Ֆրանսիայի վերաքննիչ դատարանում սկսվել է Մարին Լը Պենի դատավարությունը

Ֆրանսիայի ծայրահեղ աջ ուժերի առաջնորդ Մարին Լը Պենը երեքշաբթի վերադարձել է դատարան՝ բողոքարկելու յուրացման գործով իր դատավճիռը, որի որոշումից կախված են նրա 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնկացելու հավակնությունները։

57-ամյա Լը Պենը փորձում է չեղարկել մարտին կայացված դատական որոշումը, որով նա մեղավոր է ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների չարաշահման մեջ։ Դատարանը նրան դատապարտել է հինգ տարի ընտրված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկման, երկու տարի տնային կալանքի՝ էլեկտրոնային թևնոցի կիրառմամբ, ևս երկու տարվա պայմանական ազատազրկման և 100 հազար եվրո (մոտ 116 800 դոլար) տուգանքի։

Դատարան ժամանելիս Լը Պենը լրագրողների հետ չի խոսել։ Դատավարության մեկնարկին նա լուռ կանգնել է երեք դատավորներից կազմված կազմի առջև, մինչ դատարանի նախագահը ներկայացնում էր գործի քննության պատճառները։ Դահլիճը լեփ-լեցուն էր լրագրողներով և քաղաքացիներով։

«Հուսով եմ՝ կկարողանամ համոզել դատավորներին իմ անմեղությունը», – երկուշաբթի լրագրողներին ասել էր Լը Պենը։ «Սա նոր դատարան է՝ նոր դատավորներով։ Գործը, այսպես ասած, նորից է սկսվում»։