«Առավոտյան զանգեցին, ասեցին՝ սիրտը կանգնեց»․ քույրը հիշում է եղբորը՝ «պատերազմի դաշտից զանգում երգում էր՝ «Գինի՛ լից»

Հայկի տարերքը երգն էր, սիրում էր հայրենասիրական երգեր երգել։ Քույրը՝ Հայարփին, պատմում է, որ անգամ պատերազմի դաշտից եղբայրը զանգում էր ու երգում՝ «Զարկե՛ց ճակտին, փռե՛ց գետին, Գինի՛ լից, ընկե՛ր ջան, գինի՛ լից, Խմողաց անուշ», քրոջն էլ հանգստացնում էր, որ եթե մարտի դաշտում լիներ, ինչպե՛ս կարող էր ժամանակ գտնել ու երգել։

«Հայկը ձայնային լավ տվյալներ ուներ ու շատ էր սիրում երգել նաև Я признаю Арцах երգը։ Ես միշտ ինձ հարց եմ տալիս՝ տեսնես վիրավորվելու օրը ինքն ի՞նչ էր երգում, որովհետև չէր կարա չերգել»,- արցունքների միջից ասում է Հայարփին։

Հայարփի Սուքիասյանը հուզվում է՝ հիշելով 2020-ի հոկտեմբերի 25-ը, երբ իմացել է, որ եղբայրը ծանր վիրավորվել է, և ուղղաթիռով Արցախից Երևան են տեղափոխել։

«Հիվանդանոց էին տեղափոխել, գնացի, տեսա, ճանաչեցի, կոմայի մեջ էր։ Ամսի 29-ի առավոտյան ժամը 7-ն անց 10 զանգեցին, ասեցին՝ սիրտը կանգնեց, գիտակցության չգալով էլ եղբայրս մահացավ»,- հուզմունքով ասում է քույրը։

Հայարփին պատմում է, որ եղբայրը Ռուսաստանում էր բնակվում մոր ու եղբոր ընտանիքի հետ, չնայած ընտանիքը դեմ է եղել, սակայն Հայկը 2020-ին, բոլորին ընդդիմանալով, վերադարձել է Հայաստան և մեկնել ծառայելու։

«Իրա մեջ էնքան հայրենասիրություն կար, Արցախն ուրիշ ձևի էր սիրում, ասում էր՝ անպայման Արցախում եմ ծառայելու։ 2020-ի հունվարի 10-ին ճանապարհեցինք»,- ասում է Հայարփին։

Հայկ Սուքիասյանը 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմն սկսվել է։ Հայկը թշնամու դեմ պայքարել է Մարտունիում, Ջրականում, Վարանդայում։

Ջրականում 9 օր հայտնվել է շրջափակման մեջ, շրջափակումից ինքնուրույն դուրս գալուց հետո տեղափոխվել է Վարանդա, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Հոկտեմբերի 23-ին անօդաչուն հարվածել ա, 17 տղաներ են եղել, որոնցից ողջ են մնացել միայն երկուսը»,- ասում է Հայարփին։

Հայկի զոհվելուց հետո երկու տարի է՝ Սուքիասյանների կյանքը դատարկվել է, ժամանակը կանգ առել։

«Անգամ չեմ ուզում հայրական տուն գնալ, որ մտնում եմ ներս՝ եղբայրս՝ տխուր, մայրս՝ տխուր, ահավոր ա շատ, կարոտը խեղդում ա, ամեն ինչ իրան ա հիշեցնում։ Ես մինչև հիմա չեմ հաշտվում»,- ասում է քույրը ու հուզվում։

Հայկը ընտանիքի փոքր որդին էր, Հայարփին ասում է՝ բոլորը նրան շատ էին սիրում։ «Մեզ համար ինքը մի ուրիշ աշխարհ էր, քանի որ մեր փոքրն ա եղել, մենք հինգն ենք, իրան ուրիշ ձևի էինք սիրում»։

Հայկ Սուքիասյանը հուղարկավորվել է ծննդավայրում՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի գերեզմանատանը՝ հոր կողքին։

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am