցազրույցում պնդումը, որ Արամ Նավասարդյանը դեպքից րոպեներ անց կանգնել է և ռադիոկապով փորձել է կազմակերպել վրաերթի ենթարկված անձի տեղափոխումը շտապօգնության միջոցով:

«Երեք րոպեի ընթացքում մեքենան եկել ու վրաերթի ենթարկված հետիոտնին տարել է հիվանդանոց: Արամ Նավասարդյանը գնացել է «Նաիրի» բժշկական կենտրոն, զանգել բաժնի վարիչին, հետաքրքրվել հետիոտնի որպիսությամբ ու ասել՝ փրկեք այդ աղջկա կյանքը: Այս ամենը գործի նյութերում կա, մարդիկ հարցաքննված են»,- ասում է Ռուբեն Բալոյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am