«Ռուսաստանն ակնկալում է, որ Երևանը կվերսկսի լիարժեքորեն մասնակցել ՀԱՊԿ գործունեությանը», – այսօր Վլադիվոստոկում՝ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերությունը Հայաստանի հետ ամբողջությամբ կվերսկսվի»,-նշել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է դաշինքի լիիրավ անդամ մնալ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»։
«Այժմ, սակայն, Հայաստանի ղեկավարությունը այդ համագործակցությունից հեռանալու քաղաքականություն է որդեգրել։ Դա, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին», – պնդում է Մարիա Զախարովան։