Ամառվա շոգին ընդառաջ. խորհուրդներ ոստիկանությունից. տեսանյութ

Ոստիկանությունից հաղորդում են.

«Շոգերի սաստկացման հետ աճում է անտառածածկ տարածքների հրդեհների հավանականությունը, չորային եղանակի պայմաններում վտանգված են նաև շենք-շինությունները, շոգը որոշակի բարդություններ է առաջացնում առողջության պահպանման հարցում: Ցածրադիր վայրերի անտանելի շոգից կարծես հալչում է ամեն ինչ, ու նաև մարդկանց զգոնությունը, իսկ սա արդեն մեր թեման է:

Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի թողեք փող ու թանկարժեք իրեր, մի կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները:
Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը»: