«Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության 4 աշխատակից բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին: Այցի ընթացքում պարզվել է, որ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ վարչական ձերբակալման է ենթարկվել 10 անձ:

Բացի դրանից, ըստ Ոստիկանության պարզաբանման՝ բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիայի» պահնորդական ընկերության թվով 4 աշխատակից՝ խուլիգանության կասկածանքով: Բաժնում գտնվելու ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել այդ պահին բաժնում գտնվող անձանց, այդ թվում՝ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամներ Վահագն Վարագյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի հետ, ուսումնասիրել նրանց վերաբերող փաստաթղթերը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանը ներկայացուցիչները մշտական կապի մեջ են Ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։