Եթե մեր ազգը չարժևորեր անկախության գաղափարը, մեզ մոտ էլ կարող էին լինել քաղաքացիական պատերազմներ. Արմեն Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, շաբաթ օրը  ՀՀ Անկախության 33-րդ ամյակն էր։ Արդյոք այս տարիների ընթացքում կարողացա՞նք հասկանալ, գնահատել ու արժևորել անկախ պետություն ունենալը։

– Բարդ հարց է։ Խորհրդային ազգերից, հայ ազգից բացի, երևի ոչ մեկն այդքան լավ չի ընկալել անկախության գինը, արժեքը, գաղափարը, ու հենց դա էր պատճառը, որ անկախ 88-ի աղետի հետևանքներից, անկախ պատերազմից, անկախ բլոկադայից, որը տարիներ տևեց, անկախ այդ, ինչպես մեզանից հետո սկսեցին ասել՝ «մութ ու ցուրտ տարիներից», մեր ազգը, այո՛, հանուն անկախության, ազատության անցավ այդ դաժան ճանապարհով ու պատվով դուրս եկավ այդ բոլոր մարտահրավերներից։ 

Ու փառք ու պատիվ հանրապետության հայրերին, փառք ու պատիվ այն բոլոր մարդկանց, որոնք մասնակից են եղել պետության կայացմանը, ստեղծմանը ու, ամենակարևորը՝ փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ անտրտունջ, գիտակցելով այդ պահի պատմական լինելը, ուղղակի փառքով անցավ այդ պետականաստեղծ ժամանակահատվածը։ 

Եթե մեր ազգը չարժևորեր անկախության գաղափարը, մեզ մոտ էլ կարող էին լինել քաղաքացիական պատերազմներ, կարող էին խարխլվել պետական ինստիտուտները։ Այնպես որ, ես վերջերս տարածված բարբաջանքների ֆոնին, թե մենք իրական հայրենիք չենք ունեցել և այլն, հստակ ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդը աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որը հստակ գիտակցում է իր անցած պատմական ուղին։ 

Այս պետության ու անկախության թիվ մեկ թշնամիներն այն մարդիկ են, որոնք այսօր գտնվում են իշխանության կազմում։ Հայաստանի երրորդ հանրապետությանը իր պատմության մեջ որևէ մի ուժ, որևէ մի խումբ չի տվել այնքան վնաս, չի սասանել պետության հեղինակությունն այնքան, պետության գլխին այնպիսի սպառնալիքներ չի կուտակել, որքան այս քաղաքական ուժն ու իր լիդերը։ Դրա համար էլ իրենք ուզում են այդ անկախությունը, հաղթանակները արժեզրկել, որպեսզի կորուստը փոքր թվա, սա է, ուրիշ խնդիր չկա։ 

Իրենց հանցագործությունը պարտակելու համար ուզում են մեր ունեցած արժեքները զրոյացնել։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են արել, շատ լավ գիտեն, որ հինգհազարամյա հայրենիք են նվիրել թշնամուն իրենց ապաշնորհության, տգիտության, տհասության հետևանքով։ Մենք ու բոլոր քաղաքական ուժերը, անհատները, որոնց սիրտն ի վերջո ցավում է այս երկրի համար, այո՛, պետք է առաջին ու գլխավոր խնդիր՝ որպես այդպիսին, արձանագրենք այս իշխանության փոփոխությունը։

– Հաջողվո՞ւմ է արդարացնել իրենց արարքները, պարո՛ն Խաչատրյան։

– Իրավաբանների շրջանում տարածված խոսք կա, երբ ուզում են ասել, որ խնդիրը շատ հասարակ է, ասում են՝ «առաջին կուրսի իրավաբանն անգամ․․․», հիմա՝ տարրական գրագիտություն ունեցող մարդու համար պարզ է իրենց բերած աղետի ողջ սարսափելիությունը։ Տարրական տրամաբանություն, ընկալունակություն ունեցող մարդու վրա այդ պրոպագանդան չի կարող ազդեցություն ունենալ։ 

Ցավոք սրտի, մենք ապրում ենք պատմական մի ժամանակահատվածում, որտեղ տրամաբանելը համարվում է տգիտություն, գիտելիք ունենալը համարվում է հետամնացություն, փաստարկված խոսելը համարվում է այլոց կարծիքների վրա բռնություն, այնպես որ, հասարակության մեջ, ցավոք սրտի, կա շերտ, որի համար այդ պրոպագանդան, այդ մանիպուլյացիոն կեղտոտ հնարքները, պատմության ուրացումը լրջագույն հետևանքներ են թողնում։ Բայց ես վստահ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղն է դնելու, ու պատկերն ամբողջական է դառնալու, ու այս մարդիկ իջնելու են ջրի հատակը, վստահ եմ, որ մենք ճահճացման չենք գնալու, այլ գնալու ենք զուլալվելու ճանապարհով։ 

– Դրա համար նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Նախադրյալը ազգի գիտակցությունն է, ու, փառք Աստծո, դեռ կան առողջ ուժեր, առողջ մարդիկ, ռեալ Հայաստանի վերաբերյալ կա կոնցեպտը, այդ գործընթացը լինելու է։ Իհարկե, մենք մի վայրկյան անգամ չէինք մտածում, որ հնարավոր էր լինելու Արցախ կորցնել, բայց մեկ էլ․․․ Հրանտ Մաթևոսյանի ականջը կանչի՝ «Բա գաս, գաս, հասնես այս լուսավոր 21-րդ դար», ու այդ հինգհազարամյա հայրենիքդ նվեր տաս ուրիշին, որովհետև դու տգե՞տ ես։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am