Անահիտ Բախշյանին հրավիրել են ԱԱԾ. Factor.am

«Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Անահիտ Բախշյանը:

Նա ասաց, որ իրեն ԱԱԾ հրավիրել են մեկ շաբաթ առաջ:  «Ես գործով տուժողի իրավահաջորդն եմ, իմ բողոքի հիման վրա գործը վերաբացվել է, կանչել էին, որպեսզի քննչական խումբ ձևավորելու վերաբերյալ որոշումը տային»,- հայտնեց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Անջատված այդ մասը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին և հովանավորներին: Այս գործի վարույթը կարճվել էր 2004 թ. նոյեմբերի 11-ին՝ նախաքննությունն իրականացնող քննիչի որոշմամբ:

Նախաքննական մարմինը հանցակիցների դրվագով արձանագրել էր հանցագործության դեպքի բացակայություն, երկու անձանց կողմից ապօրինի կերպով զենք ու զինամթերք ձեռք բերելու և գործածելու դրվագով՝ ապացույցների անբավարարություն, հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու դրվագով՝ հանցակազմի բացակայություն:

Factor.am-ի հարցին ի պատասխան, թե Անահիտ Բախշյանից զատ էլ ովքեր են հրավիրվել ԱԱԾ, կառույցի մամուլի բաժնից գրավոր հարցում պահանջեցին: