Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դեռ չի կալանավորվել․ Factor.am

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դեռևս ազատության մեջ է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, երեկ որոշում էր կայացրել բավարարել Գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորել Հովսեփյանին, իսկ խափանման միջոց 30 միլիոն դրամ գրավը՝ վերադարձնել, գրում է Factor.am-ը։

Դատարանի որոշումը երեկ է կայացվել, սակայն այն մինչ այս պահը դեռ չի ներկայացվել «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, որի հիման վրա կարողանան կալանավորել փոխքաղաքապետին։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը՝ հիմնարկն իրավունք չունի առանց վարույթն իրականացնող մարմնի որոշման ընդունել կալանավորին։

Երեկվանից ինքնակամ «Գորիս» ՔԿՀ ներկայացած, սակայն այդպես էլ չկալանավորված Հովսեփյանն այս պահին դատարան է գնացել՝ հասկանալու, որոշման տրամադրման ձգձգումն ինչի՞ հետ է կապված։

«Գուցե փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հետո ասեն, թե իբր Մենուա Հովսեփյանը կարգ է խախտել և սահմանված 30 մլն գրավը չպետք է վերադարձնել»,- Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով): Երկու ամսով կալանավորված մնալուց հետո՝ հոկտեմբերի 14-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանի գլխավորությամբ կայացած նիստում, որոշում էր կայացվել 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին: