Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ու Հունաստանի պահվածքը համեմատող հոդված է հրապարակել։ Անդրադարձ է կատարվել Արևելյան տնտեսական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը.
Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:
«Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»:
Թուրքիայի վերաբերյալ Փաշինյանի վերոհիշյալ հայտարարությունը թուրքական կայքը դիտարկել է թուրք-հունական հարաբերությունների լարվածության համատեքստում՝ մասնավորապես նշելով.
«Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա լարվածությանն ուշադրությամբ հետևում է նաև միջազգային հանրութունը: Թուրքիայի ազդեցությունն Էգեյան տարածաշրջանում և Թուրքիայի միջնորդական դերը ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանին էլ են գործողությունների մղել: Վկա Փաշինյանի հայտարարությունը»։
Հրապարակման մեջ տեղեկատվություն է տրամադրվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ 2021-ից ի վեր: Հիշեցվում են Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև կայացած հանդիպումներն ու դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։